«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

«Պանծալի ճարտարապետների և շինարարների ստեղծածն այսօր զարգացնում են մեր շրջանավարտները»

«Պանծալի ճարտարապետների և շինարարների ստեղծածն այսօր զարգացնում են մեր շրջանավարտները»
11.10.2016 | 00:25

Եվս 5 տարի, և ճարտարապետության ու շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) կդառնա 100 տարեկան, իսկ այս հոկտեմբերին հարուստ ավանդույթներ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատությունը կտոնի իր 95-ամյակը: 1921-ին Երևանի պետական համալսարանում ձևավորվեց ճարտարապետության և շինարարության ֆակուլտետը, որը տարիներ անց շարունակեց իր կրթական, գիտահետազոտական և գործնական աշխատանքներով նպաստել Հայաստանի ճարտարապետության և շինարարության զարգացմանն արդեն պոլիտեխնիկական ինստիտուտի պատերի ներսում: 1988-ի աղետալի երկրաշարժից հետո պետական մակարդակով որոշվեց ֆակուլտետը դուրս բերել պոլիտեխնիկի կազմից և ձևավորել որպես առանձին համալսարան: Կարճ ժամանակահատվածում ՃՇՀԱՀ-ն դուրս եկավ միջազգային ասպարեզ, և «Ճարտարապետություն» մասնագիտության դիպլոմը ճանաչվեց Ֆրանսիայի կառավարության կողմից: Սա միջազգային միակ ձեռքբերումը չէ. անցած տարի Իսպանիայի «Որակի գնահատման և հավատարմագրման ազգային գործակալության» և Ֆրանսիայի «Բարձրագույն կրթության և հետազոտությունների գնահատման բարձր խորհրդի» կողմից համալսարանը ստացավ եվրոպական ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ համապատասխան հավաստագրով: Ինչ խոսք, սրանք լուրջ ձեռքբերումներ են, սակայն կրթությունն ու գիտությունը պահանջում են լուրջ ֆինանսավորում, ինչը, Հայաստանի ներկայիս տնտեսական վիճակի պայմաններում, դառնում է խնդրահարույց։ Չնայած այս հանգամանքին՝ ՃՇՀԱՀ-ն տարեցտարի զարգանում է: Ինչպե՞ս է դա ստացվում։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք ՃՇՀԱՀ-ի ՏՏ և ֆինանսական աշխատանքների գծով պրոռեկտոր ՄԱՐԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:

-Այո, ճիշտ նկատեցիք, համալսարանն անընդհատ զարգանում է, ամեն տարի մենք ստեղծում ենք տեխնիկապես հագեցած 4-5 լաբորատորիա,- ասաց պրոռեկտորը։- Արտերկրի մեր գործընկերներն ու հյուրերը փաստում են, որ իրենց երկրների ուսումնական հաստատություններն անգամ կարող են հպարտանալ նման սարքավորումներով հագեցած լաբորատորիաներով: Այդ ձեռքբերումը համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի աշխատանքի արդյունքն է:
-Ակնհայտ է, որ ուսումնական հաստատության ֆինանսական միջոցները գլխավորապես առաջանում են ուսման վճարներից: Գաղտնիք չէ նաև, որ վերջին տարիներին բնակչության վճարունակությունը գնալով նվազում է, ինչը, բնականաբար, բացասաբար է անդրադառնում նաև ուսման վճարների հավաքագրման գործընթացի վրա: Սա խնդիր է, որն առկա է բոլոր համալսարաններում: Ինչպե՞ս է այս հարցը լուծվում ձեզ մոտ:
-Լուրջ խնդիր եք բարձրաձայնում, որն առկա է բոլոր բուհերում: Իհարկե, սոցիալական պայմաններից ելնելով, մեր ուսանողները ևս դժվարանում են ժամանակին վճարել ուսման վարձը: Կարծում եմ՝ վերը նշված խնդիրը կարելի է լուծել համալսարանական կրթական դաշտում մեկենասության ինստիտուտի վերականգնման միջոցով, ինչպես դա արվում է արտերկրում: Ցավոք, մեզ մոտ այդ մշակույթը զարգացած չէ: Ճիշտ է, լինում են նման մեկ-երկու դեպքեր, օրինակ, այս տարի մեր մեկ ուսանողի վճարի փոխհատուցումն իր վրա վերցրեց «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը:
Բացի նշվածից, ընդհանրապես համալսարանին մշտապես աջակցել և աջակցում են Շինարարների միության անդամ կազմակերպությունները, անհատ շինարարներ և ձեռներեցներ, ճարտարապետներ, որոնք մեր նախկին շրջանավարտներն են: Մենք շատ ենք կարևորում մեր շրջանավարտների հետ համագործակցությունը, ինչը, հուսով ենք, լավ ավանդույթ կդառնա:
-ՃՇՀԱՀ-ն իր ուղղվածությամբ միակն է, բայց և այնպես, բացի հիմնական մասնագիտացումից, ունեք նաև այլ ֆակուլտետներ, այդ թվում՝ «Կառավարման և տեխնոլոգիայի», որի զարգացմանը մեծ ուշադրություն է դարձվում: Նման ֆակուլտետ ունեն մեր շատ համալսարաններ, արդյո՞ք մրցակցության խնդիր չի առաջանում:
-Մրցակցության խնդիր չկա, քանի որ մեր ֆակուլտետն ունի և՛ ավտոմատացված կառավարման, և՛ ՏՏ ոլորտին առնչվող մասնագիտություններ, որոնք պահանջված են ճարտարապետության և շինարարության ոլորտում: Տեղեկատվական տեխնոլոգիաները մեր կյանքում ամենուր են, լայնորեն տարածված են ներկառուցված համակարգերը: Մեր ֆակուլտետը առաջիններից է, որ այդ ուղղությամբ մասնագիտացում է ներդրել և ոլորտի զարգացման ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում: Վերջերս Սլովակիայի Նիտրա քաղաքում կայացավ գիտաժողով՝ նվիրված ներկառուցված համակարգերին: Մեր համալսարանից գիտական և հետազոտական աշխատանքներով հանդես եկան ոչ միայն մեր պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, այլև մեր ուսանողները:
-Համալսարանը տասնյակ տարիներ առանձնակի ուշադրություն է դարձնում գիտահետազոտական գործունեությանը, լույս են տեսել բազմաթիվ տեղեկագրեր, գիտական հանդեսներ՝ լուրջ դերակատարություն ունենալով գիտական աշխարհում: Ի՞նչ նոր սպասելիքներ կարող է ունենալ գիտակրթական հասարակությունը:
-Քանի որ տարին մեր համալսարանի համար հոբելյանական է, բացի հիմնական պարբերականներից՝ ՃՇՀԱՀ գիտական աշխատություններ, ՃՇՀԱՀ տեղեկագիր, Հայաստանի շինարարների միության տեղեկագիր, նոր աշխատություններ, կհրատարակվեն նաև մենագրություններ՝ նվիրված հոբելյանին: Մասնավորապես, հոկտեմբերի 26-28-ին կայանալիք «Ճարտարապետություն և շինարարություն. արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովի բոլոր նյութերը տպագրման փուլում են և լույս կտեսնեն առանձին երկհատորյակով, որն ինդեքսավորված է միջազգային գիտական շտեմարանում:
-Տիկին Ղազարյան, ի՞նչ զգացողությամբ եք մտնում 95-ամյա համալսարան:
-Համալսարանը մեր ազգային ճարտարապետության և շինարարության լավագույն ավանդույթների կրողն է, և մենք հպարտ ենք, որ այդ հարուստ ժառանգության հետևորդն ենք: Մեր պանծալի ճարտարապետների և շինարարների ստեղծածն այսօր զարգացնում են մեր շրջանավարտներն ու մեր ուսանողները՝ բարձր պահելով համալսարանի անունը, գրավելով պատվավոր տեղեր միջազգային մրցույթներում:


Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2277

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ