Նոյեմբերի 16-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում երիտասարդական տոների շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում ուսանողական կառույցների ներկայացուցիչների և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի միջև։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը և Լևոն Մկրտչյանն ուսանողների հետ քննարկել են կրթությանը, գիտությանը, երիտասարդությանն առնչվող հարցեր։
Կարեն Ավագյանն ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում բավականին շատ խնդիրներ են լուծվել ուսանողների և երիտասարդների համար։ «Եթե նախկինում ուսման վարձի փոխհատուցման մասին խոսելը երազանքների ոլորտից էր, ապա վերջին 5 տարիների ընթացքում միայն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից փոխհատուցվել է ավելի քան 5000 ուսանողի ուսման վարձ։ Մեծաթիվ երիտասարդ մասնագետներ, ընտանիքներ կառավարության, իշխանության ծրագրերի շնորհիվ ապահովվել են բնակարանով։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով իրականացվում են երիտասարդ գիտնականներին ուղղված բազմաթիվ ծրագրեր։ Հատկացվում են ուսանողական վարկեր։ Շատ խնդիրներ, որ ժամանակին անլուծելի էին թվում, իրենց լուծումները գտել են»,- ասել է պարոն Ավագյանը։
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, խոսելով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմավորման պատմության մասին, նշել է, որ ժամանակին հենց ուսանողների հետ քննարկումների արդյունքում է ձևավորվել կարծիք, որ անհրաժեշտ է ստեղծել հիմնադրամ, որը կարտահայտի ուսանողության շահերը։ «Այսօր Երիտասարդական հիմնադրամի միջոցով իրականացվում են բազմաթիվ ծրագրեր»,- նշել է Լևոն Մկրտչյանը։
Պարոն նախարարը խոսել է նաև կրթական խնդիրներից։ Նա շեշտել է, որ կրթության և գիտության նախարարությունը ներկայացնում է ամենածանրաբեռնված աշխատանք ունեցող հատվածը։ «Հայաստանում ուսանողների, ուսուցիչների, կրթության մեջ ներառված դասախոսական կազմի թիվն անցնում է 500 հազարից։ Մենք սոցիալապես ակտիվ հատվածի կառավարումն ենք իրականացնում, որից կախված է մեր ապագան»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ մեր նպատակն է՝ երկրի պայմաններից բխելով կարողանանք մրցակցային առավելություններ ունենալ կրթության և գիտության բնագավառներում։ «Հայաստանն այլ ճանապարհ չունի, քան օգտագործել իր քաղաքացիների հնարավորությունները»,- ասել է Լևոն Մկրտչյանը։ Նա նաև նշել է, որ այդ ճանապարհը բավականին դժվար ու երկարատև է։ Աշխարհը շատ արագ է զարգանում, մրցակցային պայմանները խստանում են, և համակարգերը սկսում են պայքարել ավելի շատ որակի առումով։
Հանդիպման ավարտին մի շարք երիտասարդներ ՀՀ ԿԳՆ կողմից արժանացել են պարգևների։ Մասնավորապես, Կրթության և գիտության նախարարության Ոսկե հուշամեդալով են պարգևատրվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը։ Պատվոգրերով և շնորհակալագրերով են պարգևատրվել նաև երիտասարդական և ուսանողական կառույցների ներկայացուցիչներ։