«Իրատեսի» զրուցակիցն է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆԸ։
-Իշխանությունն արտակարգ դրությունը երկարաձգեց ևս մեկ ամսով: Ի վերջո՝ սա ինչ-որ բան տալի՞ս է, թե՞ այն, առաջին հերթին, մարդկանց ազատ տեղաշարժն ու հավաքները սահմանափակելու նպատակ ունի:
- Համավարակի դեմ պայքարի առաջին իսկ օրվանից դժվար էր հասկանալ՝ որն է իշխանության մարտավարությունը, դրա արդյունավետությունը կամ ենթատեքստը։ Ինքս հետևում եմ պարետի կողմից սահմանված բոլոր կանոններին և շատ եմ ուզում, որ մեր բոլոր հայրենակիցները պահպանեն դրանք, բայց ինձ համար դժվար է պատասխանել Ձեր հարցին՝ արտակարգ դրությունը կամ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային մյուս միջոցառումներն առհասարակ ինչ-որ բան տալի՞ս են, թե՞ ոչ: Ինչու՞, որովհետև շաբաթներ շարունակ նույն՝ չնահանջող ու օրինաչափություն դարձած պատկերն ենք տեսնում, այն է՝ թեստավորված անձանց մոտ 30 տոկոսի թեստի պատասխանը դրական է լինում: Եվ անկախ հանգամանքից, թե դիմակ դնել-չդնելու կամ սոցիալական հեռավորությունը խախտելու մասին Facebook-ի իր անձնական էջում քանի լուսանկար կհրապարակի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոստիկանությունը քանի քաղաքացու բերման կենթարկի դիմակ չդնելու համար, այդ համամասնությունը պահպանվում է: Այս օրինակներով, բնականաբար, չեմ ուզում պնդել, թե դիմակ դնելն արդյունավետ չէ, բայց վստահորեն հայտարարում եմ՝ համավարակի դեմն առնելը միայն դիմակ դնել-չդնելով չի լուծվում: Չեմ կարող ասել, թե հակահամաճարակային տեսանկյունից արտակարգ դրության ռեժիմ սահմանելն ինչքանով է արդյունավետ, բայց ակնհայտ է՝ արտակարգ ռեժիմն իշխանության շահերից է բխում: Այն հնարավորություն է տալիս շարունակելու տեղորոշել մարդկանց, սահմանափակել մարդկանց ազատ հավաքներ կազմակերպելու իրավունքը կամ դա հայեցողաբար թույլատրել: Օրինակ՝ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին Ազգային ժողովի դիմաց միայնակ ցույց անել չի կարելի, բայց իշխանության կցորդ Արման Բաբաջանյանը նախագահականի դիմաց մի խումբ մարդկանց հետ «պիկետ» կարող է անել:
-Բացի արտակարգ ռեժմից՝ կառավարությունը համավարակի դեմ, ինչպես նաև Դուք ասացիք, պայքարում է՝ դիմակներ բաժանելով ու դրանք չդնելու համար տուգանելով: Իրավիճակին տիրապետու՞մ են առհասարակ:
-Իշխանության գերնպատակն այս պահին աշխատելու իմիտացիա ստեղծելն է, իսկ այն, որ համավարակի տարածման կանխարգելումը տապալված է, այդտեղ կասկած անգամ չկա: Քաղաքացիներին տուգանում են ոչ միայն դիմակ չդնելու, այլ այն մի պահ հանելու կամ կիսատ դնելու համար: Սա ո՛չ վարակի կանխարգելման, ո՛չ էլ իրավական տեսանկյունից խելամիտ կամ համաչափ լուծում չի կարող լինել: Այս ամենն արվում է զուտ այն բանի համար, որպեսզի իշխանության նեկայացուցիչներն ասեն, թե «տեսեք, ինչքա՜ն շատ մարդ չի հետևում սահմանված կանոններին»: Իսկ նման պատկեր ներկայացնելու նպատակը մեկն է՝ մեղավորությունը հասարակ քաղաքացու վրա գցել, բայց իրավիճակի միակ պատասխանատուն իշխանությունն է: Մի բան հստակ է՝ երբ այս ամենն ավարտվի, բոլորս էլ հնարավորություն կունենանք գնահատելու կառավարության ու պատկան մարմինների գործունեությունն ու դրանից բխող հետևանքները։ Որպես ընդդիմադիր՝ այս փուլում կարևորում եմ ենթարկվել պարետատան ու իշխանության սահմանած կանոններին, որքան էլ դրանք անտրամաբանական լինեն։
-Առողջապահության նախարարն այս օրերին աչքի է ընկնում քաղաքական բնույթի գրառումներ անելով ու քաղաքական ուժերին «դասեր տալով»: Որտեղի՞ց նրան այդքան ժամանակ:
-Արսեն Թորոսյանը, կոմպետենտության բացակայության և մեծախոսության իմաստով, այս իշխանության խորհրդանիշն է։ Նրա անլուրջ վերաբերմունքի և ուշացած քայլերի հետևանքն է այսօրվա իրավիճակը: Ժողովրդավար ցանկացած երկրում առողջապահության այսպիսի նախարարը աշխատանքից ազատման դիմումը վաղուց էր գրել: Բայց քանի որ նրա վերադասը մեծ կարծիքի է իր նախարարի մասին և համարում է, որ նրանից լավ այս իրավիճակում ոչ ոք չէր կարող կառավարել, Թորոսյանը դեռ կշարունակի պաշտոնավարել։ Նախարարն այսօր իր քաղաքական հակառակորդների դեմ ավելի ջանասիրաբար է պայքարում, քան համավարակի: Պատմությունը նման մարդկանց չի մոռանում, ու Թորոսյանի անունը, կարծում եմ, հիշատակվելու է որպես ծայրաստիճան ոչ կոմպետենտ և համավարակի դեմ պայքարը ձախողած պաշտոնյայի։
-Իշխանությունն ասում է՝ մի քննադատեք, պատերազմ է, չի կարելի, պետք է մի բռունցք լինենք: Իսկ նրանք գիտակցու՞մ են պատերազմական պահի լրջությունը:
- Իշխանության մոտ այդպիսի ամպագոռգոռ համեմատություններ անելը շատ լավ է ստացվում։ Հայտնի անեկդոտի նմանությամբ՝ ընդդիմությանը հորդորում են, թե խնդիրների մասին մի՛ բարձրաձայնեք, ոչինչ մի արեք առհասարակ, այլ ուղղակի «թուլացեք և հաճույք ստացեք»: Եթե սա պատերազմ է, ուրեմն այն սկսվելու պահից ի վեր կառավարությունը տանուլ է տվել: Տեսնու՞մ եք ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների դժգոհություններն ու ընդվզումները: Նրանք վառ ապացույցն են այն բանի, որ ձախողումը ոչ միայն առողջապահական է, այլ նաև տնտեսական։ Առանցքային մի շարք ոլորտներում խոր ճգնաժամ է, ինչն օր օրի ահագնանում է, իսկ կառավարությունը համարժեք աջակցություն չի ցուցաբերում մարդկանց:
-Արտախորհրդարանական դաշտի ընդդիմադիր տարբեր թևեր ակտիվ հայտարարություններ են անում, քննադատում, իսկ «Լուսավոր Հայաստանը» մի տեսակ պասիվ փուլի մեջ կարծես լինի:
-Վերջին երկու ամսում մեր վարքագծում շատ բան չի փոխվել, հնարավորության դեպքում առաջարկներ ենք ներկայացնում, անհրաժեշտության դեպքում՝ քննադատում, ընդ որում՝ առարկայական։ Մենք ասել ենք, որ քաղաքական հետևանքների վերաբերյալ խոսելու և գործելու ենք համավարակի ավարտից հետո: Ինչպես ամեն տարի, այս ամռանը նույնպես Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելում են տարբեր մարզեր, ծանոթանում մարդկանց խնդիրների հետ և այլն:
-ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Հայրենիքը» միասնական թևով են հանդես գալիս, ԼՀԿ-ն ինչու՞ չմիացավ այդ թիմին: Նախկինների հետ համագործակցած ուժեր են, դրա՞ համար:
-Գիտեք՝ սև ու սպիտակի բաժանումը մեզ համար անընդունելի է, և մենք հարգանքով ենք վերաբերվում այդ ուժերից յուրաքանչյուրին, նրանց համագործակցությանը։ Պատրաստ ենք համագործակցելու նրանց հետ, եթե այդ համագործակցության օրակարգը հստակ, գործիքակազմն էլ մեկմեկու համար ընդունելի կլինի:
-Հակադարձում եք, հասկանալի է, բայց մարդկանց մոտ այն տեսակետը կա, որ ԼՀԿ-ն իշխանությանը թթու խոսք ասել չցանկացող ընդդիմադիրի դիրքերից է հանդես գալիս: Սահմանադրական դատարանի՝ ԱԺ-ի կողմից լիազորությունները դադարեցված ՍԴ դատավորների հարցով ՍԴ դիմել-չդիմելու հանգամանքը վկա:
-ՍԴ դիմելու վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ է՝ վիճարկելու ենք մեծամասնության իրականացրած ապօրինի փոփոխությունները և այդ գործընթացն իրականացնելու ենք՝ այն որևէ կերպ չկապելով երկրորդ նախագահի դատավարության հետ: Եթե մենք իշխանության կամ հակառակ թևի պատկերացրած ճանապարհով գնայինք, ապա երկու դեպքում էլ սխալ թույլ կտայինք: Նախընտրեցինք գնալ բալանսավորված՝ երրորդ ճանապարհով, ինչն ուրիշի քաղաքական նեղ շահերին չծառայելու ճանապարհն է։ Ոմանք ծաղրում են այդ ճանապարհը, քանի որ քաղաքականությունը սև ու սպիտակ գույներով են պատկերացնում: Եթե նրանք մտածում են, որ առկա երկու պատերից որևէ մեկին պետք է զարկել գլուխը, ապա մենք կարծում ենք, որ գլուխը ոչ թե պատին խփելու, այլ մտածելու համար է:
-Լավ, ընդունենք՝ դուք ուլտրա և դասական ընդդիմություն եք, իսկ ու՞ր մնացին դաշտի մյուս խաղացողները:
-Ընդդիմադիր դաշտն այժմ փորձում է հասկանալ իրերի դասավորությունը։ Ոմանք կարծում են, որ իշխանության վարկանիշից ոչինչ չի մնացել և իսկական պահն է կործանարար հարված հասցնելու համար։ Ես, որպես մարդ, որ համարում է, թե այս իշխանությունները սպառել են բարեփոխումների հնարավոր բոլոր ռեսուրսները, մտածում եմ՝ իշխանությունը հանրային աջակցության որոշակի չափաբաժին, այնուամենայնիվ, ունի դեռևս, ինչն էլ սակայն նրան էլ ավելի «զոռբա» արարքների է դրդում: Այժմ խիստ կարևոր է պահը ճիշտ գնահատել ու բացառել «ֆալշ ստարտերը»: Եթե դասական ընդդիմություն ասելով նկատի ունեք, թե մենք փողոցային պայքարի մտադրություններ չունենք, ապա շեշտեմ՝ այդպես չէ: Պարզապես պետք է իրավիճակը ճիշտ գնահատել և չտրվել ֆեյսբուքյան պրոպագանդաների՝ ո՛չ «նիկոլականների», ո՛չ էլ «նիկոլատյացների» թևից։ Ինչ վերաբերում է մեր թիմին, ապա պատրանքներով չենք առաջնորդվում, հզորացման ճանապարհ անցնող ուժ ենք, իսկ այդ ճանապարհին շտապել չի կարելի, քանզի հաղթում է զուսպը, ինքնավստահը:
Զրույցը՝
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ