-Ինչպե՞ս եք գնահատում այս օրերին միջազգային հանրության պահվածքը, դիրքորոշումը ռազմական գործողություններին։
-Միջազգային հանրության մոտեցումները կարելի է երկու մասի բաժանել. առաջինը՝ անկողմնակալ և հավասարակշռված հայտարարություններ, որոնք կողմերին կոչ են անում զերծ մնալ ռազմական գործողություններից և բանակցություններ սկսել, երկրորդը՝ որոշ կողմնակալություն կամ ուղերձներ պարունակող հայտարություններ, որոնցում կոչ է արվում երրորդ երկրներին չխառնվել գործընթացներին։ Ակնհայտ է, որ «երրորդ երկիր» ասելով նկատի ունեն Թուրքիան։ Այս տեսակ հայտարարությունները շատ կարևոր են, որպեսզի մեծ արձագանք ստանա խնդիրը։ Այս տեսանկյունից կարելի է առանձնացնել Ֆրանսիայի, Հունաստանի, Կիպրոսի և այն պետությունների հայտարարությունները, որոնք ոչ լավ հարաբերությունների մեջ են Թուրքիայի հետ։
-ՈՒշադրությունն ավելի մեծ է Ռուսաստանից եկող հայտարարությունների, գործողությունների հանդեպ։ Ռուսաստանի դիրքորոշումը պատերազմի օրերին, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է։
-Որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, Ռուսաստանը պետք է հայտարարություններում ավելի զուսպ լինի, հավասարակշռված։ Կարծում եմ, սա բոլորին հասկանալի է։ Իսկ թե ինչ քննարկումներ են գնում Ռուսաստանի և Հայաստանի միջև, դժվարանում եմ ասել։ Հայտնի է, որ նախօրեին կրկին Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց է եղել, սա բավական ինտենսիվ շփման մասին է խոսում, եթե հաշվի առնենք նաև, որ այս ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հետ ՌԴ ղեկավարը որևէ շփում չի ունեցել։
-Օրերս Արցախում խաղաղապահների տեղակայման մասին հարց բարձրացվեց, Փաշինյանն ասաց, որ դա պետք է Մինսկի խմբում լայն քննարկման հարց դառնա։ Այս առումով ի՞նչ կարծիք ունեք։
-Չեմ կարծում, որ խաղաղապահների տեղակայման մասին քննարկումներ եղել են։ Նախ պիտի հասկանալ, թե ինչ խաղաղապահներ, ինչ կոնտինգենտ են լինելու, հետո հասկանալ` հնարավո՞ր է նման բան, թե՞ ոչ։ 90-ականների սկզբին էլ քննարկվում էր խաղաղապահների ներգրավվածության հնարավորությունը, հետագայում ևս այդ հարցին անդրադարձ եղավ, բայց 30 տարիների ընթացքում ընդհանուր հայտարարի չեն եկել, որովհետև առաջնային հարց է, թե դրանք ում հովանու ներքո պիտի լինեն՝ ՄԱԿ-ի՞, ԵԱՀԿ-ի՞, ՀԱՊԿ-ի՞, թե՞ որևէ այլ պետության։ Հաջորդ հարցն էլ այն է, թե որքանով է արդյունավետ խաղաղապահների տեղակայումը։ Ավելին, նրանց ներկայության համար կարևոր նախապայման է երկու կողմերի համաձայնությունը։ Եթե կողմերից մեկը համաձայն չէ, ապա խաղաղապահներ չեն կարող տեղակայվել։
-Սփյուռքահայությունն այս օրերին ակտիվ բողոքի ակցիաներ է անում տարբեր քաղաքներում։ Այդ ցույցերն ինչպե՞ս եք գնահատում։
-Կարևոր է, որ տվյալ երկրների իշխանությունների, հանրության, մամուլի, քաղաքական գործիչների ուշադրությունը հրավիրեն այս գործընթացի վրա, որպեսզի այդ պետությունների ղեկավարները նույնպես իրենց քաղաքականությունը ճիշտ կառուցեն ու ձևավորեն։ Իհարկե, որպես գերտերություն, կարևոր է ԱՄՆ-ի գործոնը, որտեղ հայկական մեծ սփուռք կա։ Էական է, որ զգալի ճնշում լինի մամուլի վրա, որպեսզի իրողությունները անաչառ ներկայացվեն, ցույց տան Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան։ Այս առումով հաջողությունների հասնել հնարավոր է։
-Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ում նախընտրական շրջան է, հնարավո՞ր է հայկական լոբբին թեկնածուններին ստիպի հետևողականություն ցուցաբերել Արցախում կատարվող գործողություններին։
-Չեմ բացառում, որ դա հնարավոր է։ Չնայած նախընտրական իրավիճակը, չի նշանակում, որ մնացած ինստիտուտները, պետդեպը, նախագահի ինստիտուտը չեն աշխատում։ Այսինքն, չի բացառվում, որ ԱՄՆ-ից ռազմական գործողությունների վերաբերյալ հայտարարություններ կարող են լինել։
-Հաշվի առնելով, որ նաև տեղեկատվական պատերազմում ենք, միջազգային լրատվամիջոցների արձագանքն ինչպե՞ս եք գնահատում, և արդյոք իրականությունը ճիշտ լույսի ներքո՞ է ներկայացվում։
-Միջազգային մամուլն այն ճիշտ հանգրվանն է, որի հետ մենք պիտի աշխատենք։ Այն այս հարցի շուրջ ձևավորում է միջազգային հանրության կարծիքը։ Ցավոք, մենք միջազգային մամուլի, հատկապես ամերիկյան մամուլի հետ ակտիվ չենք աշխատել վերջին տարիներին, համագործակցության լուրջ հիմքեր չենք դրել ի տարբերություն ադրբեջանցիների։ Նրանք հստակ շահեր ներկայացնող գործիչներ ունեն, որոնք ամերիկյան առաջատար պարբերականներում գրում են այն, ինչ Ադրբեջանին ձեռնտու է։ Սա պետք է մեզ դաս լինի, որ հետագայում նման աշխատանք կարողանանք պարբերաբար իրականացնել։
-Հայաստանի այսօրվա արտաքին ուղերձներն աշխարհին ընկալելի՞ են, դրանք ճի՞շտ են ձևակերպված։
-Դրանք համարժեք են իրավիճակին, բխում են այսօրվա գործողությունների տրամաբանությունից, ուղերձներն էլ ժամանակին են և տեղին։ Այս օրերին պետական համակարգի, ժողովրդի համախմբված աշխատանքը դրական արդյունք տալիս է։
-Արցախի ԱԳՆ-ն դիմել է միջազգային հանրությանը, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը։ Ի՞նչ արձագանք կունենա այս կոչը, և որոշակի արդյունք կարելի՞ է ակնկալել։
-Կարծում եմ, որ արդյունք հնարավոր է ակնկալել, եթե որոշ պետությունների հետ համապատասխան աշխատանք տարվի, հատկապես լատինամերիկյան երկրների։ Մանավանդ մամուլում ժամանակին կար տեղեկություն, որ որոշ երկրներ պատրաստվում են ճանաչելու Արցախի անկախությունը։ Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է նման աշխատանք կատարելու համար։
-Սակայն որոշ երկրներ խուսափում են այդ քայլից՝ պատճառաբանելով, թե անգամ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը։
-Հայաստանը չի ճանաչել, որպեսզի բանակցային գործընթացը չխաթարի։ Սա է պատճառը, որ Հայաստանը նման քայլի չի դիմում։ Բայց հիմա, երբ բանակցություններ չկան, Հայաստանն էլ կարծես վերանայում է իր մոտեցումը։ Այնպես որ, մեր ճանաչումը կամ չճանաչումը, չեմ կարծում, որ էական խոչընդոտ կարող է լինել միջազգային նման գործընթաց սկսելու համար։
-Արդարացվա՞ծ է միջազգային հանրության հանդեպ այն մեծ դժգոհությունը, որ այսօր Հայաստանում կա, թե՞ այդ կրավորական պահվածքը նաև մեր արտաքին վատ աշխատանքով էլ է պայմանավորված։
-Գուցե կարելի էր էլ ավելի ակտիվ աշխատել միջազգային հանրության հետ։ Բայց այն, որ միջազգային հանրությունն ավելի սուբյեկտիվ է իրավիճակը գնահատում, քան մենք կցանկանայինք, փաստ է։ Դրա համար միշտ պիտի արդյունավետ աշխատել այդ հանրության հետ՝ ոչ միայն ռազմական գործողությունների ժամանակ, այլև խաղաղ պայմաններում։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ