Ծանոթացում զենքերի տեսակներին (այդ թվում՝ հատուկ նշանակության), վախի գործոնի նվազեցմանն ուղղված պարապմունքներ, հետքաբանություն, ալպինիզմի հիմունքներ. այս և նման այլ դասընթացներ նոյեմբերի 29-30-ը տեղի ունեցան «Ժայռ» ՀԿ-ի` Գեղարքունիքի մարզի երիտասարդական կենտրոնում կայացած բանակումի ընթացքում:
«Երաշխավորն եմ անվտանգության» խորագիրը կրող ծրագիրն իրականացվել է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում՝ «Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում» անվանակարգում։
Բանակումի ընթացքում շուրջ 50 երիտասարդի տրվեցին ինչպես տեսական գիտելիքներ, այլնպես էլ անցկացվեցին գործնական պարապմունքներ։ «Ով է հետախույզը, հետախույզի գործունեության հիմնական նպատակները, հետախուզության տեսակները» թեմայով դասախոսությունը վարեց հետախուզության գլխավոր հրահանգիչ, պահեստազորի գնդապետ, «Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանի հիմնադիր, քաղաքական գիտությունների թեկնածու, «Ժայռ» ՀԿ-ի նախագահ Ալեքսան Մինասյանը:
Բանակումի մասնակիցները, հետախուզության պահեստազորի փոխգնդապետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արտակ Հարությունյանի գլխավորությամբ, անցկացրին պրակտիկ աշխատանք «Ողջ մնալու արվեստը» թեմայի շրջանակներում: Մասնավորապես, սովորեցին վրաններ բացել, ջուր հայթայթել դժվար, էքստրեմալ պայմաններում, կողմնորոշվել տեղանքում առանց կողմնացույցի և այլն:
Ճամբարին մասնակցում էին նաև N զորամասի հետախուզության ստորաբաժանման սպաները, որոնք իրենց փորձը ներկայացրին երիտասարդներին՝ պատասխանելով նրանց հարցերին:
«Ժայռ» ՀԿ-ի նախագահ Ալեքսան Մինասյանը տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում հիմնականում ներգրավված էին սահմանամերձ բնակավայրերի՝ Մովսես, Չինարի, Արծվաբերդ, երիտասարդները։ «Այդ գյուղերում բնակվող երիտասարդները նույնպես զինվորականներ են։ Ի սկզբանե ես նրանց՝ կին, տղամարդ, երիտասարդ, երեխա, համարում եմ սահմանապահ։ Նրանք և՜ գյուղացի են, և՜ սահմանապահ»,- ասաց ՀԿ նախագահը՝ կարևորելով Երևանից ժամանած ուսանողների շփումը սահմանամերձ գյուղերի երիտասարդների հետ։ Ծրագրի արդյունքում մասնակիցներից 3-ը որոշում կայացրին դառնալ զինվորական։
Նշենք, որ հետաքրքիր համագործակցություն է ձևավորվել ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի շրջանակներում ծրագրեր իրականացնող ՀԿ-ների միջև։ Մասնավորապես, «Ժայռ» ՀԿ-ի բանակումին ներկա եղան նաև «Աշխարհազոր» և «Գեղարեգ» կազմակերպությունների անդամները, որոնք ծանոթացան իրականացվող ծրագրին, ներկայացրին սեփական փորձը: