Երիտասարդները սեփական ձեռքերով բացահայտում, ինքնուրույն ու անմիջապես չափում են մի քանի գլանակ ծխելու կամ դրանց երկրորդային ծխի բացասական ազդեցությունն օրգանիզմի վրա։ ««Տեկտում» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ-ն հոկտեմբերի 30-ից դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ՀՀ 6 մարզերի երկուական դպրոցների 1500-ից ավելի աշակերտների շրջանում իրականացնում է «Ծխելը՝ փորձերով» ծրագիրը:
Ծրագրի փորձագետ Հայկ Իշխանյանը նկատեց, թե գրեթե բացակայում են հակածխախոտային քարոզչության մոդելավորման մեթոդները, ուստի իրենք ծխախոտային հակաքարոզչության ուղիղ մեթոդներին հավելում են նաև մոդելավորումը՝ փորձերը: Այս մեթոդներն ուղղված են չծխող կամ նոր փորձող երիտասարդներին: Նրանք մասնակցում են ծխախոտի ծխի վնասակար ազդեցությունը մոդելավորող փորձերին։ Փորձագետը փաստեց, որ նախ, նրանք ռիսկի խմբում են գտնվում, ինչպես նաև «երիտասարդների սովորություններն ու համոզմունքները պակաս կարծրացած են, ուստի քարոզչության նորարարական այս մեթոդները առավել մեծ շանս ունեն իրավիճակում բեկում մտցնելու»: «Ծխելը՝փորձերով» ծրագրի նպատակը հակածխախոտային քարոզչության՝ մոդելավորման հիման վրա մեթոդների արդյունավետ տարածումն է ՀՀ մարզերում: Մարզերի երկուական դպրոցներում անցկացվում են նաև ուսուցիչների վերապատրաստումներ, դպրոցներին տրամադրվում են նյութեր և սարքեր՝ հետագայում այդ փորձերը ինքնուրույն կատարելու համար: Տրամադրվում են նաև տասնյակ պաստառներ, որոնք կապահովեն քարոզչության շարունակականությունը: Ծրագրի շրջանակներում պատրաստվում են նաև տեսանյութեր: Հայկ Իշխանյանը, խոսելով մոդելավորման մեթոդի արդյունավետության մասին, հետևյալ օրինակը բերեց. «Ծխախոտի ցանկացած տուփի վրա գրված է, որ ծխելը վնասակար է առողջությանը, նաև թվարկված են ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունները: Բայց դրանով հանդերձ մարդիկ շարունակում են ծխել: Այս հանգամանքը ստիպում է ենթադրել, որ ուղղակի քարոզչությունը բավարար չէ: Ուստի մոդելավորման մեթոդով քարոզչության մասնակցած աշակերտին, երբ հետո գլանակ առաջարկեն, նա միանգամից կհիշի այն մրուրը, որն առաջացել էր փորձի ընթացքում և կհրաժարվի ծխելուց»: Դիտարկմանը` դատելով աշակերտների՝ ծրագրի նկատմամբ դրսևորած մեծ հետաքրքրությունից կարելի՞ է եզրակացնել, որ այս առումով բացթողում կա դպրոցական ծրագրում, փորձագետը պատասխանեց. «Մեծ հետաքրքրություն կա, քանի որ փորձեր ենք ցույց տալիս: Ինչ վերաբերում է դպրոցական ծրագրին, ապա ֆիզկուլտուրայի դասերի մի մասը հունվարին տրամադրվում է առողջ ապրելակերպին, որի շրջանակներում անդրադարձ է կատարվում նաև այս հարցերին: Բայց կան որոշակի բացեր, ինչի պատճառն է այն, որ դպրոցներից շատերը չունեն լաբորատորիաներ, համարում են, որ աշակերտները չեն ծխում ու չեն էլ սկսի ծխել»: