Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը (տնօրեն՝ Աշոտ Ալիխանյան) ապրիլի 22-ին հյուրընկալել էր ԱՍԱԼԱ կազմակերպության «Վան» գործողության ղեկավար Վազգեն Սիսլյանին։ Ճեմարանում հերթական ուրբաթօրյա տողանն էր՝ նվիրված ապրիլի 24-ին։
Մեծ եղեռնի 101-րդ տարելիցը ճեմարանականները նշեցին յուրովի՝ սեփական ուժերով բեմականացնելով Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի դրվագները։ Նկատելի էին ճաշակ, չափի և ռիթմի նուրբ զգացողություն, ինչը բնավ չէր նվազեցնում ներկայացման ասելիքի հզոր հուզականությունը։ Բեմում ճեմարանականներն էին՝ ճերմակ վերնաշապիկներով, վառած մոմերը ձեռքներին։ Դրվագներ էին արտասանում նշանավոր պոեմից, հնչում էր հոգեպարար մեղեդին։ Պարային մի սյուիտ ներկայացրեց պարմանուհին, հետո բազկաթոռներ դրվեցին բեմում, և բեմ հրավիրվեց Վազգեն Սիսլյանը։ Ազգային-ազատագրական շարժման հանրահայտ դեմքերից մեկը ներկայացրեց իր անցած ուղին և պատասխանեց բազմաթիվ հարցերի։ Հարցեր, որոնք բխում էին սաների սրտերից, ինքնաբուխ էին, երբեմն էլ՝ անսպասելի ու յուրօրինակ։ Վազգեն Սիսլյանի կերպարում գաղափարական զինվորն ի հայտ եկավ, մարդ, ով իր գործունեությունը գնահատում էր որպես ազգային տուրքին մասնակցության իր բաժինը, ոչ ավելի։ Շատ հետաքրքիր էին նրա հիշողությունները, քանի որ պատմական շրջայց էին հայության ամենազարմանալի ընդվզման շուրջ։ (Վազգեն Սիսլյանի հետ մեր ծավալուն զրույցը ընթերցողին կներկայացվի առաջիկայում)։
Միջոցառումն ավարտվեց և, մեզ հրավիրեցին կրթահամալիրի լուսավոր ճաշարան, որտեղ շարունակվեց հանդիպումը։ Ի դեպ, կրթահամալիրի սաները սնվում են անվճար, ճաշերն էլ բավականին համեղ էին։ Այնուհետև միջոցառումը տեղափոխվեց ճեմարանի բակ, որտեղ խորհրդանշական ծառատունկի ժամանակ օրվա հերոսը ճեմարանականների հետ երկու եղևնի տնկեց։
Որքան էլ հեռու եմ պաթետիկ բնորոշումներից, այս դեպքում, այնուամենայնիվ, պնդում եմ, Տերը ոչ արասցե, եթե դրա կարիքը լինի, Սիսլյանի ղեկավարությամբ ճեմարանականները ճակատ կմեկնեն։ Կմեկնեն մեկ նպատակով՝ հաղթելու։
Զրուցակիցս կրթահամալիրի ավագ դպրոցի տնօրեն Զարուհի Ղալթախչյանն է. «Առհասարակ շատ է ծանրաբեռնված ճեմարանի ուսումնական ծրագիրը, յուրաքանչյուր աշակերտ ունի իր անհատական դասացուցակը։ ՈՒրբաթ օրերը նպատակահարմար են տողան կազմակերպելու համար։ Արդեն ավանդական դարձած տողանները նվիրվում են պետական և ազգային տոներին ու նշանավոր իրադարձություններին։ Ապրիլի 24-ի հիշատակումը, անշուշտ, իր կարևոր տեղն է գտել տողանաշարում։ Այս անգամ հյուրը ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վազգեն Սիսլյանն է։ Ի դեպ, հյուրերի ընտրությունը ճեմարանականներինն է»։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ