Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Ծրագիր՝ գյուղատնտեսական կոոպերատիվների համար

Ծրագիր՝ գյուղատնտեսական կոոպերատիվների համար
10.06.2015 | 17:17

ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը և Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որը վերաբերում է «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի (ԵՀԳԳԶԾ)» շրջանակներում իրականացվող «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» ծրագրի հիմնական գործողությունների մասին:

ENPARD (Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից գյուղատնտեսության կայուն զարգացման, արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացման նպատակով և իրականացվում է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից: Ծրագիրը մեկնարկել է 2015թ.-ի հունվարին, տևողությունը՝ 36 ամիս:
Ելույթով հանդես եկան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը և ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ ծրագիրն իրականացնող կազմակերպություններից՝ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն (UNIDO) և ՄԱԿ-ի զարգացման ծրագիր (UNDP):
Ջոն Բարքերն իր ելույթի սկզբում հակիրճ ներկայացրեց, թե իրենից ինչ է ներկայացնում ENPARD գյուղատնտեսական ծրագիրը. «ENPARD ծրագրի շրջանակներում գյուղատնտեսական աջակցություն է տրամադրվում Արևելյան գործընկերության երկրներում գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը: Այս ծրագիրն արդեն իրականացվում է Հայաստանում և Վրաստանում: Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոլդովայում այն իրականացնելու վերաբերյալ, ինչպես նաև քննարկվում է Ուկրաինայում այն մեկնարկելու հնարավորությունը: Եվրոպական միությունը անցյալ տարվա դեկտեմբերին Հայաստանի Կառավարության հետ համապատասխան համաձայնագիր ստորագրեց ծրագիրը Հայաստանում իրականացնելու վերաբերյալ, և ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվեց ս.թ. հունվար ամսին: ENPARD ծրագիրը իրականացնելու համար Հայաստանին Եվրոպական միության կողմից տրամադրվել է 25 մլն եվրո. 20 մլն-ը՝ որպես բյուջետային աջակցություն, իսկ 5 մլն-ը՝ որպես տեխնիկական և խորհրդատվական աջակցություն: Այս ծրագրով մենք օգնելու ենք ֆերմերներին ավելի շատ և ավելի որակյալ արտադրանք տալ և ավելի բարձրարժեք շուկաներում իրացնել այդ արտադրանքը: Քանի որ Հայաստանում գյուղատնտեսությունն ունի հատվածական կազմ, այդ պատճառով մենք համաձայնություն ենք ձեռք բերել միավորել ֆերմերներին, հիմնել կոոպերատիվներ»:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզերում:
Ծրագիրը կաջակցի գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծմանը, ինչպես նաև գործող կոոպերատիվների հզորացմանը, բիզնես կարողությունների զարգացմանը, արտադրության ծավալների ավելացմանը, արտադրանքի տեսականու ընդլայնմանը, տեխնոլոգիաների արդիականացմանը, շուկայավարմանը, ինչպես նաև լավագույն գյուղատնտեսական փորձի (կաթիլային ոռոգում, այլ) և աղետների ռիսկերի նվազեցման (հակակարկտային ցանցեր, հակացրտահարության) համակարգերի ներդրմանը:
Կոոպերատիվներին կտրամադրվեն դրամաշնորհներ՝ տեխնիկական աջակցության տեսքով:
Ծրագրի կողմից առաջնահերթությունը կտրվի մրգի, հատապտղի, բանջարեղենի, հացահատիկի և ընդեղենի, կաթի և կաթնամթերքի, ինչպես նաև այլ գյուղմթերքի արտադրության և վերամշակման ոլորտներում նորարարական գաղափարներ (նոր տեխնոլոգիա, նոր արտադրանք) առաջարկող խմբերին: Կանանց և երիտասարդների մասնակցությունը խրախուսվում է:
Խմբերը պետք է կազմված լինեն տարբեր ընտանիքներ ներկայացնող և գյուղական համայնքներում գրանցված, բնակվող և գործունեություն ծավալող առնվազն 5 ֆերմերից կամ 5 հիմնադիր անդամից:
Խմբերը պետք է հանդիսանան.
- գրանցված կոոպերատիվ
- չգրանցված՝ ոչ ֆորմալ և նոր ստեղծվող խումբ:
Խմբերը պետք է ունենան բիզնես ուղղվածություն:
Հայտադիմումը կարելի է ձեռք բերել ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունից, մարզպետարանից, ԳԱՄԿ-ից, համայնքապետարանից կամ ներբեռնել այստեղ՝ http://www.un.am/hy/procurements: Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 15-ը: Հայտադիմումների ժամկետը չի սահմնանափակվում նորարարական լավագույն գաղափարներ առաջարկող դիմորդ խմբերի համար: Հայտատուների ընտրությունը կկատարվի սահմանված չափորոշիչների համաձայն:

Դիտվել է՝ 2307

Մեկնաբանություններ