Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

«Չպետք է թույլ տալ, որ ինտեգրումը վերածվի ադապտացիայի»

«Չպետք է թույլ տալ, որ ինտեգրումը  վերածվի ադապտացիայի»
10.03.2015 | 12:20

Ռուսաստանի Դաշնությունում բնակվող շատ հայ երիտասարդներ իրականացնում են հայրենանվեր աշխատանքներ՝ հազարավոր կիլոմետր հեռավորությունից փորձելով օգտակար լինել հայրենիքին, հայապահպանության գործին։ Նրանցից է ՀՌԻՓՍԻՄԵ ՇՄԱՎՈՆՅԱՆԸ։ Հռիփսիմեն Էջմիածնից է, ընտանիքով Նովոսիբիրսկ է տեղափոխվել 20 տարի առաջ, քանի որ, ինչպես ինքն է ասում, ծնողները կանգնել էին ընտանիքի հոգսերը լուծելու խնդրի առաջ։ Հռիփսիմե Շմավոնյանը սովորում է Նովոսիբիրսկի պետական տնտեսագիտական համալսարանում։ Այժմ նա ղեկավարում է Նովոսիբիրսկի շրջանի հայ-ռուսական երիտասարդության միությունը։
Խոսելով Ռուսաստանում առկա դժվարությունների մասին՝ մեր զրուցակիցը նշում է. «Ռուսաստանում կա մի մեծ խնդիր. մարդիկ շատ սառն են, ամեն մեկն իր համար է ապրում։ Այդ պատճառով ինձ թվում է՝ հայերն էլ են սկսել ինտեգրման պրոցեսում նմանվել ռուսներին։ Բայց կան նաև ընտանիքներ, որտեղ աշխատում են պահպանել հայկական բոլոր սովորություններն ու զարգացնել մշակութային ավանդույթները։ Դրանք այն իսկական հայ ընտանիքներն են, որոնք մեծ ցանկություն ունեն տեղափոխվելու իրենց հայրենիք և հոգեպես հանգիստ լինելու, բայց այդ հնարավորությունը չունեն»։
Հռիփսիմեն, նշելով Ռուսաստանի երիտասարդների լավ կողմերը, ասում է, որ այստեղ նրանք շատ ավելի ինքնուրույն են, քան իրենց հայ հասակակիցները։ Իսկ դրսում ապրող հայ երիտասարդների մասին խոսելիս էլ ընդգծում է, որ նրանք շատ ավելի հայրենասեր են, քան Հայաստանում ապրողները։ Դա էլ հավանաբար նրանից է, որ վերջիններս ապրում են իրենց երկրում և չունեն հայրենիքի նկատմամբ կարոտի զգացողություն։
Ռուսաստանում գործում են բավականին ակտիվ հայկական երիտասարդական կազմակերպություններ, որոնք հիմնականում աշխատում են հայկական համայնքի հետ։ Սակայն կան ինքնուրույն այլ կառույցներ նույնպես։ Նովոսիբիրսկում, օրինակ, արդեն մեկ տարի գործում է Նովոսիբիրսկի շրջանի հայ-ռուսական երիտասարդության միությունը։ Այս երիտասարդական կառույցի հիմնական նպատակը սփյուռքի հայ երիտասարդների համախմբումն է՝ հանուն հայ ժողովրդի։ Կառույցը նաև աջակցում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև կապերի ամրապնդմանն ու զարգացմանը համատեղ ծրագրերի իրականացման միջոցով։
«Մեր երիտասարդական կազմակերպության շրջանակներում նախագծեր ու միջոցառումներ են իրականացվում տարբեր ուղղություններով՝ հայ ժողովրդի պատմություն, մշակույթի ուսուցանում, մարզական, բարեգործական, գիտական ծրագրեր։ Մեր կողմից մշակվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ընդգրկուն ծրագիր, որը ներառում է ինչպես մշակութային, երաժշտական, հուշ երեկոներ, այնպես էլ գիտական, ուսանողական համաժողով, ֆիլմերի ցուցադրություններ, քաղաքի կենտրոնական ցուցասրահներում ցուցահանդեսների կազմակերպում, ապրիլի 24-ին ակցիաների և խաղաղ երթերի կազմակերպում։ Վերջերս համատեղ ջանքերով ստեղծվել է «Ռուսաստանի հայ երիտասարդների կոնգրես» կազմակերպությունը, որը համախմբում է հայկական երիտասարդական շարժումները ՌԴ տարբեր քաղաքներում։ Իմ կարծիքով՝ սա պատմական իրադարձություն է` հզոր համակարգված կառույցի ստեղծում, որպեսզի հայ երիտասարդներն է՛լ ավելի ակտիվ համագործակցեն՝ նշված նպատակին ավելի արդյունավետ հասնելու համար»,- մեզ հետ զրույցում ասում է Հռիփսիմեն։
Հռիփսիմեն ընդգծում է, որ կա նաև մեդալի մյուս կողմը. հայ երիտասարդների մեծ մասի մոտ նկատվում է միասնականության բացակայություն, հասարակական աշխատանքի վրա, սեփական ժողովրդի, հայրենիքի բարօրության համար ժամանակ ծախսելու ցանկության բացակայություն։ Սակայն կարծում է, որ իրենց ջանքերով կկարողանան կրակ վառել ոչ այնքան ակտիվ երիտասարդների աչքերում։
Հայ ուսանողների թվում շատ են առաջադեմ երիտասարդները։ Նրանք առանձնանում են ավելին իմանալու ձգտմամբ։ «Չնայած ռուսերենը մեր մայրենի լեզուն չէ, այնուամենայնիվ, այդ առումով չենք բախվում որևէ դժվարության։ Կրթօջախներում, որպես կանոն, հայ ուսանողներն առաջատար դիրքեր են գրավում առաջադիմության, գիտության զարգացման, հատկապես բժշկության ոլորտներում։ Ըստ իս՝ դա առաջին հերթին գալիս է ընտանիքից, դաստիարակությունից, ինչպես նաև հայերի բնավորությունից։ Մենք միշտ ձգտում ենք ավելիին»,- ասում է մեր զրուցակիցը։
Հայերի գործունեության ոլորտները Ռուսաստանում շատ տարբեր են։ Անվանի հայեր կան գիտության, կրթության ոլորտներում, գրեթե բոլոր բուհերում աշխատում են դասախոսներ, ֆակուլտետների դեկաններ, պրոֆեսորներ։ Մշակույթի ոլորտում կան հայտնի արտիստներ, երաժիշտներ։ Սակայն հայերի մեծ մասը ներգրավված է կոմերցիոն գործունեության մեջ՝ շինարարական բիզնես, հյուրանոցներ, ռեստորաններ, արտադրություն։
Խոսելով ՌԴ-ում հայերի խնդիրների մասին՝ Հռիփսիմե Շմավոնյանը նշում է, որ Նովոսիբիրսկում նույնիսկ 20 տարուց ավելի բնակվող մարդիկ, ովքեր շատ լավ հարմարվել են, լավ ապահովում են իրենց ընտանիքները, ասում են, որ միևնույն է, որոշակի տարբերություն են զգում շրջապատի նկատմամբ. իրենք այնպես չեն խոսում, այլ արտաքին ունեն, իրենց այլ կերպ են դրսևորում։ «Հայաստանում նման զգացողություն չկա, այնտեղ բոլորը յուրային են, այնտեղ զգում ես հայրենիքի շունչը։ Մեծ խնդիր է ճիշտ ինտեգրումը ռուս հասարակությանը։ Սակայն ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ, որ ինտեգրումը վերածվի ադապտացիայի։ Ցավոք, ոչ միշտ է հաջողվում խուսափել դրանից։ Ադապտացիան տեղի է ունենում ինքնաբերաբար, ակամա հարմարվում ես, և որպեսզի պահպանես սովորությունները, պետք է ջանք թափես դրանց հետևելու համար, այն դեպքում երբ շրջապատում քչերն են դա անում։ Այդ խնդիրների հաղթահարման համար էլ գործում են համայնքները, երիտասարդական կազմակերպություններ, որոնք ակտիվորեն ավելի ու ավելի շատ նախաձեռնողների են ներգրավում,- ասում է Հռիփսիմեն՝ ավելացնելով, որ այդ նպատակով գործում են հայկական դպրոցներ, որտեղ աշակերտները խոսում են հայերեն, շփվում հայ հասակակիցների հետ, ուսումնասիրում են Հայաստանի պատմությունը, ազգային երգն ու պարը։- Անցկացվում են հայրենասիրական երեկոներ։ Իսկ ամենակարևորը. հայերն իրենց հայրենիքից դուրս ձգտում են յուրաքանչյուր քաղաքում կառուցել եկեղեցի՝ Հայ առաքելական եկեղեցի։ Իմ կարծիքով՝ սա մեր ժողովրդին համախմբելու ամենաուժեղ միջոցն է»։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2284

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ