Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Ծառուկյան անունը չի՞ ծախվում

Ծառուկյան անունը  չի՞ ծախվում
09.12.2014 | 00:38

Գագիկ Ծառուկյանն ամեն անցնող օր նոր նիշ է ամրագրում հայոց քաղաքական մշակույթի մեջ: Արդեն իսկ ավարտված ԱԺ աշնանային նստաշրջանում գեթ մեկ անգամ խորհրդարան չժամանած պարոն Ծառուկյանը ողջ հասակով մեկ կանգնեց իր թիմի ու հայ ժողովրդի առաջ և «հաջորդ դասի» համար ասաց.
-Ծառուկյան անունը չի՛ ծախվում:
Նախ` չկա բան, որ չծախվի. լավ գին պետք է տալ:
Եվ հետո` անմիջապես հարց առաջացավ. գնո՞րդ կա, աճուրդը որտե՞ղ է անցկացվելու. Ռուսաստանո՞ւմ, Ազատության հրապարակո՞ւմ: Ինչո՞ւ է պարոն Ծառուկյանի քաղաքական լեքսիկոնը սկսել «ծախվել» բառին խարսխվել, ի՞նչ է այդ մասին ասում ծերուկ Ֆրոյդը` դոլար-դրամ տատանման այս ֆոնին, «արժևորման» այդ «ծեսը», ի վերջո, վասն որի՞ է։
Ռոբերտ Քոչարյանի՞, ում առանց այն էլ առանձնապես չեն գոհացնում Ծառուկյանի բազմապլան, բազմաֆունկցիոնալ խաղերը` բոլոր մակարդակներում: Այն աստիճանի, որ ԲՀԿ-ից արևմտամետ Օսկանյանն է ընտրվում Մոսկվայում հայ հանրությանը կազմակերպելու համար, և ինչպես կասեր Արմեն Աշոտյանը, «ինչի համար շատ մեծ երևակայություն էր պետք», որովհետև ավելի օտարական, քան է ամերիկահպատակ պարոն Օսկանյանը, Ռուսաստանի դեպքում երևակայել հնարավոր չէր:
Պարզվում է` «չծախվող» անուն-Ծառուկյանը մեծ ստեղծագործական երևակայության տեր անձնավորություն է նաև:
Հովիկ Աբրահամյանի՞ համար է «արժևորման ծեսը», ում գործերը, որպես տնտեսական կուրսը տապալած կառավարության ղեկավարի, մեղմ ասած, ամենևին էլ բանի նման չեն: Եվ ինչպես հայաստանյան ակտիվներն ու դոլարային ռեզերվները, այնպես էլ Ծառուկյան անունը վերջինս վաճառքի է հանել, որպեսզի «լցնի» ՀՀ բյուջեն, կառավարության, կոնկրետ դեպքում` վարչապետական աթոռի «կյանքը» մի քիչ էլ երկարացնելու համար:
Սերժ Սարգսյանի՞ համար է, որպեսզի վերջինս «տեսնի» Ծառուկյանի «հզորությունը», ժողովրդական աջակցությունը (տե՛ս անցնող երկու միտինգների ժամանակ փողով Ազատության հրապարակ բերվող ժողովրդի բազմաքանակությունը), և «որոշի», որ իր իրավահաջորդը Գագիկ Ծառուկյա՞նն է: Եվ կամ` Ծառուկյանի առաջարկած թեկնածո՞ւն:
Բայց դե, կներեք, եթե հանկարծ Սերժ Սարգսյանը փորձի «գնել» այդ «չծախվող» անունը, ո՞ւմ հաշվեհամարին է գնալու Գագիկ Ծառուկյանի աճուրդից ստացված գումարը. հենց իր` Ծառուկյանի՞ վրա (ասում են` Ծառուկյանի ամբիցիաներն իսկապես արդեն նախագահական են), Աբրահամյանի՞, թե՞ Քոչարյանի: Ինչպես են երեքով կիսելու այդ մեկ աթոռը, քանզի ամենամեծ ցանկության դեպքում երեքով այդ աթոռին նստել հնարավոր չէ, անգամ ամենամեծ երևակայության դեպքում:
Իսկ եթե անկեղծ. ինչու պետք է Սերժ Սարգսյանը մասնակցի այդ աճուրդին, երբ ԲՀԿ-ն արդեն իսկ «վավերացրել» է, որ չի ստորագրելու Սերժ Սարգսյանի իմպիչմենտի տակ: Ավելին, հորդորել է «Ժառանգությանն» ու ՀԱԿ-ին նույնպես չստորագրել:
Երբ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը (և ինչու միայն) խոր վստահության է արժանանում նույն այդ ուժերի (հանած «Ժառանգություն») կողմից:
Բա լավ, ինչո՞ւ է Ծառուկյանը, ում «իմիջի» ու մտքերի «վրա», ի դեպ, բավականին լուրջ ինստիտուտներ են աշխատում, նաև` դրսից, էս Նոր տարվա շեմին վերցրել, իր անունը աճուրդի հանել:
Սա հին, ընդ որում՝ ամերիկյան նախագահներին հատուկ քաղտեխնոլոգիա է, ինչը Ծառուկյանի դեպքում, չգիտես կամ լավ գիտես՝ ինչու, հասկացվում է շատ բառացի:


Շա՜տ: Շատ բառացի։

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1557

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ