1993 թ. ապրիլի 17-ին ծանր երկունքով լույս աշխարհ եկավ «Լեզվի մասին» ՀՀ օրենքը: Որպես փոխաբերություն չեմ ասում. ազգային, պետական, մշակութային, քաղաքական, իրավական առումով բացառիկ նշանակության փաստաթղթի ծնունդն իսկապես տառապանքով է եղել:
Երբ օրենքի նախագիծը Գերագույն խորհրդում դրվեց քվեարկության, հակընդդեմ փաստաթուղթ էր բաժանվում՝ «Ինչու չպետք է ընդունել Լեզվի մասին օրենք» խոսուն վերնագրով: Հայերենամերժ որոշ պատգամավորներ հայոց լեզվի ոտնահարված իրավունքները վերականգնելու մեր պայքարը փորձում էին մեկնաբանել որպես ռուսերենի, անգամ Ռուսաստանի դեմ թշնամանք, տագնապի նամակներ էին հղում միջազգային ատյաններին, թե իբր Հայաստանում ոտնահարվում են «լեզվական փոքրամասնության» իրավունքները:
Անտրամաբանական, բայց անողոք փաստ է. Լատվիայում լեզվի օրենքի ընդունմանը խոչընդոտում էին այլազգիները՝ ռուսներն ու ռուսախոս հրեաները, Հայաստանում՝ «հայերն՝ ընդդեմ հայերենի». մի իսկական ազգային ողբերգություն էր երեք տարի շարունակ խաղացվում հայոց խորհրդարանի բեմում: Հուսով եմ, որ հետագայում ոմանք դարձի եկան, հասկացան լեզվի վճռորոշ դերը ազգային ինքնության և արժանապատվության մեջ:
Ինչևէ, «Լեզվի մասին» օրենքը տարիների փորձությանը դիմացել է: Եվ եթե դժգոհում ենք ներկայիս բարձիթողի լեզվական քաղաքականությունից, ապա հիմնական պատճառը սույն օրենքի (ինչպես և մյուս օրենքների) ոչ լիարժեք կատարումն է:
Քսանհինգ տարվա ընթացքում հայերենի դիրքերը, անտարակույս, ամրացել են, ինչն արգասիքն է մի քանի գործոնի՝ 1988-1991 թթ. ազգային զարթոնքի, հայախոսների լեզվական պատասխանատվության մակարդակի բարձրացման և փոխադարձ պահանջկոտության խստացման, լեզվական համակարգի ինքնամաքրման և ինքնազորացման կարողության, մասամբ՝ լեզվական օրենսդրության աստիճանական իրականացման:
Այդուհանդերձ, հայաստանյան արդի լեզվավիճակը բնորոշվում է լուծման կարիք զգացող շատ խնդիրներով, պետության լեզվական քաղաքականության ռազմավարական նպատակադրումների հստակեցման անհրաժեշտությամբ:
Առավել անհանգստացնողը հրապարակային խոսքի աղավաղումն է՝ արտասանական, լեզվատրամաբանական, շարահյուսական, ոճական: Քանիցս հրապարակումներ են եղել հեռուստաեթերի, հատկապես սերիալների լեզվական գռեհկաբանության մասին, ինչն ուղղակի վտանգավոր է հայ նորելուկ սերունդների լեզվամտածողության համար: Զավեշտաբանի հավակնություններով որոշ հաղորդավարների միակ զբաղմունքը, կարծեք, հարազատ լեզուն ծանակելն է: «Լեզվի մասին» օրենքի հիմնական պահանջներից մեկը հայերենի անաղարտության ապահովումն է, ուստի և Լեզվի պետական տեսչության (այժմ՝ Լեզվի կոմիտեի) գործունեության հիմնական ուղղություններից մեկը: Եվ նախկինում այդպես էր. տեսչությունը հետևողականորեն վերահսկում էր մամուլի, եթերի, Գերագույն խորհրդի նիստերի հեռարձակվող լեզուն: Դրա կարիքը այժմ էլ կա. ամենաբարձր մակարդակի պետական և քաղաքական գործիչներից ոչ բոլորն են, ցավոք, գիտակցում սեփական լեզվական պատասխանատվությունը:
Անկախ պետության օրոք վաղուց պիտի դադարեր հայ երեխաների հոսքը օտարալեզու դպրոց: Մինչդեռ եթե 1997-1998 ուստարում ընդամենը 7 դպրոցում կային ռուսերենով ուսուցման դասարաններ՝ մարման միտումով, ապա ընթացիկ ուստարում, լրիվ չճշտված տվյալներով (քանի որ ոչ մի ատյան դա չի վերահսկում, ուստի և չի էլ հաշվառում)՝ 43 դպրոցում:
Օտարալեզու կրթության «տրոյական ձիու» առջև դուռը Ազգային ժողովն է բացել. «ՀՀ օրենքը «Լեզվի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» (22.12.2010) մայր օրենքի 2-րդ հոդվածի երրորդ մասից հետո լրացրել է հետևյալը. «Հանրակրթության ոլորտում միջազգային կրթական ծրագրերի իրականացման առանձնահատկությունները սահմանվում են «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով»: Իսկ վկայակոչված օրենքի 3-րդ հոդվածը լրացվել է 6.1-ին մասով, որտեղ որոշակիացված է օտարալեզու ուսում իրականացնելու իրավունք ստացող հաստատությունների թիվը՝ 11: Պարզ ասենք՝ ո՛չ թիվ նշելն է պատշաճ օրենքի իրավական լեզվին, ո՛չ էլ ինքնամխիթարական այն հավելում-վերապահումը, թե «օտար լեզվով կրթական ծրագրեր իրականացնող՝ սույն մասով սահմանված ուսումնական հաստատություններում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար հայոց լեզվի և հայագիտական առարկաների հայերենով ուսուցումը պարտադիր է՝ հանրակրթության պետական չափորոշիչին համապատասխան»: Իսկ չէ՞ որ անցել ենք այս փորձանքի միջով, երբ մեզ ճգնում էին համոզել, թե հայ երեխան հանրակրթական բոլոր առարկաներն անցնելով ռուսերեն, դպրոցը չի ավարտում խաթարված լեզվամտածողությամբ, քանի որ նրան ապահովում են… «արմյանսկի յազիկ» առարկայով:
ՀՀ լեզվական օրենսդրության մեջ գործածվում են «պետական լեզու», «պաշտոնական լեզու», «ազգային փոքրամասնությունների լեզու» և «այլ լեզուներ» բնորոշումները: Հայերենը պետական լեզուն է, գրական հայերենը՝ պաշտոնական լեզուն: Ռուսերենը, հունարենը, ուկրաիներենը, լեհերենը, քրդերենը, հայաստանաբնակ մյուս այլազգիների լեզուները՝ «ազգային փոքրամասնության լեզու»: Անգլերենը, ֆրանսերենը, գերմաներենը, ճապոներենը, թուրքերենը և Հայաստանում ազգային փոքրամասնություն չունեցող մյուս լեզուները՝ «օտար լեզու»:
Այս հասկացական տիրույթում ռուսերենը ազգային փոքրամասնության լեզու է: Սա նշանակում է, որ ռուսական դպրոց (նաև հունական, ասորական, քրդական և այլն) կարող է լինել միայն համայնքային ենթակայության, ինչպես դա արվում է այլ պետություններում (հայկական դպրոցները Ֆրանսիայում, Լիբանանում և այլն): Ոչ պետական լեզվով պետական դպրոցներ գործում են հիմնականում նախկին գաղութային երկրներում. այդկերպ նախկին մետրոպոլիան պահպանում է իր մշակութային և քաղաքական ներկայությունը անկախ պետությունում, ստվարացնում սեփական գործակալների խավը:
Օդում կախված է մնացել օրենքի՝ «Հայաստանի Հանրապետությունը նպաստում է հայերենի ուղղագրության միասնականացմանը» պահանջը, որի շուրջ 1994-1998 թթ. մեծ աղմուկ էր բարձրացել: Համազգային-պետական նշանակության այս խնդիրը դարձավ հայաստանյան որոշ լեզվաբանների պատվամոլության (նաև՝ ծուլության) զոհը: Տեսչությունը հրապարակավ քանիցս դիմել էր մասնագետներին, թե ներկայացրեք խնդրի լուծման ձեր տարբերակը, քննարկենք-գտնենք լավագույն ուղին, բայց այդպես էլ ոչ մի առաջարկ չեղավ: Երկո՛ւ ուղղագրություն. աշխարհի ոչ մի լեզվի, ոչ մի ժողովրդի հետ նման աղետ չի պատահել:
Քանի որ կառավարությունը Լեզվի պետական տեսչության ստեղծումով լուծարեց Տերմինաբանական պետական կոմիտեն, տեսչությունն իր կազմում վերստեղծեց (13.10.1995) նույն գործառույթներն իրականացնող մարմին՝ Հայերենի բարձրագույն խորհուրդ՝ ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի գլխավորությամբ: Խորհուրդը իր մասնագիտացված ճյուղային եզրաբանական հանձնաժողովների աշխատանքով արգասաբեր եղավ հայերենի կանոնարկման ասպարեզում: Հայերենացվեցին և շրջանառության մեջ դրվեցին բազում նոր եզրեր՝ հասարակական-քաղաքական, տնտեսագիտական, աշխարհագրական, բժշկագիտական, կենսաբանական, տեղեկատվական, կենցաղային և այլն: Հետագայում խորհուրդը վերացավ. փաստորեն, մի քանի տարի հայերենի կանոնարկման օրենսդրական պահանջը չի կատարվել, և դրա համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Եվ սա բնավ էլ մանրուք չէ, այլ լեզվի բնականոն գործառության և լիածավալ զարգացման հիմք: Եթե հայերենը չզարգանա գիտության և մշակույթի բոլոր ասպարեզներում անխտիր, ապա հատկապես անգլերենի ճնշման տակ վերստին սպառնում է վերածվելու կենցաղային լեզվի, ինչպիսին էր խորհրդային տարիներին:
Թեպետ 2017 թ. մարտի 2-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետին կից հայերենի բարձրագույն խորհուրդ», սակայն այն տպավորությունն է առաջանում, թե այս կառույցը նախատեսվել էր սոսկ լեզվի տեսչությունը «մեղմորեն» վերացնելու համար:
Բնավ հնարավոր չէ պնդել, թե լիարժեքորեն կատարվում է օրենքի՝ պետական կազմակերպություններին ներկայացվող պահանջը հրապարակային միջոցառումների ընթացքում ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը: Եվ երբեմն հայաստանցին զրկվում է պետական լեզվով տեղեկություն ստանալու հնարավորությունից:
Ժամանակին երկար քննարկվեց օրենքի նախագծի այն ձևակերպումը, թե հայաստանյան բոլոր ուսումնական հաստատություններում հայոց լեզվից ընդունելության քննությունը և հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են: Այս դրույթի հակառակորդները քիչ չէին: Իսկ կողմնակիցներիս հիմնավորումն այն էր, որ բուհում պետք է ուսուցանել մասնագիտական հայերեն, այն է՝ ապագա բժիշկը, ինժեները, իրավաբանը, տնտեսագետը, այլ մասնագիտության տերը կատարելապես տիրապետի իր ասպարեզի լեզուն և, համագործակցելով լեզվաբանների հետ, նպաստի դրա զարգացմանը: Այսօր ցավալի է, բայց իրողություն. բուհերում մասնագիտական հայերենի ուսուցումը ձախողվել է . ընդամենը դպրոցական ծրագրերից արդեն ծանոթ թեմաների անհարկի ու ձանձրալի կրկնություն է, ինչը ոչ միայն հեռու է մեր նպատակադրումից, այլև վանում է լեզվից:
Փոքրածավալ հոդվածում հնարավոր չէ շոշափել լեզվաքաղաքականության բոլոր խնդիրները, օրինակ՝ հայերեն հրատարակությունների համար հարկային և այլ արտոնությունների սահմանման անհրաժեշտությունը, դասագրքերի լեզվական մակարդակի վերահսկողությունը, թարգմանական գրականության ստեղծման կանոնակարգումը և այլն: Հավելենք միայն, որ, ինչպես վկայում է մյուս պետությունների փորձը, լեզվական օրենսդրությունը տարիների ընթացքում հարկ է լինում ավելի խստապահանջ դարձնելու: Ամբողջ աշխարհում ոչ միայն տնտեսական, քաղաքական, կրոնական, մշակութային հարատև մրցակցություն է ընթանում, այլև լեզուների պայքար, ավելին՝ «լեզուների պատերազմ»:
ՈՒրեմն, հայոց պետությունը պետք է իրապես կանգնի իր լեզվի մեջքին, ամեն ինչ անի հայերենի լիածավալ ու անմրցակից համահանրային գործառության և անխոչընդոտ զարգացման համար: Չպետք է կրկնվի Լեզվի մասին օրենքի ընդունման տխուր պատմությունը: Հուսանք գոնե, որ այլևս որևէ մեկին հարկ չի լինի արձանագրելու այսօրինակ բարձիթողի վիճակը 2023 թվականին՝ «Լեզվի մասին» օրենքի երեսնամյակի առիթով գրվելիք հոդվածում:
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության
հիմնադիր պետ
(1993-1998), փ.գ.դ., պրոֆեսոր
Հ.Գ. Քիչ էր մնում մոռանայի շնորհավորել բոլորիս «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 25-ամյակի առթիվ: Նաև՝ շնորհակալություն հայտնել «Իրատես» թերթին, որ հնարավորություն ընձեռեց հիշեցնելու հայերենի շիտակ պաշտպաններին հետևողական լեզվապայքարի անհրաժեշտությունը: