«Միշտ կողմ եմ եղել այլակարծությանը, եթե այն հիմնավորված է և փաստարկված։ Ինձ բախտ վիճակվեց պոլիտեխնիկի տաղանդավոր կոլեկտիվի հետ միասին անցնել մեկ տարվա ճանապարհ, և այսօր հանրությանն եմ ներկայացնում այդ ընթացքում մեր կատարած աշխատանքների հաշվետվությունն ու համալսարանի զարգացման ցուցանիշները»,- պաշտոնավարման մեկ տարին ամփոփելով՝ ասաց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՔՄԱՋՅԱՆԸ՝ չշրջանցելով նաև իր անունը շոշափող սկանդալային հոդվածների պատմությունը։ Նա համալսարանի աշխատակիցներին և լրագրողներին ներկայացրեց փորձաքննություն անցած տեսաժապավեն, նշելով, որ տեսագրության մեջ պատկերված անձանց մատն է խառը ստահոդ նյութեր տարածելու և իր կայքը ջարդելու մեջ։ Ասուլիսին ներկա պոլիտեխնիկցիներից շատերը այս բացահայտումից շոկի մեջ ընկան։ Եվ մինչ հետաքննությունը կամփոփի և իր վերջնական խոսքը կասի այդ ամբողջ պատմության առնչությամբ՝ Հովհաննես Թոքմաջյանը, ելնելով անմեղության կանխավարկածից, նախընտրեց այդ թեմայով չծավալվել՝ գերադասելով իր գործունեության մեկ տարին ներկայացնել փաստերով։
Բանախոսն առաջին հերթին ընդգծեց, որ 2014-15-ին հնարավոր է եղել վերականգնել համալսարանի նախկին անունը, դարձնելով այն «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ։ Հաջորդ ձեռքբերումը. 2015-2016 ուսումնական տարում նախորդ տարվա համեմատ 5 %-ով ավելացել է դիմորդների քանակը, այն դեպքում, երբ դիմորդների թիվը հանրապետությունում նվազել է 4 %-ով։ Հովհաննես Թոքմաջյանը նշեց նաև, որ կտրուկ ավելացել է պոլիտեխնիկի ավագ դպրոցի աշակերտների թիվը։ Խոսելով միջազգային համագործակցությունից, ռեկտորի պաշտոնակատարն ընդգծեց, որ համալսարանը Ֆրանսիայի և Իսպանիայի հետ ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթաց է սկսել։ Միևնույն ժամանակ նշվեց, որ համալսարանը ստացել է ՀՀ-ի ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ չորս տարի ժամկետով, 84 %-ով ավելացել է գիտական նախագծերի ֆինանսավորման ծավալը։ Ի դեպ, ավելացել է նաև համալսարանի պահուստային ֆոնդը՝ 400000 դոլարից հասնելով 450000 հազար դոլարի։ «Այսպիսով, մենք միասին հաստատակամ առաջ ենք շարժվում և մի քանի տարի հետո տեղ կգտնենք աշխարհի լավագույն 300 տեխնիկական բուհերի շարքում»,- վստահեցրեց Հովհաննես Թոքմաջյանը։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ