Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Իսրայելը կարող է հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։ Թրամփն ավելացրել է, որ ԱՄՆ-ը «պետք է պատրաստ լինի իրադարձությունների նման զարգացմանը»։ The New Yorker ամերիկյան ամսագիրը գրել է, որ իսրայելական ՌՕՈՒ-ն չի կարողանա ոչնչացնել Իրանի միջուկային ենթակառուցվածքը՝ առանց ԱՄՆ-ի օգնության։               
 

«Երեխան կոտրվում է, ծնողն էլ ասում է` թքած ձեր տված կրթության վրա»

«Երեխան կոտրվում է, ծնողն էլ ասում է` թքած ձեր տված կրթության վրա»
06.05.2016 | 08:53

Կրթական ոլորտի ցանկացած փոփոխություն և նորամուծություն պետք է շատ հաշվարկված ու մտածված լինեն, որովհետև այդ բնագավառն է պատասխանատու երկրի ապագա քաղաքացու «որակի» համար: Անկախության տարիներին կրթության համակարգը բազմիցս փորձությունների ենթարկվեց, հաճախ քաղաքականացվեց` մի քաղաքական ուժի ձեռքից անցնելով մյուսին: Այսօր կրկին արդիական հարց է` Հայաստանում կա՞ որակյալ կրթական համակարգ: Պատասխանը պիտի փնտրել դպրոցում ու բուհում, որտեղ, ցավոք, պատկերը բավականին մտահոգիչ է: «Իրատեսը» կրթական առաջնային խնդիրների վերաբերյալ շարք է սկսում, որում հերթական անգամ կանդրադառնանք ոլորտի խնդրահարույց հարցերին:
Հաշված օրեր են մնացել բուհական միասնական ընդունելության քննություններին, ու այս օրերին, թերևս, վերստին քննարկման հարց է, թե ինչու է տասներկուամյա կրթության կամ, ինչպես ընդունված է ասել, ավագ դպրոցի աշակերտը կրկնուսույցի մոտ մեկ կամ երկու տարի պարապում, որպեսզի կարողանա ընդունվել: Այն դեպքում, որ ավագ դպրոցը պետք է լիարժեքորեն փոխարիներ կրկնուսույցներին:


2005-ից Հայաստանը դարձավ բոլոնյան կրթական համակարգի անդամ և ստանձնեց դրանից բխող բոլոր պարտավորությունների իրականացումը, այդ թվում՝ անցում ավագ դպրոցին: Ասել է, սա նաև ինչ-որ առումով «պարտադրված» քայլ էր, որպեսզի մեր կրթությունը ճանաչելի դառնա դրսում, պետք է կատարել բոլոնյան «չափորոշիչները»: 2008-ին ընդունվեց ավագ դպրոցի ռազմավարական ծրագիրը, որով հստակ չափորոշիչներ սահմանվեցին, թե որ դպրոցները պետք է ավագ լինեն և ուսումնական ինչ ծանրաբեռնվածություն ունենան: Նախատեսված էր 150 նման դպրոցի «ստեղծում», սակայն հետագայում պարզվեց, որ հնարավոր չէ այդքան դպրոցներում ներդնել այս ծրագիրը:

Հիմա ունենք 101 ավագ դպրոցներ, որոնք պետք է աշակերտների նախամասնագիտական կողմնորոշման հիմքերը դնեն: «Ավագ դպրոցը պետք է տար այն կրթությունը, որը երեխայի համար կբացահայտեր սեփական ուժերը, կարողությունները: Այսօր փաստն այն է, որ ավագ դպրոցը չհասավ իր նպատակին: Կան հատուկենտ դպրոցներ, որոնց տնօրեններն իրենց գործի գիտակն են, նախաձեռնող, ստեղծագործող, ու որոնց հաջողվեց իրենց դպրոցներում նման կրթություն կազմակերպել: Իսկ այն տնօրենները, որոնք պարզապես ուսումնական գործընթացն են կառավարում, ձեռքի հետ-ոտքի վրա անում են իրենց գործը»,- մեզ հետ զրույցում ասաց կրթության փորձագետ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ, հընթացս հավելելով, որ ոչ թե բոլոնյան համակարգն է վատը, այլ մեր կրթական համակարգն է ոչ ճկուն: Ըստ մեր զրուցակցի, կրթության որակը տուժում է, քանի որ խիստ ծանրաբեռնված ուսումնական պլաններով են աշխատում: «ՈՒսումնական գործընթացը կառավարելու այնպիսի ճկուն համակարգ է պետք, որ երեխայի ցանկությամբ ընտրած դասաժամերի բազմազանությունն ապահովվի: Մեր ամեն ինչը երկաթբետոնից է: Չեն կարողանում այդ ճկունությունն ապահովել: Աշխարհը, տեսեք, ինչ ճկուն ուսումնական գործընթաց է վարում՝ յուրաքանչյուր երեխայի կարողություններին համապատասխան, անհատական ուսուցման պլան է գրվում, երեխան կարողանում է իր ուժեղ կողմերը հայտնաբերել և դրանով առաջ գնալ: Մենք չունենք այս մոտեցումը: Հակառակը, եթե մեր դպրոցներում, օրինակ, քիմիա առարկայի գծով երեք աշակերտ է ցանկանում շարունակել ուսումը, ասում են` երեք հոգու համար դասարան չենք բացի, գնա այլ հոսք: Այստեղ երեխան կոտրվում է, ծնողն էլ ասում է` թքած ձեր տված կրթության վրա, ու նրան տալիս է կրկնուսույցի մոտ պարապելու: Ստացվում է, որ կրթության ռազմավարական այդ ծրագրի կարևոր բաղադրիչին հակադիր քայլ ենք անում ու խթանում կրկնուսույցների ավելացում»,- պարզաբանեց տիկին Բախշյանը:
Ավագ դպրոցի անցման սկզբում ամենաշատը թմբկահարվում էր այն հանգամանքը, որ դրանով մեկընդմիշտ վերացվելու է կրկնուսույցների «ինստիտուտը», մինչդեռ ստացվեց հակառակը: Ավելին, այսօր ավագ դպրոցում աշակերտի ամենակարևոր «առաքելությունը» ֆիզիկապես դասին ներկա լինելն է, իսկ թե այդ ընթացքում թղթախաղով է զբաղվում կամ իրեն հաճելի զբաղմունք է գտնում, ոչ մեկին չի հուզում: Պատկան մարմնի հրահանգն է` պարտադիր ներկա լինել դասապրոցեսին: Այս առնչությամբ կրթության փորձագետը նշեց, որ դա տնօրենների «ամենամեծ մեղքն» է, քանի որ աշակերտի համար ուսումնական հետաքրքիր գործընթաց չեն կազմակերպում, երեխայի ժամանակը և «թռչելու» ձգտումը սպանում են:
Այս իրավիճակը, ըստ տիկին Բախշյանի, մտահոգում է հանրությանը, իսկ ելքերը պետք է փնտրի նախարարությունը: Վերստին կարևորելով ուսումնական գործընթացը ճկուն դարձնելու անհրաժեշտությունը, մեր զրուցակիցը պնդեց, որ մեխանիզմներ պետք է գտնել, նոր հեծանիվ հնարել պետք չէ, քանի որ աշխարհում կա ավագ դպրոցի լավագույն փորձը: Անահիտ Բախշյանը նաև կարևորեց դպրոցների ֆինանսավորման «քարացած կարգը», որը թույլ չի տալիս ուսուցիչներին նորմալ աշխատել: «Դրույքաչափի քարացած թիվը պետք է վերանայվի: Մանկավարժը պետք է վճարվի դպրոցում եղած ժամերի քանակով, անկախ նրանից, թե քանի դասաժամ է պարապել: Երեխաները ուսուցչին իրենց նախասիրություններից բխող հարցերով պիտի ծանրաբեռնեն: Մանկավարժությունը նախ ստեղծագործական աշխատանք է, կարծրատիպերի կոտրում և շատ խնդիրների վերանայում: Հայաստանում կա մանկավարժական մեծ ներուժ, ուղղակի ճիշտ պետք է ուղղորդել այն: Ֆինանսավորող կառույցի ղեկավարների ուղեղը, կարծրատիպերը փոխելը գրեթե անհնար գործ է: Երևի պիտի վերաուղեղավորել»,- եզրափակեց կրթության փորձագետը:


Խնդրի առնչությամբ լսեցինք նաև կրթության հարցերին օրենսդրական «շապիկ» հագցնող հանձնաժողովի նախագահին: Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԸ հիշեցրեց այս թեմայով կազմակերպված խորհրդարանական լսումները, երբ նախարարության պաշտոնյան շեշտել էր, թե այս հարցի առնչությամբ հանրության շրջանում թյուրըմբռնում կա, քանի որ ավագ դպրոցը հանրակրթության եռաստիճան համակարգի վերջին փուլն է: «Ավագ դպրոցը համատարած բնույթ չպետք է ունենար: Նրանք, ովքեր ցանկանում են գիտելիքների պաշարն ավելացնել, պիտի շարունակեին կրթությունը ավագ դպրոցում»,- ընդգծեց պատգամավորը, հավելելով, որ սա քաղաքակիրթ աշխարհում ընդունված տարբերակ է:
Ըստ Արտակ Դավթյանի, կրթության պատասխանատուները ձևի առումով ճիշտ քայլ են արել, բայց բովանդակության հարցում դեռևս անելիքներ կան: «Պետք է այնպես անել, որ բովանդակային հարցերին ևս սպառիչ լուծումներ տրվեն: Պարզապես այս համակարգն իրեն չարդարացրեց այնքան, որքան մենք ակնկալում էինք»,- ասաց հանձնաժողովի նախագահը` տեղեկացնելով, որ առաջիկայում այս առնչությամբ նախարարը համապատասխան փոփոխություններ կձեռնարկի:


Ի դեպ, ԿԳ նախարար ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ նշանակումից անմիջապես հետո հրավիրած առաջին ասուլիսում կրթական համակարգի առաջնային խնդիրներից մեկը համարեց ավագ դպրոցի բեռնաթափումը: «Մենք որոշակի խնդիր լուծել ենք, շղթան կա, բայց կա երկու օղակ, որտեղ չենք կարողանում ինքնահաստատվել. դրանցից մեկը ավագ դպրոցն է: Այն պետք է լինի իր տեսության մեջ: Երեխան, ավարտելով ավագ դպրոցը, պետք է ունենա մասնագիտական կողմնորոշում, բայց, ցավոք, նույն ծրագրերը շարունակվում են ավագ դպրոցում, այն չի կարողանում շարունակել իր առաքելությունը՝ իր վրա դրված ծանրության պատճառով: Լինելու են հասարակական և մասնագիտական լայն քննարկումներ: Ավագ դպրոցները պետք է դառնան իսկապես գերազանցության կենտրոններ»,- նշել էր նախարարը:


Փաստորեն, անգամ ոլորտի պատասխանատուներն են խոստովանում, որ ավագ դպրոցը չի կայացել, չի արդարացնում իրեն: Սա ենթադրում է համապատասխան քայլեր և գործողություններ, որոնց լուծումը հրատապություն է պահանջում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2478

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ