Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

«Եթե երեխան դպրոցում ստանում է հոգևոր դաստիարակություն, ծնողը պետք է տեղյակ լինի դրա մասին»

«Եթե երեխան դպրոցում ստանում է հոգևոր դաստիարակություն, ծնողը  պետք է տեղյակ լինի դրա մասին»
26.02.2016 | 10:41

Հոգեբանական գիտությունների թեկնածու, Էջմիածնի Գևորգյան աստվածաբանական համալսարանի դասախոս ԻՆԳԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ մեր զրույցը 2-4-րդ դասարաններում փորձարարական կարգով ներդրված «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի` երեխաների վրա ունեցած հոգեբանական ազդեցության մասին է: Փորձագետներից ոմանք համոզված են, որ այդ առարկայի միջոցով իրականացվում է հոգեորսություն, կարծիք են հայտնում նաև, որ հատկապես այդ տարիքի երեխաների համար ցանկացած կրոնական դաստիարակություն շատ վտանգավոր է, որովհետև երեխայի հոգեբանությունը կարող է աղճատվել միստիկ պատմություններով:
Ինգա Հարությունյանը խորհուրդ տվեց, նախ, հստակեցնել հոգեորսություն հասկացությունը, նշելով, որ հոգեորսությունը նյութական շահ հետապնդող դավանափոխությունն է. «Հարցն այն է, թե այս առարկայի բովանդակությունը համապատասխանո՞ւմ է իր անվանմանը` պատմությո՞ւն է դասավանդում, թե՞ կրոնական դաստիարակության նպատակ է հետապնդում: Եթե հասարակությունը վստահ լինի, որ «Եկեղեցու պատմություն» առարկան իր բովանդակությամբ ու մատուցման ձևով պատմություն է ուսուցանում, ոչ թե կրոնական դաստիարակություն, ինձ թվում է` ո՛չ ծնողները, ո՛չ իրավապաշտպաները չեն ունենա այդ մտավախությունը»:
Ինգա Հարությունյանը համամիտ է, որ եթե երեխան դպրոցում ստանում է հոգևոր դաստիարակություն, ծնողը պետք է տեղյակ լինի դրա մասին: Երեխան այդ տարիքում շատ ներշնչվող է, եթե ընտանիքում հայացքները այլ են՝ աթեիստական կամ այլ եկեղեցու պատկանող, երեխայի ու ծնողի միջև կարող է խնդիր առաջանալ: Հոգեբանը տեղեկացրեց նաև, որ քաղաքում կան մանկապարտեզներ, որտեղ կրոն են դասավանդում, բայց ծնողն այդ մասին պատահաբար է իմանում, և բրոշյուրներից, որ երեխան տուն է բերում, հասկանում է նաև, որ ոչ թե առաքելական, այլ, ենթադրենք, ավետարանչական եկեղեցու ուսմունք են քարոզում: «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, 2-4-րդ դասարաններում փորձարարական կարգով է ներդրված: Այսինքն, նպատակ կա փորձ կուտակելու, որպեսզի շտկումներ արվեն, և ցանկալի է այդ գործընթացում անպայման հաշվի առնել նաև ծնողների, փորձագետների արձագանքը: Կրթության ոլորտի մասնագետները պետք է անեն ամեն ինչ, որ այդ ամենը լինի պարզ և հասկանալի, ու ծնող-մանկավարժ օղակի մեջ չխախտվի վստահությունը»,- պարզաբանեց հոգեբանը: Սակայն մտավախությանը, թե հոգևոր դաստիարակությունը կարող է աղճատել երեխայի հոգեբանությունը, համամիտ չէ: Նրա խոսքով՝ հոգեբանությունն ապացուցում է, որ կրտսեր տարիքում երեխաների համար քրիստոնեական հոգևոր դաստիարակությունը նպաստավոր է, եթե կազմակերպված է այդ տարիքի երեխաների հոգեբանությանը համապատասխան. «Հինգ տարեկանում, որ համարվում է ճգնաժամային տարիք, երեխայի մեջ կարող է առաջանալ, օրինակ, մահվան վախ, որը սկիզբ է առնում անհայտությունից: Երեխան սկսում է հարցեր տալ բնությունից, կյանքի սկզբից ու ավարտից, որտեղից ենք ծնվում, ուր ենք գնում, երբ մահանում ենք: Կրոնը տալիս է ամենահուսադրող, դրական ու ճիշտ պատասխանները այդ հարցերին: Երեխային ծանոթացնելը Աստծո, մահից հետո կյանքի շարունակության գաղափարներին, բավական թերապևտիկ է ու դրական է ազդում: Երեխան տեսնում է, որ մահը վախի աղբյուր չէ, այլ մեր աշխարհի, մարդու զարգացման մի մասը, կեցության մի ձևից մյուսին անցնելը: Ըստ էության, երեխաները, որոնք ստանում են քրիստոնեական հոգևոր դաստիարակություն, շատ ավելի հեշտ են անցնում այդ ճգնաժամի միջով, քան մյուս երեխաները: Ընդհանրապես կա վիճակագրություն, որ հավատացյալների շրջանում իրենց երջանիկ համարող մարդկանց թիվը 56 տոկոսով ավելի շատ է, քան իրենց հավատացյալ չհամարող մարդկանց մեջ: Սա վկայում է, որ կրոնը ոչ թե խանգարում է, այլ հակառակը՝ նպաստում է մարդու հոգեկան առողջությանը, օգնում է լիարժեք զգալու, կյանքի դժվարությունները հաղթահարելու: Սա վերաբերում է նաև երեխաներին»:
Հոգեբանի կարծիքով՝ հասարակության մեջ անվստահությունը հաղթահարելու համար ծնողներին ընտրության հնարավորություն պետք է տալ, հիմնել եկեղեցական դպրոցներ (դրանց օրինակները կան Արևմուտքի երկրներում) կամ ընտրական կարգով հոգևոր դաստիարակության դասաժամեր մտցնել: «Մենք ունենք կիրակնօրյա հոգևոր դպրոցներ, ուր երեխաները սիրով են հաճախում: Ես դեմ չէի լինի, որ իմ երեխաները դպրոցում ստանային հոգևոր դաստիարակություն»,- ասաց նա:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3808

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ