«Այս պահին նաև մեր միջազգային գործընկերների, դաշնակիցների միջոցով խնդիր կա չեզոքացնելու թուրքական գործոնը»
29.09.2020 | 00:55
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ Արցախի դեմ հարձակման, պատերազմական գործողությունների վերաբերյալ մի քանի հարց ուղղեցինք։
-Շատերն այսօրվա գործողությունները համեմատում են 2016-ի հետ, Դուք ի՞նչ տարբերություններ ու նմանություններ եք տեսնում։
-Դեռ ժամանակ է պետք՝ ամբողջական գնահատականներ հնչեցնելու համար։ Որոշակի նմանություններ կան, կան նաև բազմաթիվ տարբերություններ։ Կրակի ինտենսիվությունն առավել մեծ է, բավականին լայն զինանոց է կիրառվում։
-Արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Ադրբեջանը կռվում է վարձկաններով ու թուրք-իսրայելական զենքերով, թիրախում է պահում խաղաղ բնակչությանը։ Այս հանգամանքը հաշվի առնելով, հայկական կողմը հետագայում իրավական գործընթացներ պե՞տք է նախաձեռնի ու աշխարհին ներկայացնի Ադրբեջանի դեմքը, թե՞ արդեն դա չի աշխատում։
-Անկեղծ ասած, այս պահին դա արդեն կարևոր էլ չէ, ունենք այն, ինչ ունենք։ Այս պահին խնդիր կա չեզոքացնելու թուրքական գործոնը, նաև մեր միջազգային գործընկերների, դաշնակիցների միջոցով, ինչպես նաև՝ կանխելու և հետ շպրտելու դեպի Արցախ գրոհող խմբերը։
-Ահռելի քանակությամբ Ադրբեջանի կողմից կեղծ տեղեկատվություն է բեռնվում համացանց, մենք կարողանու՞մ ենք դրան հակադրել ճիշտը, և հայ հասարակությունը որքանո՞վ է զանազանում մոլորեցնող տեղեկությունը իրականից։
-Մեծ մասամբ ադրբեջանական տեղեկատվական գրոհներին դիմակայելու հնարավորություն լինում է, սակայն տեղեկատվական պատերազմի առումով շատ կարևոր է այս պահին աշխատել արտերկրի տեղեկատվական հարթակների հետ։ Ռազմական գործողությունների և առհասարակ գործընթացի բոլոր մանրամասները պետք է մեզ համար նպաստավոր թեզերով ներկայացնել միջազգային հանրությանը։
-Այս երկու օրվա գործողություններից Ձեր տպավորությունն ինչպիսի՞ն է, ռազմադաշտում և թիկունքում հայկական կողմը կարողանու՞մ է միասնական ու համագործակցված աշխատել, թե՞ որոշակի խնդիրներ դեռ կան։
-Կարևորում եմ քաղաքական տարբեր ուժերի, բևեռների համախմբվածության մասին հայտարարությունները, չնայած կարծում եմ, որ դա պետք է տեղի ունենար ավելի վաղ։ Երկրորդ, տեղեկատվական դաշտի բոլոր ռեսուրսները պետք է մոբիլիզացնել՝ ի նպաստ ընդհանուր խնդրի կատարման։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ