Թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու ՎԱՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆԻՆ շատերը գիտեն ռեմարկյան գրքերի թարգմանությամբ։ Վանուհին հետթեկնածուական հետազոտություն է կատարել Գերմանիայում, Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հենց սկզբից էլ ինչ-ինչ գործընթացներ էր իրականացնում. նամակներ, ուղերձներ օտարերկյա պաշտոնյաներին, կազմակերպություններին։
-Ակցիան սկիզբ առավ Ֆեյսբուքից, նույն նպատակի շուրջ համախմբվեցին շատ գերմանագետներ, գերմանախոսներ Հայաստանից և Սփյուռքից, համատեղ փորձեցինք ահազանգ հնչեցնել՝ ուղղված Գերմանիայի կառավարության և Եվրախորհրդարանի պատգամավորներին՝ անհատապես նույն պահանջ-ակնկալիքով նամակներ հղելով նրանց,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց Վանուհի Բաղմանյանը։
-Ի՞նչն եք շեշտադրում նամակներում։
-Բոլորիս նամակները՝ անհատական ձևակերպումներով, միևնույն շեշտադրումն ունեին՝ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների գործադրում, ի մասնավորի՝ զինավաճառքի արգելք:
-Ի՞նչ արդյունք եք արձանագրել։
-Այս ամենի արդյունքը Բունդեսթագում և Եվրախորհրդարանում խնդրի բացեիբաց քննարկումն է, շատ պատգամավորների բարեխիղճ պահանջը Գերմանիայի կառավարությունից՝ այլևս զենք չվաճառել Թուրքիային: Որքան էլ սա մեզ հասարակ բան թվա, ստիպված եմ փաստել, որ Գերմանիայում Թուրքիային դեմ խոսելը, ավելին՝ նրա նկատմամբ պատժամիջոցներ պահանջելը, մեծ ռիսկ է, ուստի հարգանքի են արժանի այն պատգամավորները, որոնք գնում են այդ քայլին: Կան պատգամավորներ, որ իրենց անզորությունն են խոստովանում կանցլերի հանդեպ, որքան էլ նույն պահանջով են հանդես գալիս, ուստի, որպես նվազագույն օգնություն, գումար են նվիրաբերում «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Ի վերջո, այս շարժման արդյունք պիտի դիտարկել նաև գերմանացի պատգամավորների այցելությունը Արցախ:
-Ի մի բերելով՝ ինչպիսի՞ն է Գերմանիայի քաղաքական վերնախավի ու հասարակության ամենատարբեր շերտերի տրամադրվածությունը։
-Քաղաքական վերնախավի տրամադրվածության պատկերը, կարծում եմ, ամբողջացավ վերևում ասվածից, իսկ շարքային քաղաքացիները մեծ մասամբ դիտորդի կարգավիճակում է: Իրենց սեղանների տակ թաքնված, իբրև թե քեզ համար անհանգստացած՝ հետաքրքրվում են, բայց հասկանում ես, անշուշտ, որ իրենց ահազարհուր թշնամու մահն են ուզում մեր ձեռքով: Կան ազնիվ, բարեխիղճ շատ գերմանացիներ, որոնք իրենց օգնությունն են առաջարկում և գումար են փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ