«Իրատեսի» զրուցակիցն է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆԸ:
- Տիկի՛ն Սամսոնյան, Հայաստանը պատերազմի մեջ է: Թշնամու առաջին թիրախը խաղաղ բնակչությունն է, ենթակառուցվածքներն են, մասնագիտական պարտականություններն իրականացնող զանգվածային լրատվության միջոցներն են, այդ թվում՝ արտասահմանյան: Ձեր միջազգային գործընկերների հետ զրույցներում, քննարկումներում ի՞նչ եք ընդգծում` մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի փոխնախագահն եք:
-Ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Արցախը միջազգային իրավունքի շրջանակներից բխող քաղաքակիրթ պատերազմ Ադրբեջանից երբևէ չեն սպասել: Լավ գիտենք, թե ով է Ադրբեջանը: Մինչև այսօր մենք տեսել ենք թե՛ հայտարարություններով, թե՛ ագրեսիվ կոչերով, թե՛ հակահայկական հռետորաբանությամբ, որ Ադրբեջանն այնպիսի հակառակորդ է, որը պատրաստ է ամեն ինչի, և դա այսօր ամբողջ աշխարհին է ցույց տալիս: Բնականաբար, Ադրբեջանին անհրաժեշտ են Արցախի տարածքները, տեղի մարդիկ Ադրբեջանին երբևէ չեն հետաքրքրել, և դրանով է պայմանավորված, որ 1988-ից փորձել են էթնիկ մաքրումներ անել, հայաթափել Արցախը: Հենց դա է պատճառը, որ այսօր թիրախավորված է քաղաքացիական բնակչությունը, որովհետև Արցախն Ադրբեջանին պետք է առանց արցախցիների: Սա խոսում է նաև այն մասին, որ Ադրբեջանը պատմական որևէ իրավունք այս տարածքների վրա չի ունեցել: Սա արցախահայության բնօրրանն է, և արցախցին այնտեղ խաղաղ ապրելու, խաղաղ կենսագործելու իր իրավունքը միշտ պաշտպանել է ու պաշտպանելու է: Սա ենք փորձել միշտ հասցնել միջազգային հանրությանը և փորձում ենք հասցնել նաև այսօր: Ադրբեջանն օգտագործում է արգելված զինատեսակներ, որոնք մեծ վնաս են հասցնում հենց քաղաքացիական բնակչությանը, թիրախավորում են հատուկ ենթակառուցվածքները: Ադրբեջանը, ի վերջո, երեխա է սպանել Արցախում: ՀՀ-ն երեխա չի սպանել: Սա Ադրբեջանի դեմքն է, և միջազգային հանրությունը պիտի հասկանա՝ ով է իրական ագրեսորը: Բայց, ցավոք, այսօր դատապարտումներն ու կոչերն ուղղվում են երկու կողմերին: Եվ քանի որ կոչերն ուղղվում են երկու կողմերին, ոչ թե նրան, ով ագրեսիայի ակտ է կատարել, շարունակում է խախտել միջազգային իրավունքը, միջազգային մարդասիրական իրավունքը, այս անհասցեականությունը դառնում է անարդյունավետ, որովհետև այդ կոչերի ու դատապարտումների համար որևէ մեկը պատասխանատվություն չի վերցնում: Այս ընթացքում թուրք-ադրբեջանական գործողությունների առնչությամբ ահռելի քանակությամբ փաստեր են հավաքագրված: Դրանք վերաբերում են քաղաքացիական բնակչության դեմ ուղղված հանցագործություններին, վարձկաններ հավաքագրելուն, տարածաշրջան ահաբեկիչներ բերելուն և, փաստորեն, նաև ահաբեկչության աշխարհագրությունն ընդլայնելուն: Այս բոլոր փաստերը փաստաթղթավորված են, ուղարկվում են համապատասխան մարմիններին: Մենք ինքներս փորձում ենք այդ տեղեկությունը փոխանցել մեր ընկերներին, բայց, ամեն դեպքում, տեղեկատվությունը բաց է, և աշխարհը կարող է տեսնել՝ ինչ է կատարվում:
-Լրատվամիջոցները թիրախ դարձնելը, ֆրանսիացի մեր գործընկերների ծանր վիրավորվելը, որ մեզնից 10 մետր այն կողմ էին գտնվում, կարծես թե ակներև ցուցում-փաստարկներ են միջազգային հանրության համար: Օրինակ, լրատվամիջոցների մասով եղե՞լ են դատապարտող հայտարարություններ:
-Լրատվամիջոցների մասով դատապարտող հայտարարություն ես չեմ տեսել, բայց գիտեմ, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում այդ բոլոր փաստերը տեղ են գտել և ուղարկվել համապատասխան մարմիններին: Երկու շատ կարևոր փաստ վկայում է այն մասին, որ Ադրբեջանն իրականում փորձում է ամեն կերպ խոչընդոտել, որ ճիշտ տեղեկատվությունը հասնի միջազգային հանրությանը: Առաջինն այն է, որ դեռևս մարտական գործողությունները չսկսած՝ Ադրբեջանում հայտնվում են թուրք լրագրողներ, և մուտքը փակ է լինում միջազգային մյուս լրագրողների համար. մյուս դեպքում, երբ Արցախում հայտնվում են միջազգային լրագրողներ, և մեր պաշտպանության նախարարությունը, պաշտպանության բանակը փորձում են ամեն կերպ ապահովել լրագրողների բնականոն աշխատանքը, որպեսզի լրագրողները կարողանան իրողությունը ձայնագրել, տեսագրել, հասցնել հանրությանը, դրան փորձում են խոչընդոտել: Եվ դրա համար են լրագրողները հատուկ թիրախավորվում: Սա ակնհայտ փաստարկ է այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատերազմական հանցագործ է:
-Կան մի շարք կոնվենցիաներ, նորմեր, որոնք խաղաղ բնակչության թիրախավորումը ռազմական հանցագործությունների շարքին են դասում: Պարզ է, որ սա հետագայի գործընթաց է, այնուամենայնիվ, այս պահին, բացի փաստերի հավաքագրումից այլ աշխատանքներ տարվու՞մ են այդ ուղղությամբ:
-Փաստերը հավաքագրելը միայն բավարար չէ: Փաստերը պիտի ուղարկել հասցեատերերին: ՈՒղարկվում են միջազգային կառույցներ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ներկայացուցիչը դիմել է երկու անգամ, այս աշխատանքը տվել է իր արդյունքը, որովհետև ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել միջանկյալ միջոց կիրառել և Թուրքիային կոչ է արել չմիջամտել ռազմական գործողություններին և չթիրախավորել քաղաքացիական բնակչությանը:
-Բայց դրանից անմիջապես հետո կրկին հրթիռակոծվում էին Ստեփանակերտն ու Շուշին:
-Այո՛, բայց սա խոսում է այն մասին, որ միջազգային կառույցն ամրագրել է` տեղի է ունեցել մարդկության դեմ հանցագործություն, թիրախավորվել է քաղաքացիական բնակչությանը։ Բայց, փաստորեն, Թուրքիայի ու Ադրբեջանի համար այդ բոլոր որոշումները ոչինչ են: Այս երկու երկրները վաղուց իրենց դուրս են դրել թե՛ միջազգային իրավունքներից, թե՛ մարդասիրական միջազգային համակարգից: Այս երկրների համար որևէ բան նշանակություն չունի: Եվ վրդովեցուցիչ է, որ միջազգային հանրությունը, տեսնելով, որ Թուրքիան ու Ադրբեջանը խարխլել են միջազգային իրավական համակարգը, շարունակում է անհասցե կոչեր անել` ուղղակիորեն խրախուսելով այդ ագրեսիվ գործողությունները Արցախի ու Հայաստանի նկատմամբ:
-Ինչու՞: ՈՒնե՞ք բացատրություն:
-Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող ագրեսիան չդատապարտվեց, և այդ լռությունը հանգեցրեց նրան, որ նույնը հիմա կատարվում է մեր տարածաշրջանում և կատարվում է Արցախի դեմ:
-Գուցե նավթադոլարնե՞րն են պատճառը: Կա՞ այդ գործոնը:
-Ես կարծում եմ՝ կա երկու պատճառ. առաջինը աշխարհագրությունն է: Իմ ընկալումներով՝ աշխարհագրությունն այստեղ այնքանով դեր ունի, որ մինչև ահաբեկչության վտանգը չհասնի Եվրոպա, Արևմուտք, չեն գիտակցի, որ դա կարող է շարունակվել և տարածվել աշխարհով մեկ: Եվ դա վտանգ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի, այլև հարևան Վրաստանի, Իրանի և Ադրբեջանին սահմանակից բոլոր երկրների համար: Եվ եթե թույլ ենք տալիս, որ Թուրքիան ու Ադրբեջանն ընդլայնեն ահաբեկչության աշխարհագրությունը և մնան անպատիժ, պարզ է, որ նրանք չեն սահմանափակվի մեր տարածաշրջանով: Չէ՞ որ վարձկանների հավաքագրումը պատասխանատվություն է ենթադրում: ԵԱՀԿ-ն ուշադրությունը կենտրոնացնում է ահաբեկչության վրա, անհանգստություն է հայտնում ահաբեկիչների ներգրավման առնչությամբ աշխարհագրությամբ, բայց չի դատապարտում, երբ փաստեր ենք ներկայացնում: Ես կարծում եմ՝ այս բոլոր հարցերը պիտի կարողանանք քննարկման առարկա դարձնել:
-Իսկ երկրո՞րդ պատճառը:
-Տնտեսական և քաղաքական հարաբերություններն են Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Մենք գիտակցում ենք և միշտ հաշվի ենք նստել այն փաստի հետ, որ թե՛ ԵՄ-ը, թե՛ ԱՄՆ-ը, թե՛ ՌԴ-ն ունեն քաղաքական և տնտեսական հարաբերություններ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Բայց հարցը հետևյալն է. եթե քաղաքակիրթ աշխարհը հայտարարում է, հռչակում է, որ այսուհետ աշխարհը պիտի աշխատի միջազգային իրավունքի կանոններով, որ ամրապնդում են խաղաղություն, ապահովում անվտանգություն, պաշտպանում անմեղ քաղաքացիներին և մարդու իրավունքները, այդ սկզբունքները պաշտպանելու պատասխանատվություն էլ պետք է ստանձնի: Այսինքն՝ մենք չպիտի խնդրենք այդ բոլոր կառույցներին, որ դատապարտեն հարձակումը իրենց իսկ հռչակած արժեքների վրա:
Զրույցը՝
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ