«Լույս» հիմնադրամի 60 կրթաթոշակառուներ բաց նամակ են հղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, մտահոգություն հայտնելով, որ «ժողովրդավարական պետություն և հասարակություն կառուցելու ճանապարհից շեղվել ենք և ըստ էության շեղվում ենք միմյանց տրված խոստումներից»: Հիմնավորելով իրենց միտքը՝ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուները գրել են. «Այսպես ենք կարծում, քանի որ իշխանության մեջ բազմավարություն և փոխարինելիություն, ինչպես նաև սերնդափոխություն ապահովելու սկզբունքը խախտվել է:
Լինելով աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներ` մենք հանդիսանում ենք ժամանակակից գիտելիքի և ազատ մտքի կրողներ և հետևաբար վստահ կարող ենք ասել, որ ներառական բնույթի քաղաքական ու տնտեսական հաստատություններ չունեցող մեր երկրում, իշխանության բարձրագույն պաշտոնը մեկ անձի կողմից երրորդ անգամ զբաղեցնելը` անկախ հանգամանքներից, վտանգում են ժողովրդավարությունն ու բազմավարությունը, ինչը իր հերթին գալիս է նսեմացնելու հասարակությունում արդարության և հանդուրժողականության սկզբունքները»։
Նրանք նաև կոչ են անում վարչապետ Սերժ Սարգսյանին՝ հետ կանգնել իշխանությունը ստանձնելու իր քայլից։ «Սրանով Դուք մեծ ներդրում կատարած կլինեք Հայաստանի` որպես ժողովրդավարական պետության կայացման հարցում», նշում են «Լույսի» կրթաթոշակառուները՝ միաժամանակ իրենց համակրանքը հայտնելով ցուցարար ուսանողներին։
Սերժ Սարգսյանը «Լույս» հիմնադրամի հիմնադիրներից է և Գործադիր խորհրդի անդամ։ «Լույս» հիմնադրամը պաշտոնապես արձագանքել է կրթաթոշակառուների բաց նամակին, նշելով, որ ապաքաղաքականացված կառույց է, և մատնացույց անելով, որ բաց նամակի տակ ստորագրել է իրենց 515 կրթաթոշակառուների ու շրջանավարտների մի մասը միայն։
«Այս հաղորդագրությամբ «Լույսի» համայնքը, անկախ իր անդամների քաղաքական դիրքորոշումներից, իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի ներկա և ապագա զարգացումների վերաբերյալ։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում նպաստել Հայաստանի խաղաղ և կայուն զարգացմանը առարկայական նախաձեռնությունների միջոցով»` ասված է հիմնադրամի հաղորդագրությունում։