Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Սերժ Սարգսյան. Վաղվա Հայաստանը պետք է լինի ավելի կրթված ու ստեղծագործ քաղաքացիների ձեռքում

Սերժ Սարգսյան. Վաղվա Հայաստանը պետք է լինի ավելի կրթված ու ստեղծագործ քաղաքացիների ձեռքում
20.10.2016 | 08:49

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում Հայաստանի նախագահի 2016-ի կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին: Նախագահի նստավայրում պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդները ստացել են հուշախորհրդանիշ և դրամական պարգև: Նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանացել են 28 ուսանող և 15 աշակերտ 5 բուհից և 8 ավագ դպրոցից: Մինչ այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տարբեր անվանակարգերում պարգևին արժանացել են 409 ուսանող և աշակերտ:


Արարողության ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է. «Նախագահի հաճելի պարտականություններից մեկը պարգևներ հանձնելն է, բայց այս պարագայում՝ ինձ համար սա կրկնակի հաճույք է, որովհետև նախ պարգևների են արժանանում երիտասարդ մարդիկ, ովքեր վաղը կերտելու են Հայաստանը, ապա նաև՝ սա այն ոլորտն է, որը Հայաստանի համար շատ կարևոր ու հեռանկարային է: Ես ուրախ եմ ոչ միայն ձեզ համար: ՈՒրախ եմ ձեր ուսուցիչների, ձեր դասախոսների, ձեր հարազատների, մեր ողջ հասարակության համար, որովհետև սա ինչ-որ տեղ ընդգծում է, որ մենք ճիշտ ճանապարհով ենք առաջ շարժվում: Վաղվա Հայաստանը պետք է լինի ավելի կրթված, ժամանակի հետ համընթաց քայլող և բանիմաց ու ստեղծագործ քաղաքացիների ձեռքում: Վաղվա Հայաստանը պետք է լինի զարգացած տեղեկատվական աշխարհի տիրույթում: Մենք այլ ճանապարհ չունենք»:

«Ձեր հաջողությունները մեզ լավատեսություն և ուրախություն են պարգևում: Եղեք ավելի նախաձեռնող, շատ համարձակ ձեր նախաձեռնություններում և համառ՝ կրթության մեջ: 21-րդ դարը շատ արագ է զարգանում: Մենք այսօր ապրում ենք արագ զարգացող աշխարհում: Մենք ձեր տարիքում չգիտեինք, թե ինչպիսի մասնագիտություններ են լինելու զարգացած տեխնոլոգիաների, համացանցի դարաշրջանում: Նույնն էլ լինելու է 20-30 տարի հետո: Դրան պետք է պատրաստ լինել, և վստահ եմ, որ դուք պատրաստ եք լինելու»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ շեշտելով. «Հաստատ իմացեք՝ լավ սովորելը, հաջողություն ունենալը ծառայություն է երկրին»:

Դիտվել է՝ 1193

Մեկնաբանություններ