Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) հիմնը` ԵՊԼՀ երգչախմբի կատարմամբ, շրջանավարտի երդումը: ԵՊԼՀ բակում այս տրամադրություններն էին տիրում: Բուհի 2015-2016 ուստարվա բակալավրիատի և մագիստրատուրայի 861 շրջանավարտ ստացավ ավարտական վկայական: Նրանցից 146-ը ստացան կարմիր դիպլոմներ:
Համալսարանի բակում կազմակերպված տոնական արարողությանը մասնակցեցին շրջանավարտներ, համալսարանի ուսանողական խորհրդի նախկին անդամներ, բուհի դասախոսներ, հյուրեր: Արարողությունն ուղեկցվեց գեղեցիկ համերգային ծրագրով, որի ընթացքում հանդես եկան ԵՊԼՀ տաղանդաշատ շրջանավարտները և երիտասարդության շրջանում հայտնի հայկական էստրադայի երգիչ-երգչուհիները` բուհի բարեկամ Արամ MP3-ը:
Բուհի ռեկտոր Գայանե Գասպարյանը հանձնեց կարմիր դիպլոմները: Նա շնորհավորեց շրջանավարտներին` վստահեցնելով, որ ավարտական վկայականները բազմաթիվ դռնեն կբացեն նրանց առջև և ուղեգրեր կլինեն դեպի նոր կյանք, որտեղ նրանց սպասում են բազմաթիվ ձեռքբերումներ ու հաջողություններ: Ռեկտորը վստահ է, որ բուհի շրջանավարտները կգնեն իրենց հաստատուն տեղն աշխատաշուկայում:
ԵՊԼՀ ուսանողական խորհրդի նախագահ Հասմիկ Ներսիսյանը նշեց, որ ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը ավանդական է, և անում են ամեն ինչ, որպեսզի այդ օրն իրոք տոնի վերածվի:
Բրյուսովցի շրջանավարտների համար օրը պատասխանատու էր: Միջազգային տուրիզմ բաժնի մագիստրոս, կարմիր դիպլոմակիր Ռուբինա Մնացականյանը հավաստիացրեց, որ գոհ է համալսարանում ստացած ուսուցումից և վստահեցրեց, որ ժխտում է մասնագիտությամբ աշխատանք չգտնելու մասին բոլոր հայտարարությունները. «Օրինակ, ես աշխատում եմ իմ մասնագիտությամբ Երևանի քաղաքապետարանում, ուստի հերքում եմ այն կարծրատիպը, թե մեր երկրում դժվար է մասնագիտությամբ աշխատանք գտնելը»:
Կարմիր դիպլոմակիր մագիստրոս Հայկ Համբարձումյանի համար կարմիր դիպլոմով բուհն ավարտելը դեռ չի նշանակում, որ արդեն կայացած մասնագետ ես. սա նշանակում է ավարտել համալսարան և սկսել նոր կյանք: Նա վստահ է, որ եթե մարդն ունի ձգտում ու աշխատասիրություն, անհնարին ոչինչ չկա. իր մասնագիտությամբ աշխատանք կգտնի:
Ավարտական վկայականների հանձման արարողությունը կազմակերպել էին ԵՊԼՀ ռեկտորատը, բուհի ուսանողական խորհուրդն ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: