Ամիսներ առաջ Աբովյանի պետական քոլեջում էի: Գրեթե լուծարման եզրին հայտնված այս հաստատությունը վերաիմաստավորեց իր գոյակերպը 2014-ի աշնանը, երբ տնօրեն նշանակվեց Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանի սան, Երևանի գեղարվեստի ակադեմիայի ուսանող, նաև Մարսել քաղաքի արվեստի դպրոցի շրջանավարտ, Հայաստանի նկարիչների միության անդամ ԳԵՎՈՐԳ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ: Նա Աբովյանի պետական քոլեջ աշխատելու հրավիրեց Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի վաստակաշատ աշխատակից, ՀՆՄ պատվավոր անդամ ԱԼԲԵՐՏ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ և մի քանի դասախոսների:
«ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՁԵՎՈՎ ԳՈՎԱԶԴՈՒՄ ՔՈԼԵՋԸ»
-Պարոն Սողոմոնյան, նախորդ հանդիպման ժամանակ Դուք հույսով ու հավատով նշում էիք, որ տեսանելի հեռանկարում, դասավանդվող մյուս մասնագիտություններին զուգահեռ, քոլեջն ավելի գեղարվեստական բնույթ կունենա: Արդարանո՞ւմ են Ձեր հույսերը:
-Բարեբախտաբար, այո: Դեկորատիվ-կիրառական բաժին ենք բացել, այս տարի նաև թատերական արվեստի բաժնում կան դիմորդներ: Յուրաքանչյուր օր տասից տասնհինգ դիմորդ է այցելում մեզ, ընդ որում՝ ոչ միայն Աբովյան քաղաքից և շրջակա բնակավայրերից, քոլեջում ցանկանում են սովորել Երևանից և անգամ Արմավիրից ճանապարհ կտրող և քոլեջ հասնող ուսումնատենչ պատանիներն ու աղջիկները: Անկեղծ ասած, գովազդով կամ այլ ճանապարհներով չենք փորձում գայթակղել մեր ապագա սաներին, և ոչ այն պատճառով, որ գովազդը բավականին գումար է պահանջում, իսկ մեր միջոցները սուղ են և նպատակաուղղվում են իրատեսական ծրագրերի իրականացմանը, այլ այն պատճառով, որ մեր շրջանավարտներն ու մեր ներկա ուսանողներն են ամենալավ ձևով գովազդում քոլեջը՝ իրենց գիտելիքներով, հաճախ պատմելով քոլեջի առօրյայի, իրենց դասախոսների մասին և այլն: Երբեմն հասնում ենք քոլեջ և անակնկալ հանդիպում ենք մեր սաներին: Առավոտյան վաղ նրանք նկարում են քոլեջի բակում: Սա մի՞թե պատիվ չէ մեզ համար: Այսօր հանրապետությունում բավականին պահանջարկված են զբոսաշրջության ոլորտի մասնագետները, Հայաստանը գրեթե անսպառ զբոսաշրջային ներուժ ունի, բնականաբար, մենք ընդառաջեցինք առկա պահանջարկին: Ցավոք, այս տարի չհասցրինք ձևավորել հագուստի մոդելավորման բաժինը, սակայն գալիք տարի այն կյանքի կկոչենք: Այսպիսով, գեղարվեստն ու մշակույթը իշխող դիրքեր են գրավում մեր քոլեջում: Սակայն, հավատացեք, Աբովյանի պետական քոլեջի ուղղորդումը դեպի մշակույթ և կերպարվեստ ամենևին պայմանավորված չէ նկարիչ լինելուս հանգամանքով, ուղղակի մեր երկրում շատ են նկարչական հակում ունեցողները, և այդ հրաշալի ներուժը պետք է ի վերջո արտահայտվի պրոֆեսիոնալ մակարդակում:
«ՄԹՆՈԼՈՐՏԸ ԿՐԹՕՋԱԽՈՒՄ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ Է»
-Պարոն Գևորգյան, շուրջ 50 տարվա մանկավարժական փորձ ունեք, երկրորդ անգամ եմ ձեր հաստատությունում և նկատել եմ, որ սաների ու մանկավարժների հարաբերությունները ջերմ են, անմիջական, նաև գործնական:
-ՈՒրախ եմ, որ դա նկատելի է: Ի վերջո, կրթական և մարդկային փորձն անհրաժեշտ է ժամանակին և ճշտորեն փոխանցել գալիք սերնդին, պետք է պահպանել կրթօջախում ձևավորված և ձևավորվող ավանդույթը: Այս մոտեցումը անարդյունք չի մնում և իր բարի պտուղներն է տալիս: Նախորդ տարի կերպարվեստի բաժիններում ունեինք 39 ուսանող, այս տարի նրանք հասունացել, նոր որակներ են ձեռք բերել: Այս մայիսին կազմակերպեցինք նրանց ստեղծագործությունների ամփոփիչ ցուցահանդեսը, ուր ամփոփված էին վերջին երկու տարիների ընթացքում կուտակված հմտությունները:
-Եղա քոլեջի արվեստանոցներում, ծանոթացա քոլեջի սաների պլեներային աշխատանքներին. տպավորությունս գերազանցեց սպասելիքներս, շատ գործերում նկատելի էր երիտասարդ ստեղծագործողի ձեռագիրը:
-Դա մեր հմուտ դասախոսների ջանքերի շնորհիվ է, մեր քոլեջում դասավանդում են մարդիկ, ովքեր և՛ հիանալի ստեղծագործողներ են, և՛ մանկավարժներ, սիրով եմ ներկայացնում նրանց անունները. Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյան, Մհեր Նազարյան, Վարդան Պողոսյան: Առհասարակ, մթնոլորտը մեր կրթօջախում բավականին տրամադրող է, ցանկացած պահի ցանկացած հարցով յուրաքանչյուրը կարող է դիմել և՛ իր անմիջական դասավանդողին, և՛ ինձ, և՛, իհարկե, քոլեջի տնօրենին:
Մեր սաներից ոմանք ինչ-ինչ խնդիրների են հանդիպում և առանց քաշվելու դիմում են մեզ: Մենք ընդառաջում ենք նրանց ոչ միայն խորհրդով, այլև նկարչական զանազան պիտույքներով: Ստեղծագործող անհատը, որպես մարդ, առհասարակ, որքան էլ վառ ու հետաքրքիր է, նույնքան էլ խոցելի է, և արդեն երիտասարդ հասակից նրանց պետք է ամեն գնով աջակցել: Հավատացնում եմ, արժե ոչինչ չխնայել ապագա կերպարվեստագետի կայացման համար, տարիներ անց, երբ նախկին սանին հանդիպում ես, արդեն որպես ձևավորված ստեղծագործողի, ով հարստացնում է ազգային մշակույթը, լիուլի վարձատրված ես զգում քեզ:
-Ձեր և Գևորգ Սողոմոնյանի բարեկամությունը հետաքրքիր և օրինակելի է, Դուք Թերլեմեզյանի ուսումնարանում աշխատում էիք, երբ նա չէր ծնվել:
-Հավանաբար, մեր աշխարհընկալումներում ընդհանուր բաներ կան: Իսկ Գևորգին հիշում եմ, երբ դեռ ուսանող էր, այն տարիներին արդեն աչքի էր ընկնում ակտիվությամբ, նախաձեռնող էր և ձգտում էր ինչ-որ նոր բան անել, շուրջը հավաքել ընկերներին: Այս ամենը չէի մոռացել, և երբ նա ինձ հրավիրեց քոլեջ՝ աշխատելու որպես տնօրենի օգնական, առանց երկմտելու համաձայնեցի: Այսօր էլ Գևորգը նախաձեռնող է, և սովոր է սակավ միջոցներով շատ բանի հասնելու:
«ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ՔՈԼԵՋԸ ԴՌՆԵՐԸ ԿԲԱՑԻ ՇՈՒՐՋ 320 ՈՒՍԱՆՈՂԻ ԱՌԱՋ»
-Պարոն Սողոմոնյան, ներկայացրեք քոլեջի կյանքը նրա դարպասներից դուրս:
-Մեր կյանքում շատ կարևոր են պլեներները: Տարեկան երկու անգամ Ծաղկաձորում տասնօրյա ստեղծագործական հանգստի ենք մեկնում մեր սաների և դասախոսների հետ՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) և նրա նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի աջակցությամբ: ՀԵՀ-ը մշտապես գտնվում է ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանի հովանու ներքո: Շնորհակալ ենք նրան այս հիմնավոր և հեռանկարային համագործակցության համար: Առհասարակ, հրաշալի են ՀԵՀ-ի այս յուրօրինակ բանակումները, որոնց մասնակցում են բազմաթիվ ուսանողներ տարբեր ուսումնական հաստատություններից, չէ՞ որ փոխշփումները հարստացնում են նրանց ներաշխարհը, երբեմն էլ ապագա ամուսնությունների առիթ հանդիսանում: Այս ամենը, ինչ խոսք, լավ է, սակայն ես չեմ բավարարվում ձեռք բերածով, անելիքները այսօր և վաղը քիչ չեն, ծրագրերն ու մտահղացումները՝ ավելի շատ: Չէ՞ որ մշակույթն ու կերպարվեստը մեր ժողովրդի ուժեղ, տարբերիչ կողմն են, տեսանելի ապագայում միանգամայն հնարավոր է, որ հայ ազգային կերպարվեստն ամրագրվի միջազգային շուկաներում՝ ի շահ երկրի և նրա կերպարվեստագետների: Իսկ դրա համար պրպտուն և հոգեշահ աշխատանք է պետք, ինչն էլ անում ենք՝ մեր քոլեջի կոլեկտիվով: Ավելացնեմ, որ 2016-ի սեպտեմբերի 1-ին Աբովյանի պետական քոլեջը դռները կբացի շուրջ 320 ուսանողի առջև:
Կարևոր մի հիշեցում. պայմանագիր ենք վավերացրել Երևանի գեղարվեստի ակադեմիայի հետ, և մեր սաները, քոլեջն ավարտելով, ցանկության դեպքում կարող են ուսումը շարունակել նաև գեղարվեստի պետական ակադեմիայի 2-րդ կուրսում՝ առկա կրթական ձևով:
Ավարտելով խոսքս, վստահեցնում եմ «Իրատեսի» ընթերցողներին, որ մի քանի տարի անց, հանձին Աբովյանի պետական քոլեջի, Հայաստանը կունենա գեղարվեստի ևս մի բարձրակարգ կրթօջախ:
Զրուցեց Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ