«Մեղվիկ» մանկապատանեկան հասարակական կազմակերպությունը Շիրակի մարզի 10 սահմանամերձ համայնքներում` Սարագյուղ, Զորակերտ, Զարիշատ, Գտաշեն, Մեղրաշատ, Ջրարփի, Երազգաորս, Շիրակավան, Իսահակյան, Լուսաղբյուր, իրականացրել է «Արիության դաս Շիրակի մարզի սահմանամերձ համայնքներում» ծրագիրը։ Նախաձեռնության նպատակն է նպաստել հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորմանը՝ ազգային, ռազմահայրենասիրական երգերի միջոցով։
«Մեղվիկ» ՀԿ-ն պատրաստել է փոքրիկ երգարան, որն ընդգրկում է ռազմահայրենասիրական երգեր («Գինի լից», «Ախպերս ու ես», «Լուսինը ալ կարմիր է հագել», «Գարեգին Նժդեհի երգը», «Անդրանիկ քաջի հետքերով», «Սոսեի երգը», «Զարթիր, լաո», «Զեյթունցիների հիմնը», «Դրոյի երգը», «Լիզբոնի տղաների երգը», «Երգ Սարդարապատի»), դրանք ձայնագրվել են սկավառակների վրա և համայնքներում կայացած հանդիպումների ժամանակ բաժանվել մասնակիցներին։
«Մեղվիկ» ՀԿ նախագահ Վեհանուշ Հովհաննիսյանը նշում է, որ ծրագիրն անցկացվել է Շիրակի մարզի սահմանամերձ համայնքներում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանամերձ բնակավայրի յուրաքանչյուր բնակիչ մի զինվոր է. «Հակառակորդի հարձակման դեպքում մեր հայրենիքի առաջին պաշտպանները հենց նրանք են։ Մեր նպատակն է, երեխաների, երիտասարդների մեջ բարձր պահել հայրենասիրական, մարտական ոգին՝ ռազմահայրենասիրական երգերի միջոցով»։ Նա նաև նկատում է, որ ծրագրի մասնակիցները մեծ ոգևորությամբ, սիրով ու խրոխտ են երգում մեր ազգագրական, ռազմահայրենասիրական երգերը, հատկապես՝ «Գինի լից»-ը, «Ախպերս ու ես»-ը, «Զարթիր, լաո»-ն։ Հանդիպումների ընթացքում անցկացվում էին նաև փոքրիկ դասախոսություններ, որոնց ընթացքում ՀԿ-ի անդամները ներկայացնում էին մեր ազգային ազատագրական պայքարը, հայդուկների, ազատամարտիկների մասին պատմություններ։
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։
Նախագահի աշխատակազմի կողմից հասարակական կազմակերպություններին տրամադրվող դրամաշնորհային ծրագրերի համակարգող Գայանե Մանուկյանը նկատում է, որ ազգային-ազատագրական երգը մեր պատմությունն է, մեր վշտի ու մեր հաղթանակի, մեր հերոսների կրած տառապանքի ու կերտած սխրագործությունների արտացոլանքը: «Մեծ է ազգային-ազատագրական երգի դերը սերնդի դաստիարակության գործում: Այս երգերով է նոր սերունդը ծանոթանում իր անցյալին, ազգի պատմության առանցքային դրվագներին, հերոսների կյանքին, նրանց զոհաբերությանն ու քաջագործությանը: Հեղափոխական երգով է նոր սերունդը լցվում հայրենասիրությամբ, վճռականությամբ ու մարտունակությամբ: Այն այսօր նույնքան էական է, որքան և երեկ: Էական է, որովհետև ավարտված չէ պայքարը: Անկախ է Հայաստանը, ազատագրված է Արցախը, սակայն տակավին վերականգնված չէ արդարությունը հայ ազգի նկատմամբ: Պայքարը շարունակվում է, իսկ այդ սրբազան պայքարին զինվորագրվող հայ նոր սերնդի ոգին հեղափոխական երգի միջոցով է նաև լցվում աննկուն կամքով և հարատև պայքարի հաստատակամությամբ»,- ասում է Գայանե Մանուկյանը՝ ավելացնելով, որ ծրագրի շրջանակներում ուսուցանվում են երգեր, որոնք վերաբերում են հայ ազգային ազատագրական պայքարի սկզբնափուլին, պայքար, որի փառապսակն է Սարդարապատի հերոսամարտը: