«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

«ՈՒսուցիչը պետք է դասագիրք գրելու «ռիսկ» ունենա»

«ՈՒսուցիչը պետք է դասագիրք գրելու «ռիսկ» ունենա»
08.07.2016 | 08:39

Շատ քիչ աշակերտների ծնողների կարող ես այսօր հանդիպել, ովքեր չեն դժգոհում դպրոցական դասագրքերի որակից: Հիմնական պատճառն այն է, որ դրանք մատչելի չեն, խրթին են ու բարդ: Փաստորեն, ի՞նչ է ստացվում. գնալով կրթական մակարդակը նվազում է, իսկ դասագրքերը` բարդանո՞ւմ: Սա ծնողների տեսակետն է: Կա նաև դասագրքերի կազմման, այսպես ասած, մասնագիտական շրջանակների բացատրությունը. ըստ նրանց պնդումների, դասագրքերի հեղինակների «մաֆիա» է գործում, որն էլ դպրոցներին պարտադրում է սեփական դասագիրքը: Այս թնջուկը փորձեցինք քանդել ոլորտի մասնագետների հետ: Մինչ այդ նշենք, որ մի հարցում կրթության ոլորտի գրեթե բոլոր ներկայացուցիչները համակարծիք են` Հայաստանում դեռ չի կայացել դասագիրք կազմելու «շկոլան»: Սա է պատճառը, որ որոշ դասագրքեր դեռ թարգմանում ենք օտար հեղինակներից ու դաշտում ունենք չկարգավորված խնդիրներ:


Դպրոցի նախկին տնօրեն, այսօր ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի անդամ ՌՈՒԶԱՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ, կարևորելով դասագրքի մատչելի, աշակերտին գրավիչ լինելու հանգամանքը, նշեց, որ այսօր հենց այդ չափորոշիչներով էլ առաջնորդվում են հեղինակները: Պատգամավորը տեղեկացրեց, որ իրենք էլ ծնողներից շատ գանգատներ են ստանում, թե դասագրքերը դժվարամարս ու անհասկանալի են: «Ծնողները պետք է ոչ թե պասիվ քննադատող լինեն, այլ մասնագետների հետ ակտիվ մասնակցություն ունենան դասագրքերի ստեղծմանը: Դասագրքերը չեն կարող ստեղծվել միայն գիտնականների ջանքերով: Մանկավարժները պարտադիր ներգրավված պետք է լինեն այդ աշխատանքում»,- ընդգծեց տիկին Մուրադյանը` խնդրահարույց համարելով ուսուցիչների պասիվ դիրքորոշումն այս հարցում:


Չհամաձայնելով այն տեսակետին, թե դասագրքերը համատարած վատն են, մեր զրուցակիցը վստահեցրեց. «Կան, այո, դասագրքեր, որ վերանայման կարիք ունեն, բայց մենք հիմա այն փուլում ենք, որ առարկայական չափորոշիչներ են փոխվում, ըստ այդմ, պետք է նաև դասագրքերը համապատասխանեցվեն դրանց»:


Հաճախ ուսուցիչը պահանջում է աշակերտներից ոչ թե տրված, այլ մեկ ուրիշ հեղինակի դասագիրք, արդյունքում՝ շատերը նույն առարկայի համար ունենում են երկու դասագիրք: Այս խնդրի լուծումը, Ռուզան Մուրադյանի պնդմամբ, էլի ուսուցչից է կախված: Այսինքն, եթե ուսուցիչը համոզիչ կերպով կարողանում է հիմնավորել, որ իր պահանջած դասագիրքն առավել արդյունավետ կարող է դասապրոցեսն իրականացնել, ուրեմն ոչ մի խնդիր էլ չի ստեղծվի: «ՈՒսուցիչը ոչ թե պետք է պասիվ դիրք զբաղեցնի և ինչ-որ մեկի ստեղծած դասագրքի կիրառողը լինի, այլ դասագրքի ստեղծման անմիջական մասնակիցը դառնա: Երբ տեսնում ես, թե ինչից են բողոքում, ինչ խնդիրներ են տեսնում, ափսոսում ես, որ նրանք չեն եղել գրքի կազմման աշխատանքային խմբում»,- հավելեց տիկին Մուրադյանը:


Ինչ վերաբերում է դասագրքերի «մաֆիային», պատգամավորը չցանկացավ «մաֆիա» բառը ընդհանրապես կապել կրթության ոլորտի հետ. «Մրցույթներն անցնում են բաց, թափանցիկ, հստակ մեխանիզմով: Մենք ունենք շատ հաջողված դասագրքեր»:


Կրթության ազգային ինստիտուտը, որի գործառույթներից մեկն էլ դասագիրքը քննել-վերլուծել-ամբողջացնել-լրամշակելն է, չի մասնակցում այն մրցույթին, որտեղ, այսպես ասած, շահում է այս կամ այն հեղինակի դասագիրքը: Ինստիտուտը պատասխանատու է մրցույթում հաղթած դասագրքի որակի համար: Ի դեպ, մրցույթն անցկացվում է ոչ թե հեղինակների, այլ հրատարակչությունների միջև: Ինստիտուտի տնօրեն ՆՈՐԱՅՐ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ վստահեցնում է, որ մինչև դասագիրքը վերջնական տպագրության գնալը գրեթե մեկ ուսումնական տարվա ընթացքում փորձարկվում է որոշ դպրոցներում ու միաժամանակ փորձաքննության է ենթարկվում կրթության ազգային ինստիտուտում: «Կամայական ոչինչ չի լինում, այսինքն՝ մեկն ասի` ես հավանեցի դասագիրքը, մյուսն էլ թե՝ չհավանեցի»,- վստահեցրեց պաշտոնյան` թվարկելով այն պահանջները, որոնցով առաջնորդվում են մասնագետները:


Արդյոք եղե՞լ են մրցույթը շահած դասագրքեր, որոնք մասնագետների այդ պահանջներին չեն բավարարել և մերժվել են՝ հարցրի: «Իհարկե, եթե այս գործընթացում մենք հայտնաբերում ենք թերություններ, խնդիրներ, հեղինակին իրազեկում ենք: Պարզապես այդպիսի գիրք չի եղել, որ դիտողությունների չարժանանա: Չկա մի դեպք, որ դասագիրքը գա մեզ մոտ, ու մենք ասենք` ամեն ինչ նորմալ է: Երբեմն մեր դիտողություններն ու առաջարկները կազմում են 50-60 էջ, իսկ գիրքն ընդամենը 110 էջ է: Բայց այնպես չէ, որ մեր ասածը վերջին խոսքն է: Մեր նկատառումներն ուղարկվում են հեղինակներին, վերլուծվում են, ինչ-որ բաների հետ համաձայնվում են կամ ոչ: Առաջանում են մասնագիտական լուրջ «ճակատամարտեր»:
Վերստին հիշեցնելով, որ փորձաքննության ընթացքում մասնագետները պետք է ուշադրություն դարձնեն դասագրքի մատչելիությանը, ոչ խրթին լինելուն, Նորայր Ղուկասյանը տեղեկացրեց, որ երբեմն սպրդում են նախադասություններ, որոնք «մեծավարի» կարդալով էլ չես հասկանում: Դասագրքաստեղծման այս ողջ ընթացքում պաշտոնյան մի օրինաչափություն է նկատել. երբ գիրքը քննարկման, լրամշակման փուլում է, ոչ ոք չի ցանկանում մի բառ ասել, իսկ տպագրությունից հետո քննադատների բանակ է ձևավորվում: «Մաքրման, սանիտարական փուլում քիչ մարդ է միջամտում, իսկ տպագրելուց հետո ինչ-որ բաներ են գտնում: Բայց անգամ այս դեպքում էլ աշխարհի վերջը չէ. շատ արագ տեղեկություն է տրամադրվում, որ դասագրքում այսինչ վրիպումը կա»: Հավելենք, որ մինչև տպագրվելը դասագիրքը դրվում է համացանցում, և բոլորը կարող են իրենց դիտարկումներն ու նկատառումները ներկայացնել:


Կրթության ազգային ինստիտուտի տնօրենը վստահ է՝ որքան դասագիրքը երկար է «օգտագործման» մեջ մնում, այնքան բյուրեղանում, մաքրվում է, ուստի սխալ է դասագրքերը հաճախ փոխելը: Այսուհանդերձ, պաշտոնյան հավաստիացնում է, որ ոչ միշտ է հաջողվում ունենալ հաջողված դասագրքեր, բայց այն, ինչ այսօր ունենք, բավականին որակյալ է: «Կան գրքեր, որոնք անգամ գաղափարախոսությամբ չեն ստացվել: Օրինակ, բնագիտության դասագիրքը, որը մի քիչ ֆիզիկա է, մի քիչ` քիմիա, մի քիչ` կենսաբանություն: Խորհրդային տարիներին մենք դասագրքերը հիմնականում թարգմանում էինք, ընդամենը մեկ-երկու գիրք էինք ստեղծում` հայ գրականություն, հայոց լեզու, հայոց պատմություն: Այսինքն, մենք դասագիրք գրելու մեծ փորձառություն չունենք: 90-ականներին որոշեցին, որ պետք է մերն ունենալ, բայց հաջողություն չունեցանք: Այսօր էլ կան թարգմանված որոշ դասագրքեր: Կարծում եմ՝ դասագիրք պետք է գրեն հենց ուսուցիչները, քանի որ գիտնականները, մատչելիության տեսանկյունից, դպրոցականի մակարդակը չեն զգում: ՈՒսուցիչը պետք է դասագիրք գրելու «ռիսկ» ունենա»,- ասաց Նորայր Ղուկասյանը:


Տարրական դասարանների դասագրքերը չհաշված, ոչ մի ուսուցիչ դասագիրք դեռ չի հեղինակել: Ակադեմիական մակարդակի գիտնականներն են դասագիրք գրում:
Ըստ Նորայր Ղուկասյանի՝ մենք շատ ենք ֆետիշացնում դասագիրքը, պահանջում, որ այն բավարարի բոլոր չափորոշիչները. «Մենք ամեն ինչ պահանջում ենք մի գրքից ու ցանկանում ստանալ առավելագույնը, դրա համար էլ շատ ենք չարչարվում, բայց առավելագույնին դժվար է հասնել»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3299

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ