«Եթե այս հրդեհը տարածվի, հանգցնել այլևս չի լինելու»
02.10.2020 | 00:21
Այն, ինչ կատարվում է այսօր Արցախում, բազմաթիվ երկրների շահերին է առնչվում, սակայն Թուրքիայի մեծ նպատակների իրագործումը, տարածաշրջանը եռման կաթսա դարձնելու փորձերը, առայժմ կանխում է միայն հայոց բանակը։ Այս վիճակը երկար չի կարող շարունակվել, առանց դաշնակիցների, ընդհանուր շահերի համադրմամբ թուրքական աշխարհի դեմ կանգնելը բարդ է։ ՀԴԿ ղեկավար ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում խոսեց առկա իրավիճակի և Թուրքիայի նպատակների մասին։ Հարցազրույցը կարող է լիկբեզ լինել ողջ իշխանության համար, որպեսզի, ի վերջո, հասկանան, թե ինչ է կատարվում, ով է մեր հակառակորդը և ինչ հեռահար ծրագրեր ունի։
-Արցախի վրա հարձակման գործում Թուրքիան անմիջականորեն ներգրավված է։ Ի վերջո, հասկանանք, թե որն է Թուրքիայի իրական շահն այս տարածաշրջանում, ի՞նչ շահագրգռություն ունի։
-Առնվազն վերջին հինգ տարիներին նաև Ձեր թերթով Թուրքիայի նպատակներից մեկի մասին բարձրաձայնել եմ, որ Թուրքիան իր դարավոր երազանքն իրականացնելու համար Նախիջևանում լուրջ նախապատրաստվում է։ Այն է՝ թուրքալեզու երկրներին մեկ «տանիքի» տակ միավորել։ Սա այսօր արդեն փաստ է։ Այս պատերազմն արդեն լոկալ բնույթ չունի, դրանում ներքաշված է Թուրքիան, որի առաջին նպատակը Անդրկովկասում ոտքը պնդացնելն է, թուլացնել Ռուսաստանի և Իրանի ազդեցությունն այստեղ, փորձել ցամաքային կապ հաստատել եղբայրական Ադրբեջանի հետ և միասնական պետություն կերտել։ Եթե Թուրքիային սա հաջողվի, նա կշարունակի իրականացնել հաջորդ ծրագիրը, որը մի քանի ամիս առաջ կայացրեց Բաքվում, իմա՝ ձևավորել թուրքալեզու պետությունների միություն։ Եթե այս գաղափարը նրանք փորձեն իրականացնել, աշխարհի շատ երկրներ են «լաց» լինելու, որովհետև դա հանգեցնելու է պանթուրքական միության, որը դառնալու է աշխարհաքաղաքական բևեռներից մեկը։ Ի դեպ, Թուրքիան սրանով էլ կանգ չի առնելու. նյուօսմանական գաղափարախոսության հիման վրա ձևավորվելու է նոր իմպերիա։ Պիտի նկատի ունենալ, որ այսօր Թուրքիան տարբեր ուղղություններով է աշխատում՝ Լիբիա, Սիրիա, Կիպրոս, Հունաստան, Եգիպտոս, Իրաք։ Սա արդեն ապացուցում է, թե ինչ նկրտումներ ունի Էրդողանը, որը աուլի մտածելակերպով եկել ու ուզում է դառնալ սուլթան, Աթաթուրքին պատմության էջերից հետ գցել ու ինքը դառնալ առաջինը։ Սա նրա անձնական հավակնությունն է։
Հաջորդ փուլում Թուրքիան ցանկանում է պանիսլամական աշխարհը միավորել, որի ուրվագծերն արդեն երևում են։ Դեռ մեկ տարի առաջ Էրդողանը Պակիստանի և Մալայզիայի վարչապետների հետ ստեղծեց վերլուծական և քարոզչական համատեղ կենտրոն, որը կատարելու է նաև ռազմական ծրագրերի մշակում և գործադրում։ Հիշեցնենք, որ Պակիստանն առայժմ չի ճանաչել Հայաստանի Հանրապետությունը, թշնամական վերաբերմունք ունի մեր հանդեպ, աջակցում է Ադրբեջանին։ Նույն իրավիճակն է Աֆղանստանի պարագայում։ ՈՒ կասկածից վեր է, որ Թուրքիան իր ծրագրերի երրորդ փուլում պանիսլամական երկրներն է միավորելու։ Այս ամենը հատուկ եմ ընդգծում և դիմում եմ տարբեր երկրների ղեկավարներին և առաջին հերթին մեր ղեկավարությանը, որ այս ամենը լուրջ քննարկման առարկա դարձնեն, շատ արագ, օպերատիվ միջոցներ ձեռնարկեն, որոնք կանխելու են այսպիսի հնարավոր զարգացումները։ Իսկ այն, որ դա արդեն սկսել է իրականացվել, կասկածից վեր է։ Նիկոլ Փաշինյանն արդեն ասում է, թե Թուրքիան պատճառ է փնտրում, որ ներքաշվի այս կոնֆլիկտում։ Սա ուշացած արձանագրում է, բայց գոնե արդեն հասկանում են իրավիճակի լրջությունը։
-Թուրքիայի այս ծրագրերի պատճառով, անշուշտ, միայն Հայաստանը չի տուժելու, ո՞ր երկրները նաև պիտի մտահոգվեն։
-Առաջին հերթին Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը։ Ռուսաստանում մուսուլմանական մեծաքանակ ժողովուրդներ կան, որոնց մեջ քիչ չեն թրքալեզուները։ Չինաստանում կա ույղուրների խնդիրը, որոնք ամեն տարի ինչ-որ առիթով ապստամբում են։ Իրանում էլ 20 միլիոնից ավելի թրքալեզու ժողովուրդ կա։ Այս ամենը խոսում է այն մասին, որ Եվրասիայի գլխին կախվել է շատ լուրջ վտանգ։
-Ձեր նշած պետություններն այս ռազմական գործողությունների ընթացքում, եթե ոչ չեզոք, ապա բավական ժլատ էին իրենց հայտարարություններում։ Երկու կողմին՝ կրակը դադարեցնելու վերաբերյալ հորդորներից և «խոր» մտահոգությունից բացի, այլ բան չենք տեսնում։ Ինչու՞ Թուրքիային զսպելու համար գործուն միջոցներ չեն ձեռնարկում։
-Այս պահին, կարծում եմ, դեռ վերլուծական կենտրոններն են այս ամենի վրա աշխատում։ Ցավոք, եթե անգամ նման գործողություններ կան, արդեն ուշացած են, բայց համոզված եմ, որ կա այդ անհանգստությունը, փաստերն էլ են այդ մասին վկայում։ Թե ինչ խորությամբ են այս զարգացումները քննարկվում, դժվար է ասել։ Իսկ ինչ վերաբերում է գործողություններին, պարտադիր չէ, որ դրանց մասին հրապարակավ, հայտարարությունների տեսքով մենք ամեն ինչ իմանանք։ Անհրաժեշտ է, որ այդ ամենը տեսնենք արդյունքի տեսքով, այդ ժամանակ հստակ կլինի, թե ով ինչպես է վերաբերվում այս խնդրին։ Այն, որ բացի Հայաստանից հիմա այս երեք պետությունների միասնական գործողություններն արդեն հրամայական են, կասկածից վեր է։ Եթե ուշացնեն, շատ ավելի բարդ է լինելու առաջիկայում։ Եթե այս հրդեհը տարածվի, հանգցնել այլևս հնարավոր չի լինելու կամ էլ մեծ ճիգեր են պահանջվելու: Իրավիճակից տուժող կողմերից երկրորդ գծում է Եվրոպան, որը շատ լուրջ վտանգի տակ է, եթե թուրքական գործոնը մեծանա։ ԱՄՆ-ը գուցե շահագրգիռ է, որ այսպիսի զարգացումներ տարածաշրջանում լինեն, նրանց մտադրություններն անհայտ են։ Անգլիան այստեղ դարերից եկող իր շահերն ունի` տարածաշրջանում Ռուսաստանին հնարավորինս թուլացնել։
-Չնայած երեկ ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների ղեկավարները հայտարարությամբ հանդես եկան, սակայն վեց օր է ռազմական գործողություններ են, ինչու՞ էին նրանք հապաղում, ի՞նչն էր հետ պահում։
-Ոչ մեկը չի ուզում Թուրքիայի դեմ ճակատ առ ճակատ դուրս գալ, որովհետև նա ՆԱՏՕ-ի անդամ է, ունի 700-հազարանոց բանակ, կռվարար է, ամեն տեսակ ցինիկ գործողությունների դիմում է։ Եթե նրանք գնան առճակատման, նշանակում է պատերազմ հայտարարել Թուրքիայի դեմ։ Հետո այս երկրները հույս ունեն, թե ինչ-որ մեկն իրենց փոխարեն կկանգնեցնի Թուրքիային։
-Դա էլ հիմա միայն հայ զինվորն է անում։
-Այո։ Առավելագույնը, որ կարող է լինել, հորդորներն են, սակայն հիշենք 1915, 1918 թթ., երբ բոլորը հորդորում էին Թուրքիային ցեղասպան գործողություններ չանելու։ Բայց ռուսական խոսք կա՝ «Վասկան լսում էր...», իսկ թուրքը շարունակում է իր դաժան գործողությունները։ Հիմա նորից նույնն է։
-Այսօր Հայաստանում ամենամեծ սպասելիքներն ունեն Ռուսաստանից, որ նրա անմիջական ազդեցությամբ Թուրքիան պետք է կանգ առնի, մինչդեռ Ռուսաստանն էլ չի շտապում։
-Եթե դա կարող էին ավելի հեշտությամբ անել 2016-ին, այսօր այլ է իրավիճակը։
-Ի՞նչ է փոխվել։
-Այն ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանն էին պատերազմում, հիմա երրորդ երկիրն է գործողությունների մեջ մտել ու ղեկավարում Ադրբեջանին։ Երկրորդը՝ ի վերջո, պիտի հասկանալ, որ Ռուսաստանը չի կարող հրամայել Ալիևին կամ Էրդողանին։ Իհարկե, Ռուսաստանը պիտի ասի, որ այսպիսի զարգացումների դեպքում ինքը կանցնի այլ գործողությունների։ Կարծում եմ, դա արվում է։ Բայց մի փաստ պիտի հաշվի առնել, Ալիևն ու Էրդողանն այսօր վաբանկ են գնացել, նրանք շատ լուրջ նախապատրաստվել են, կուտակել են զինտեխնիկա, հետախուզությունը լուրջ աշխատանքներ է ծավալել, ու սկսել են գործողությունները։ Ալիևը հիմա փորձում է իր ժողովրդին ցույց տալ, թե իր խոսքի տերն է։ Եթե այսօր կասեցվի ռազմական գործողությունը, կողմերը որոշակի համաձայնության չգան, հարցը կրկին առկախված է մնալու, ինչ-որ ժամանակ հետո էլի վերսկսվելու են պատերազմական գործողությունները։ Սցենարն այսպիսին է. կողմերից մեկը լուրջ կորուստներ է կրելու (կարծում եմ, որ դա Ադրբեջանն է), որից հետո պարտադրված է լինելու գնալու խաղաղության։ Հայ ժողովրդի կամքից է կախված, թե ինչ սցենար ենք իրականացնում։ Ակնհայտ է, որ ցանկանում ենք հասնել վերջնական հաղթանակին, որպեսզի մեր գլխից այդ վտանգը վերանա։ Սա միայնակ հնարավոր չէ անել, քանի որ մեր դիմաց կանգնած է նաև Թուրքիան։ Սա հասկանալով, պիտի ձևավորենք մեր դաշնակիցների ճակատը, այն է՝ Ռուսաստան, Չինաստան, Իրան ձևաչափը, որոնցից յուրաքանչյուրը թուրքական գործոնի մեծացմամբ տուժելու է։ Այսօր Հայաստանի դիվանագիտությունը հենց այս ուղղությամբ պիտի աշխատի, ոչ թե նրանց համոզի ինչ-որ քայլեր ձեռնարկելու, այլ այս ճակատը ձևավորի, որով հնարավոր է Թուրքիայի ախորժակը զսպել։ Այստեղ Եվրոպան ունի իր լուրջ դերակատարումը, ուրախալի է, որ Ֆրանսիան այս առումով ունի հստակ դիրքորոշում։ Ռազմական գործողությունների ավարտով մեծ փոփոխություններ են լինելու աշխարհաքաղաքական քարտեզի վրա։
-Մեր տարածաշրջանում մեծ ազդեցություն ունի նաև Իրանը։ Ի՞նչ դերակատարում նա կարող է ունենալ հակամարտության լուծման գործում։
-Իրանը հստակ գնահատական ունի ու տարիներ շարունակ այն չի փոխում։ Եթե թուրքական գործոնը տարածաշրջանում մեծանա, Իրանի անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը ևս դա վնասելու է։ Ադրբեջանի և Իսրայելի համախմբումը նույնպես հզոր սպառնալիք է Իրանի հանդեպ։ Ինչու՞ է Իսրայելն այդքան զենք մատակարարում Ադրբեջանին, որովհետև Ադրբեջանի միջոցով հույս ունի գործողություններ սկսելու Իրանի դեմ։ Իրանը, հաշվի նստելով այս հանգամանքների հետ, պիտի ներդնի բոլոր ջանքերը Ադրբեջանի ծրագրերը խափանելու համար։ Հայաստանի կառավարությունն այսօր պարտավոր է դիվանագիտական առաքելություններ ձևավորելու, որոնք կաշխատեն Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի հետ՝ կանխելու վտանգավոր զարգացումները։ Նման առաքելություններ պիտի ունենալ նաև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ։ Մենք ենք պարտավոր այս ամենը ձեռնարկելու, որովհետև առաջինը՝ նրանք այլ մասշտաբի երկրներ են ու շատ այլ խնդիրներ ունեն, երկրորդը՝ մենք ենք մահացու հարվածի տակ։
-Հաշվի առնելով այս օրերին միջազգային հանրության արձագանքը, դաշնակից երկրների պահվածքը, Դուք նկատեցի՞ք Հայաստանի՝ դաշնակիցների հետ հարաբերությունների սխալ ընթացքը, ոչ ճիշտ աշխատանքը, թե՞ ամեն ինչ օրինաչափ էր։
-Հայաստանում ինչպիսի իշխանություն էլ լինի, ինչպիսի պահվածք էլ ունենա, վերաբերմունքը փոխվում է մեկ տեսանկյունից։ Այդ երկրները գործ են ունենալու ոչ թե Հայաստանի կառավարողների, այլ երկրի, Հայաստան պետության հետ։ Սա պետք է հստակ գիտակցել։ Մի բան է Հայաստանի տարածքը, մեկ այլ բան իշխանության վերաբերմունքը։ Առայժմ ձեռնպահ կմնամ այս հարաբերությունները քննարկելուց, բայց մի ուղերձ պիտի հղել՝ մենք պետք է մեր դաշնակիցներին վստահություն ներշնչենք, որ սկզբունքային ենք լինելու մեր հարցադրումներում։ Սրանով են պայմանավորված դաշնակիցների աջակցությունը և դիրքորոշումների հստակությունը։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ