«Հայաստանի Հանրապետության անկախության 30 տարում երբեք հայերի հետ այսպես չեն խոսել»
03.07.2020 | 00:22
Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրների շուրջ «Իրատեսը» զրուցել է միջազգայնագետ ԱՆՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ։
-Ի՞նչ վիճակում է այսօր Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Փաշինյանն ասում էր, թե «վիզը ծուռ, փշուրներով երջանկացած» նախկին իշխանությունների քաղաքականությունը մերժում է ու «ստեղծում է» նոր արտաքին քաղաքականություն։ Ստացվե՞ց։
-Փաշինյանական բառախաղերը վերիմաստավորելու են պետականության կառուցման հետագա գործընթացում խոսքերը գործից տարբերելու մեր հասարակության ունակությունները: Պոպուլիզմն ինքնին վտանգավոր գործիք է: Այն առավել ևս վտանգավոր է 83 %-ով շրջափակված սահմաններով և արցախյան չլուծված աշխարհաքաղաքական հիմնախնդրով զբաղված հայ հանրության համար, որտեղ էլ լինեն՝ Արցախի Հանրապետությունում, ՀՀ-ում, թե Սփյուռքում: Փաշինյանի հայտարարություններն ապատեղեկացնող ու ապակողմնորոշող են եղել միշտ` ծառայելով տերպետրոսյանական թեզերին, իսկ վերջիններս էլ իրենց հերթին` հակահայ գեոքաղաքականություն վարող տերությունների թեզերին: Այսպիսով, և տարածաշրջանային, և միջազգային գեոքաղաքական զարգացումների հարթակներում, հայկական շահերի տեսլականը, թավշյա գունավոր հեղափոխության օրերից ի վեր, զրոյականացված է:
Արևմուտքն ակնհայտորեն ընդունել է արցախյան հիմնախնդրի լուծման հակահայ մոտեցում, հանձինս ադրբեջանա-թուրքական (ոչ առանց իսրայելյան լոբբիի ներգործման և օժանդակության) բանաձևի ընդունման։ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի վերջերս ընդունված բանաձևը հարձակման իրավունք, ասել է` լեգիտիմություն է տալիս Ադրբեջանին, ուղղակիորեն ընդունելով ադրբեջանական վերծանմամբ տարածքային ամբողջականության թեզը որպես հիմնաքարային: ԱՄՆ-ի իշխանությունները բացահայտորեն օգտագործում են նսեմացնող դիվանագիտական մեթոդաբանությունը` որպես Արցախյան հիմնախնդրի փուլային փաթեթով լուծելու պարտադրման գրավական: Երկու տարի է, Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Բոլթոնից զատ, որևէ բարձրաստիճան ԱՄՆ պետական պաշտոնյա չի հանդիպել ՀՀ աննախադեպ իշխանության ներկայացուցիչների հետ: Նրանք բացեիբաց սպասում են արցախյան խնդրով հայկական կողմի զիջումներին` միաժամանակ ավելացնելով Ադրբեջանի պաշտպանական բյուջեն, աչք փակելով տարածաշրջանին ապակայունացմամբ սպառնացող Ադրբեջան-Թուրքիա, Ադրբեջան-Իսրայել ռազմական համագործակցության աճի վրա, դուրս թողնելով Արցախի Հանրապետությունն ԱՄՆ-ի հումանիտար ծրագրերից, վարելով սպառնողական քաղաքականություն Իրան-Հայաստան հարաբերությունների օրակարգի նկատմամբ:
ՌԴ-ի հետ հարաբերությունների առումով, երբեք նորանկախ ՀՀ-ն չի ունեցել այս աստիճանի բացասական իրադարձությունների շղթա, որի առաջին օղակը եղավ ՀԱՊԿ-ից կոպտագույն կերպով գեներալ Խաչատուրովի հետկանչումը` նախ և առաջ այդ կառույցի հեղինակությանը վնաս հասցնելու միտումով։ Իսկ վերջին օղակն էլ հուլիսի 1-ի երեկոյան Նավալնու հայտնությունն էր Հ1-ի եթերում: Այս ուղղությամբ, թավշյա իշխանությունների գերնպատակը ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի փակումն է: Ստացվում է, մեր ավանդական ռազմավարական դաշնակից, գործընկեր պետությունների հետ հարաբերությունները սղված են, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք զգուշորեն կերտված և տարվող Արևելք-Արևմուտք հավասարակշիռ հարաբերությունների տեսլականը ևս խեղված է։ Մեզ կոպտագույնս և հապճեպորեն մղում են դեպի տարածաշրջանային` պատմականորեն միշտ մեր դեմ աշխատած անցանկալի եռանկյուն՝ արևմտամետ Իսրայել-Թուրքիա-Սաուդական Արաբիա հարթություն, առանց անվտանգության որևէ երաշխիքների, առանց համատեղ զարգացման ենթակառուցվածքային նախագծերում մեզ ներգրավելու։ Ընդ որում` ոչ միայն առանց նախապայմանների, այլ «a priori». այն է` չբարձրաձայնել ՀՀ դիրքորոշումը շուտով լրացող Մոսկվայի և Կարսի պայմանագրերի շուրջ, մեկընդմիշտ մոռանալ Հայոց Ցեղասպանության պահանջատիրությունը, ընդունել, ինչպես Գանջալիևն է ասում, որ Ղարաբաղի հայկական համայնքը, առհասարակ «տարածաշրջանի հայկական համայնքը» կարող է գոյատևել միմիայն սուվերեն Ադրբեջանի կազմում:
Այս նպատակով մեր իշխանությունները գաղտնի բանակցություններ են վարել թե՛ Ադրբեջանի, թե՛ վերջերս արդեն հայտնի դարձած Ախուրյան գետի վրայի կամուրջի վերանորոգման հույզերով ապրող Թուրքիայի հետ։ Ինչպես նաև ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի քնքուշ, անշրշյուն քայլերով և մի քանի կախարդական ստորագրությամբ` զարկ է տրվել Իսրայել-ՀՀ ուղղակի դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, փոխադարձ դեսպանատների բացմամբ` միանգամայն անտեսելով նման համագործակցությունը բացառող երկու գերխնդիր.
1. Իսրայել-Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցությունը գործել է, գործում է և կգործի ընդդեմ ողջ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի հայության։
2. Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչելը, չճանաչման ուղղությամբ տարվող անթաքույց քարոզչությունը և ԵՄ-ում, և ԱՄՆ-ում:
Ընդ որում, ես վստահ չեմ, որ այս երկու գերխնդիրները կդառնան նման դիվանագիտական մերձեցված հարաբերությունների նպատակակետ: Եթե համատեղենք սույն երևույթը ՌԴ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների գերարագ տեմպերով վատթարացման գործընթացի հետ, ակնհայտ է դառնում, որ այդ երկու գերխնդիրներն առհասարակ կմղվեն հետին պլան և կդադարեն օրակարգային լինելուց` մեր առջև դնելով նույն դիվանագիտական թակարդները, ինչպիսիք գործել և գործում են ողջ տարածաշրջանի քրդերի դեպքում:
-Ակնհայտ է, որ ՌԴ-Հայաստան հարաբերությունները լարված են։ Ի՞նչ անցանկալի զարգացումների կարող ենք սպասել այս ուղղությամբ։
-ՀՀ-ում սահմանադրական կարգի խախտմամբ տեղի ունեցած իշխանազավթումից հետո ԱՄՆ-ն անթաքույց կերպով (Բոլթոնի, ԱՄՆ դեսպանի, տարածաշրջանային և վաշինգտոնյան լոբբիստական ուղեղային կենտրոնների փորձագետների շուրթերով) շարունակաբար փոխանցում է, որ թավշյա իշխանություններին ցուցաբերված ֆինանսա-տեխնիկական օժանդակության հիմնական նպատակը ՌԴ-ի ազդեցության վերացումն է թե՛ ՀՀ-ի, թե՛ Արցախի Հանրապետության տարածքից: Սրանով են բացատրվում թավշյա վարչակազմում, նաև թավշյա վարչակազմի կողմից գրավված ԱԺ-ում, իսկ վերջերս նաև ԱԱԾ-ում ակնհայտ հակառուսական կոնտինգենտի պաշտոնական առաջխաղացումն ու շարունակական պարգևատրումները: Վերջիններիս գործունեությունն իրավական պետության և ժողովրդավարության դիտանկյունից, մեղմ ասած, մեծ կասկածներ է հարուցում: Քաղաքական վենդետաների շարանը, ուղղված հատկապես արցախյան հաղթանակները բերած գործիչների դեմ, խրախուսվում է ԱՄՆ և ԵՄ դեսպանատներից: Վերջիններիս համար սա նախ և առաջ հակառուսական տարրի առաջխաղացման նպատակին է ծառայում: Նման գործընթացների ձևավորմանն են ուղղված բազում տարիների ուղղակի և անուղղակի գործող դրամաշնորհային ծրագրերը:
Փաշինյանական բառախաղերը, որոնք աննախադեպ քաղցրաշնչությամբ գովաբանում են հայ-ռուսական հարաբերությունները, իրական պատկերով սարսափեցնող են. միմիայն պրոտոկոլային հանդիպումներ, բացարձակ անարգանք ՌԴ ղեկավարի հանդեպ` վերջինիս այցի ժամանակ, հակառուսական վրացական ԶԼՄ ներկայացուցչի հայտնվելն ու հարց տալն այնտեղ, ուր Վրաստանն առհասարակ խնդրո առարկա էլ չէր, Արցախյան հիմնախնդրում անցնել ադրբեջանամետ բանակցային գծին, սակայն մեղադրել ՌԴ ԱԳ նախարարին, ՌԴ հետ ունեցած ռազմավարական նշանակության համաձայնագրերի շրջանակներում գործող տարբեր ոլորտների ընկերությունների, հիմնարկների, ինստիտուտների դեմ ոտնձգություններ, հետապնդումներ։ Փաշինյանի ընտանիքի անդամների ներգրավմամբ` մաքսանենգային գործունեություն ՌԴ տարածքում, կամ այլ երկրներում` ընդդեմ ՌԴ շահերի: Տեսեք, ընդամենը երկու տարի է անցել, սակայն թվում է, թե այս ցանկը կարելի է շարունակել և շարունակել: Այս շաբաթվա կուլմինացիաները երկուսն էին՝ ատոմակայանի վերանորոգման նախագծից «Ռոսատոմի» դուրս մղումը և Նավալնու հայտնությունը Հ1-ում: Նպատակը եղել է, մնում է և կմնա ռուսական ռազմաբազայի փակումը:
-Արցախյան հիմնախնդիրը բավական ընդգրկուն և առանձին զրույցի թեմա է, բայց այդուհանդերձ, մեկ հարցի շրջանակում փորձեք պատասխանել, թե այս 2 տարում ի՞նչ կորցրինք կամ գուցե շահեցինք այս հարթությունում։
-Արցախյան հիմնախնդրի շուրջ առաջնային կորուստն էր նախորդ իշխանությունների ձեռք բերած հետապրիլյան Վիեննայի, Ժնևի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների բանակցությունների սեղանից դուրս մնալը: Սրան հաջորդեց նախ «խաղաղության նախապատրաստելու» թեզը, հետո Նիկոլ Փաշինյանի անձնական և ուղղակի ջանքերով բարձրացված «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» «ընտրյալ ներկայացուցիչների» սուբյեկտայնությունը` Արցախի Հանրապետության պետական կառույցների սուբյեկտայնության նվազեցման հաշվին: Ի վերջո, Մյունխենյան խայտառակությունից, դրան հաջորդած Մամեդյարովի որակումներից և վերջապես Լավրովյան բացահայտումներից պարզ դարձավ, որ սեղանին է Արցախի հողերի փուլային հանձնման Լիսաբոնյան 1997-ի տարբերակը, որի ջատագով ժամանակին հանդես էր եկել Լևոն Տեր-Պետրոսյանը, այդ ժամանակ ևս Բոլթոնի օրհնանքով, և որը պատճառ դարձավ համազգային ուժերի կողմից նրան իշխանությունից հեռացնելուն:
- Ալիևն այսօր արդեն մեր՝ պատմություն չունենալուց է խոսում, իսկ Թուրքիան արդեն գործնական քայլերի է դիմում, Հայաստանի իշխանությունը համարժե՞ք է արձագանքում այս վիճակին։
-Հրաշալի հարց է։ Հայաստանի Հանրապետության անկախության 30 տարում երբեք հայերի հետ այսպես չեն խոսել: Մեկ բան է, երբ Արցախում պատերազմ է` դեռևս անհայտ ելքով, և թուլացած Ռուսաստանի, չեչենական արյունոտ պատերազմի ֆոնին Թանսու Չիլլերը խոստանում է, որ Հայաստանը կդառնա ողջ մնացած հայերիս գերեզմանը և ի պատասխան ստանում Արցախում հաղթանակած հայկական բանակ, նորանկախ հայկական պետականություն և ՌԴ-ում վերջ տրված «Մուսուլման եղբայրների» հրահրած պատերազմ։ Մեկ այլ բան է, երբ երկու պատերազմում հաղթած Հայաստանի և Արցախի Հանրապետություններին` հզոր դաշնակից ՌԴ և ԻԻՀ առկայությամբ, դիմում է մի ոմն Գանջալիև կամ մի ոմն բռնապետ, օֆշորների արքա, նավթա-խավիարային դիվանագիտության կաշառակեր գործիչ Ալիև, և ոմանց վերելակային խոնարհագույն դիրք բռնելու պատճառով չեն հնչում ԱԳՆ-ից և ՊՆ-ից հայտարարություններ, որոնք պետք է հնչեին՝ սոսկ պրոտոկոլային անհրաժեշտությունից ելնելով: Մեր պատասխանները նախ ուշացած էին, ուշացածից զատ` կցկտուր և ապա` այնպիսի բառապաշարով, «որն ընդունելի է Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար»: Այս միտումնավոր գերթերացման ուղղակի հետևանք է Ադրբեջան-Թուրքիա ռազմական համագործակցության աննախադեպ հավելումը, «Արևմտյան Ադրբեջանի» «վտարանդի կառավարության» հիմնադրամի բացումը Թուրքիայում, Էրդողանի և Ալիևի հնչեցրած թեզերը, որ Իդլիբը «ռազմինկա» է Արցախ-Նախիջևան-Հայաստանից առաջ, առաջնագծի երկայնքով մեկ ադրբեջանական բանակի դիրքերի ինժեներա-տեխնիկական ամրապնդումն է և վերջապես արդեն այս շաբաթ Ադրբեջանի «կիրթ, գրագետ, բաց, անկեղծ, կառուցողական» «լեգիտիմ առաջնորդի», նրա պաշտպանության նախարարի, նրա նշանակած «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ընտրյալ ներկայացուցիչ» Գանջալիևի` պատերազմի ակնհայտ սպառնալիքով լցոնված հայտարարություններն են:
Այստեղ կարևոր է նշել, որ, կապված Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների անեքսիայի գործընթացների հետ, տարածաշրջանը գերլարված պայմաններում անցնում է գեոքաղաքական խաղի նորանոր ու բավականին բարդ գործընթացներով: Հուլիսի կեսից սրվելու են Իրանի դեմ մղվող գործողությունները, և վերը նշածս Իսրայել-Թուրքիա-Սաուդական Արաբիա եռանկյան ներկայացուցիչները հետամուտ են լինելու իրենց առջև դրված գեոքաղաքական խնդիրների լուծմանը, քանի որ սա ամենահարմարավետ պատուհանն է նման գործողություններ վարելու՝ թե՛ իրենց, թե՛ ԱՄՆ/ՆԱՏՕ-ի տեսանկյունից: Նախքան ՄԱԿ ԱԽ մշտական անդամների սեպտեմբերյան հանդիպումը, նախքան ԱՄՆ-ում թեժ նախընտրական հոկտեմբերի գալը, այս բոլոր ուժերի ուղղակի շահերից բխում է կարգավորել Մերձավոր Արևելքի տարածաշրջանային խնդիրները սեղմագույն ժամանակահատվածում: Այս իսկ պատճառով տարածաշրջանում ներկայումս անհրաժեշտ է լսելի դարձնել սեփական դիրքորոշումը՝ հաշվի առնելով այս բոլոր զարգացումները։ Առավել քան կարևոր է որևէ սպառնալիք անարձագանք չթողնելը: Նման քաղաքականություն է վարում ներկայումս նաև Հունաստանը, որը, Թուրքիայի հետ լինելով ՆԱՏՕ-ի անդամ, այնուամենայնիվ, անարձագանք չի թողնում և ոչ մի սպառնալիք, և ոչ մի սահմանային խախտում: Դեռ ավելին, վարում է շատ ակտիվ դիվանագիտական մանևրային ռազմավարություն մերթ ներգրավվելով Լիբիայի հետ հարաբերությունների մի նոր կոնյունկտուրայում, մերթ Եգիպտոսի, մերթ ՌԴ-ի, մերթ ԱՄՆ-ի և ԵՄ-ի` ստիպելով, որ իրենց հաջորդ քայլերում նշված բոլոր «խաղացողները» հաշվի նստեն Հունաստանի դիրքորոշման հետ: Այդպես է պահանջում տարածաշրջանային գեոքաղաքական ռեալպոլիտիկը, և կարծում եմ, որ ներկա ժամանակաշրջանում առաջին անգամ հայոց պատմության մեջ մենք, համապատասխան քաղաքական, ռազմական, դիվանագիտական արսենալով, առավել քան կարող ենք վարել իրապես մեր շահերից բխող և դիվիդենդներ բերող արտաքին քաղաքականություն: Ներկայիս վարչակազմի կողմից ուղղորդվող ակնհայտ անողնաշարությունը միանգամայն անընդունելի է:
-Անդրադառնանք ներքաղաքական խնդիրներին, այսօր արդեն ՍԴ-ում ճգնաժամ կա։ Չնայած իրավաբանները փաստում են, որ սահմանադրական բարեփոխումներն աղաղակող խախտումներով են եղել, իշխանությունն արդեն ՍԴ-ի նախագահի ԺՊ-ին է շնորհավորում։ Ձեր դիտարկմամբ, ինչի՞ կհանգեցնեն այս զարգացումները։
-Այս զարգացումները կատարվում են վերը նշածս գեոքաղաքական վեկտորի կոպտագույն և մեր շահերին դեմ գնացող փոփոխությանը համահունչ, նման փոփոխության նպատակներին մեր ողջ ներուժն ապօրինաբար ծառայեցնելուն: Մենք այսպիսով կանգնած ենք պետականության կորստի շեմին, քանզի պետականությունը նույնն է, թե Սահմանադրության պահպանում, Սահմանադրության ոգով առաջնորդվելու անբեկանելիություն` ի շահ իրավական պետության կառուցման: Կրկնում եմ, սույն վարչակազմն իշխանության է եկել ՀՀ Սահմանադրական կարգի խախտմամբ իշխանազավթման միջոցով` օգտագործելով արևմտյան վեկտորի գեոքաղաքական հիբրիդային սպառազինությունը՝ ապատեղեկատվություն, ատելության և հայհոյանքի «մշակույթի» միտումնավոր ներդրում այնպես, որ հասարակությունը գնա քաոսի և ավերածությունների ճանապարհով: Այդպիսին է բոլոր գունավոր «հեղափոխությունների» բնույթը: Իրավական առումով ԵՄ կառույցները, միջազգային իրավական համապատասխան հանձնաժողովները կդատաբանեն իշխանության այս քայլերը: ՀՀ ՍԴ դատավորները, բնականաբար, կհասնեն ՄԻԵԴ և կստանան որոշումներ, որոնք ժամանակին «քաշել» են ՈՒկրաինայի, Հունգարիայի և Լեհաստանի իշխանությունների «ականջները», իշխանություններին կստիպեն ուղղել թույլ տված բոլոր սխալները: Սակայն այստեղ էական է ոչ թե այս ներքաղաքական, թվում է, թե անիմաստ քաշքշուկը, այլ այն, թե ինչ ենք մենք կորցնելու այդ ողջ ընթացքում, մինչ իշխանության կողմից կազմակերպված Սահմանադրական կարգի տապալման վնասները կրած մեր դատավորները հետամուտ են լինելու իրենց իրավունքների վերականգնմանը: Թավշյա գեոքաղաքական տեսլականով բացառապես արևմտամետ վեկտորի գործիք դարձած նորակազմ ՍԴ-ն իրավասություն կստանա ճակատագրական որոշումներ կայացնելու.
ա) Արցախի հիմնախնդրով,
բ) Ստամբուլյան կոնվենցիայի կապակցությամբ,
գ) Հայոց պետության և Հայ առաքելական սուրբ եկեղեցու անքակտելիության կապակցությամբ,
դ) ՌԴ և ՀՀ անվտանգության, պաշտպանության և այլ համաձայնագրերի կապակցությամբ:
Այլ կերպ ասած, թավիշի հոգսը չէ Սահմանադրական կարգի տապալման ճանապարհով` հարմարավետ ժամանակային պատուհան շահել, հատկապես նշածս հուլիսյան թեժացումն ի նկատի ունենալով: Նրանց գերխնդիրն է Արևմուտքի առջև ունեցած «պատքերը» մարել` թվածս 4 կետերով։ Պարտքեր, որոնք էականորեն մեր պետականության հիմնասյուներն են: Քանի մենք իրավականության ջատագով արևմտյան ինստիտուտների դռները ջարդելիս կլինենք, առկա ժամանակահատվածն առավել քան բավարար է, այդ հիմնասյուներից նույն Արևմուտքին մեզ զրկելու համար` ի շահ էներգատարների բազմազանության ապահովման իրենց կարիքի, ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիայի հետ «անգլխացավանք» հարաբերությունների, Իրանի հարցի լուծման (լինի պատերազմի, թե գունավոր հեղափոխության միջոցով) և ի վերջո, մետաքսի Ճանապարհից ՌԴ-ին և Չինաստանին գերակայող ազդեցության գործոններից զրկելու:
-Արդեն մեկուկես տարի հանրային ուշադրությունը ՍԴ-ի շուրջ կենտրոնացրած իշխանությունը ոչ միայն մոռացել է տնտեսությունը, այլև արտակարգ դրության պայմաններում գույքահարկն է բարձրացնում, էլ չենք խոսում հազար ու մի խոստումների մասին։ Ի՞նչ փոխվեց երկու տարում մարդկանց կյանքում։
-Հետևելով կորոնավիրուսի դիմակայմանն ուղղված այս ապիկար իշխանության նախ հանցավոր անգործությանը, և ապա` անճար ու աննպատակ գործողություններին (եթե՛ կարելի է «գործողություն» անվանել վարչապետի լայվատարափն ու դիմակ դնելու, ձեռքեր լվալու վերաբերյալ անիմաստ ճառերը), ակնհայտ է դառնում, որ պարգևավճարներով, մաքսանենգությամբ և «ոչ անհայտ անձանց» առնվազն տարօրինակ ֆոնդերը ռեյդերական ճանապարհով գումարներ լցոնելով զբաղված իրենցքայլականները երբեք չեն ունեցել ՀՀ քաղաքացու, նրա ռազմական և առողջապահական գերակա շահի տեսլականը որպես իրենց քայլերի կենտրոնաքար: Ժողովուրդը լոկ այն միջոցն էր, որին բունտն ապատեղեկատվությամբ բարձրացրած մարգինալ ուժը հեծավ և եկավ իշխանության` իրականացնելու այն, ինչին ձոնված էին այլևս «ոչ անհայտ անձ» հանդիսացող տեր և տիկինի 20 տարի շարունակ գրված հոդվածները: Գույքահարկը, տուգանքները, կապիտալի հետ խոսելու առումով միմիայն սաբոտաժի լեզվին տիրապետելը, արագաչափերը, գնաճը, էլեկտրականության, գազի, ջրի, շուտով նաև ցորենի գնաճը մեր հայրենակիցների համար, ցավոք, նախապատրաստում են 90-ականների մի նոր մութուցուրտ ալիք: Միմիայն կորոնավիրուսի ճիրաններում այս աստիճանի ապիկար ձևով մեր հայրենակիցներին անօգնական թողնելու առումով արդեն, սույն վարչակազմն անկասկած շուտով ենթարկվելու է պատասխանատվության: Խոսելը մարդկանց կյանքի որակի փոփոխության մասին նման պայմաններում նույնական է նրանց ծաղրի ենթարկելու հետ, ինչը չեմ պատրաստվում անելու:
-Այսօր ընդդիմադիր դաշտում անհասկանալի վիճակ է։ Մի կողմից հայտարարվում է, թե օր առաջ Փաշինյանը պիտի հեռանա, մյուս կողմից էլ լայն կոնսոլիդացիա չկա։ Ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել։
-Ես տեսնում եմ կոնսոլիդացիայի նշաններ: Շատ ողջունելի է ԲՀԿ-ՀՅԴ-«Հայրենիք» համագործակցությունը, ողջունելի են Միքայել Մինասյանի բացահայտումները, որոնք շուտով իրենց իրավական հետևանքներով կարտահայտվեն, ողջունելի է «Մեկ Հայաստան» կուսակցության նախաձեռնությունն ընդդեմ կորոնավիրուսի դիմակայման գործընթացը տապալած այս վարչակազմի, ողջունելի են Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի (ի դեպ, այս փաստի կապակցությամբ ադրբեջանական մամլո անհանգստությունը ևս ողջունելի է), նաև Ռոբերտ Քոչարյանի և Կարեն Կարապետյանի միջև հանդիպումները, ողջունելի են «Վերնատան» նախաձեռնությունները: Այս բոլորն ինդիկատորներ են այն հանգամանքի, որ ընդդիմադիր դաշտը, արդյունավետորեն գործելով թավշյա բռնապետության իրավական «բեսպրեդելի» պայմաններում, այնուամենայնիվ կոնսոլիդացվում է այնպես, ինչպես ականատես ենք եղել Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին նախորդած ժամանակաշրջանում: Ինձ թվում է, շատ շուտով մենք կտեսնենք համապատասխան զարգացումներ:
-Ձեր կարծիքով, այս իրավիճակից ո՞րն է ելքը, ի՞նչ սցենարներ եք տեսնում։
-Միակ ելքը կլինի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչպես ժամանակին եղավ Լևոն Տեր-Պետրոսյանինը: Եվ այս առումով, ամենևին էլ կարևոր չէ, ցանկացա՞վ նա հրաժարական տալ, թե՞ ոչ: Նրա ցանկությունները, առհասարակ, խնդրո առարկա չեն: Միմիայն դրված է նրա գործողությունների իրավականության և մեր ազգային շահերին ծառայելու խնդիրը:
Այս երկու կետերով էլ ակնհայտ են մեր կորուստները, և այդ կորուստներն էլ կնախանշեն իր` որպես վարչապետի, ճակատագիրը. հրաժարական, պատասխանատվություն, բանտ:
Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ