Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

«Կան երեխաներ, որ արագ ընկալում են, շուտ էլ մոռանում, կան դանդաղ, բայց հիմնավոր մտածող ապագա գիտնականներ»

«Կան երեխաներ, որ արագ ընկալում են,  շուտ էլ մոռանում, կան դանդաղ, բայց  հիմնավոր մտածող ապագա գիտնականներ»
14.11.2014 | 11:56

ՍԵՎԱԴԱ ԽՈՋԱԲԱՂՅԱՆԸ 40 և ավելի տարիներ մանկավարժական գործունեություն է ծավալել Գորիսում` որպես մաթեմատիկայի ուսուցիչ: Հեղինակ է դպրոցականների համար նախատեսված օժանդակ ձեռնարկների («Մաթեմատիկայի ոչ ստանդարտ խնդիրներ իրենց լուծումներով», «Գործնական ուղղվածությամբ առաջադրանքներ և խնդիրներ երկրաչափությունից. իրենց լուծումներով»): Մեր զրույցը կրթական նորօրյա համակարգի, ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների, մաթեմատիկա առարկայի ուսուցմանը վերաբերող խնդիրների շուրջ է:

-Մաթեմատիկա առարկան դպրոցականներն այնքան էլ չեն սիրում, ի՞նչն է պատճառը, դժվարանո՞ւմ են յուրացնել:
-Պատճառն այն է, որ ցածր դասարանցիների համար մաթեմատիկան հետաքրքիր չեն դարձնում: Ես նախընտրում եմ աշակերտների հետ աշխատել հինգերորդ դասարանից: Երբ այդ տարիքից սկսում ես երեխաների մտածողությունը զարգացնել, հետաքրքիր, տրամաբանական խնդիրներ առաջադրել, մաթեմատիկան նրանց համար դառնում է հետաքրքիր: Հետո արդեն բարձր դասարանում ունենում ենք մտածող երեխաներ, որոնք հետագայում դառնում են մտածող քաղաքացիներ և պայքարում են իրականությունն ավելի լավը դարձնելու համար:
-Այնուհանդերձ, օժտված երեխաներ կան, որ շատ արագ են ընկալում մաթեմատիկան:
-Այո, ճիշտ է, կան երեխաներ, որ արագ ընկալում են, շուտ էլ մոռանում, կան դանդաղ, բայց հիմնավոր մտածող ապագա գիտնականներ:
-Ինչպիսի՞ն պետք է լինի ուսուցիչը` ըստ Ձեզ:
-Մի առիթով հարցրին` որո՞նք են ուսուցչի կարևորագույն գծերը: Տարբեր պատասխաններ հնչեցին: Ես ասացի` անձնական հմայքն է կարևոր: Հետո բոլորն ինձ հետ համաձայնեցին:
-Նորօրյա դասագրքերը հաճախ են քննադատությունների կիզակետում հայտնվում: Այս առումով շա՞տ են բացթողումները:
-Կրթությունը դարձրին տասներկուամյա, որ ծրագիրը թեթևանա, բայց իրականում հակառակը տեղի ունեցավ: Դասագրքեր կան` ավելորդ փաստերով, անուններով, որոնք նույնիսկ ուսուցիչը չի հիշում: Եթե հետագայում մասնագիտանան, կարող են խորությամբ ուսումնասիրել, հիշել անունները, բայց չի կարելի երեխաներին ծանրաբեռնել: Շատ առարկաների է դա վերաբերում: Մաթեմատիկայի դեպքում անհաջող են հանրահաշվի 7-9-րդ դասարանների Նիկոլսկու հեղինակած գրքերը, որոնց բովանդակության մի մասը կրկնություն է, և երեխաներին ստիպում են անգիր անել, ոչ թե մտածել: Երբ ուսումնասիրում ես այս գրքերը, թվում է, թե հանրահաշիվը աշակերտի տրամաբանական մտածողությունը զարգացնելու խնդիր չունի: Շատ անհաջող են բնագիտական հոսքի համար Շարիգինի երկրաչափության դասագրքերը: Դրանք նեղմասնագիտական դասախոսությունների տպավորություն են թողնում, իսկ ո՞ւր մնաց երկրաչափության սուրբ նպատակը` նպաստել երեխաների աշխարհաճանաչողությանը` լայն առումով: Հաջողված են 5-րդ և 6-րդ դասարանների դասագրքերը, «Հանրահաշիվ և անալիզի տարրեր» դասագրքերը, 7-9-րդ դասարանների և ընդհանուր հոսքի 10-12-րդ դասարանների երկրաչափության դասագրքերը:
-Մասնագետների խոսքը տեղ հասնո՞ւմ է:
-Ոչ միշտ: Ես պարբերաբար զեկույցներ, հոդվածներ եմ տպագրում «Կրթություն» թերթում և այլ պարբերականներում: «Բնագետ» ամսագրի 15-ամյակի առիթով հրավիրված ուսուցիչների համաժողովին ներկայացրի խնդիրներ, առաջարկություններ, բայց չեմ կարծում, թե արձագանքներ կլինեն: Գուցե այս հոդվածը կօգնի ինչ-որ բան փոխելուն։
-Համակարգիչը, տեղեկատվական տեխնոլոգիաներն ավելի շատ վնասո՞ւմ են, թե՞ օգնում:
-Օգնում են, բայց երեխային պետք է մտածելու ժամանակ տալ: Համակարգչի մոտ նստած երեխան միայն ուրիշների ինֆորմացիան է վերցնում, ձևափոխում: Դառնում է համակարգչի գերին: Երեխան պետք է պառկի մեջքի վրա, երազի: Հիմա ոչ ոք, մեծ թե փոքր, չի նայում երկնքին, չի մտածում այլ մոլորակների, աստղերին հասնելու, ավելի լավ ինքնաթիռներ ունենալու մասին: Ցավոք, այսօրվա երեխան ծանրաբեռնված է համակարգչային ինֆորմացիայով, խաղերով: Իսկ եթե երեխան բնության գրկում չի լինում, ծառ չի բարձրանում, չի ընկնում, չի մտածում, թե խնձորն ինչպես հասավ, ինչու շուտ ընկավ, մենք չենք ունենա ապագա գիտնական, ապագա բնապահպան, առհասարակ, լավ մասնագետներ:
-Ասում են` անհատ գիտնականների ժամանակաշրջանն անցել է:
-Ոչ, այնուամենայնիվ, կան մարդիկ, որ փոքր հասակից, առանց համակարգչին նայելու գյուտեր են անում: Դա մտքի թռիչքի հետ է կապված, նման աստվածատուր երեխաները քիչ են: Նրանց տաղանդը սպանելը հանցագործություն է: Մտքի թռիչք ունեցող երեխաներին պետք է բացահայտել ցածր դասարանից, իսկ դրա համար ցածր դասարաններում ամենալավ ուսուցիչները պետք է դասավանդեն: Բարձր դասարաններում կան իբր լավ սովորող աշակերտներ, որ երկու րոպե չեն ուզում խնդրի վրա մտածել: Եթե երեխան չի կարողանում մտածել, ինքնուրույն դուրս գալ անծանոթ իրադրությունից, ապագայում հասարակության ակտիվ անդամ չի դառնա, երկիրն այսպես էլ կմնա: Մտածող քաղաքացի պետք է դաստիարակել ցածր դասարանից, մանկապարտեզից:
-Դուք ժամանակին համասովետական մրցույթի եք մասնակցել ձեր եղբոր հետ, հրթիռի սխեմա եք մշակել ու մրցանակ շահել: Գիտեմ, որ ցանկացել եք կոնստրուկտոր-ինժեներ դառնալ, բայց հանգամանքների բերումով ընտրել եք մաթեմատիկան: Ձեր մտահղացումներից մեկը կապված է եղել շարժվող գոտու հետ, ի՞նչ է դա:
-Մտածում էի` ի՞նչ անել, որ գնացքը չկանգնի կայարանում և ժամանակի կորուստ չլինի: Առաջարկում էի շարժվող գոտի ստեղծել. մարդիկ գնացքից տեղափոխվում են շարժվող գոտի (որը դանդաղեցնում է ընթացքը) և իջնում են կայարանում: Իսկ գնացքը նույն արագությամբ շարունակում է ընթացքը:
-Դուք հետազոտող ուսուցչի կոչում ունեք, ո՞րն է դա:
-Իննսուներկու թվականից կրթության ազգային ինստիտուտում սկսեցին ուսուցիչներին տարակարգ տալ` ըստ գիտելիքների դասավանդման հմտությունների: Երեք տարակարգ կա` սովորական ուսուցիչ, հմուտ և հետազոտող: Իննսուներեքին մասնակցեցի քննության, երեք փուլերն անցա ու դարձա հետազոտող ուսուցիչ: Բայց հիմա ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնում:
-Պարոն Խոջաբաղյան, մեր տեղեկություններով` Սյունիքում դպրոցականների` մաթեմատիկայի օլիմպիադաներում գրանցած հաջողությունները կապված են նաև Ձեր գործունեության հետ: Տարբեր դպրոցներից երեխաներ եք ընտրել, արտաժամյա ու անվճար պարապմունքներ անցկացրել: Ասում են նաև` «Այբ» կրթական հիմնադրամի միջոցով Դուք եք խնդիրներ տրամադրում «Կենգուրու» մաթեմատիկական միջազգային մրցույթին:
-Ես Վայքի և Սյունիքի մարզերի միջազգային «Կենգուրու» մրցույթի համակարգողն եմ (Վայքից հրաժարվել եմ զբաղվածությանս պատճառով): Մրցույթին մասնակցում է 50-ից ավելի երկիր, յուրաքանչյուր երկիր իր խնդիրներն է ներկայացնում, հանձնաժողովն ընտրում է: Հայաստանից «Այբ» կրթական հիմնադրամի միջոցով խնդիրներ են առաջարկում Գագիկ Գրիգորյանը, Տիգրան Գասպարյանը և այլք:
-Գորիսի մշակութային կյանքում նույնպես դերակատարում եք ունեցել, երգում եք, ժամանակին նաև քամանչա եք նվագել, միջոցառումներ եք կազմակերպել: Շատ հեռու ոլորտներ չե՞ն մաթեմատիկան ու երաժշտությունը:
-Մինչ անկախության շրջանը ակումբ էի հիմնադրել, կոչվում էր «Երիտասարդական ուրբաթ», երաժշտական և այլ նախագծեր էինք իրականացնում: Սիրում եմ երգ, երաժշտություն, ողջունում եմ նրանց, ովքեր ընտրում են երաժշտությունը: Ասում եմ` ոչինչ, որ մաթեմատիկա չէ, փոխարենն օգտագործում ես աստվածատուր շնորհքդ:
-Որքան գիտեմ` նոր ծրագրեր ունեք, որ ներկայացնելու եք ԿԳ նախարարությանը: Մի փոքր բացեք չակերտները:
-Միանգամից անցնեմ առաջարկություններին. ա) 1-ին դասարանը տեղափոխվում է մանկապարտեզ, որպես այնտեղի ավագ խումբ (այստեղ կան հանգստի, սնվելու բոլոր պայմանները, և տառաճանաչությունը միշտ էլ կարելի է իրականացնել): Դպրոցը սկսվում է երկրորդ դասարանից, և աշակերտը դպրոցն ավարտում է այն տարիքում, ինչ 11-ամյա կրթության ժամանակ: բ) Ավագ դպրոցներում ուսուցումն իրականացվում է հոսքերով` առանց ընդհանուր և արհեստագործական հոսքերի: (Ավագ դպրոցներում պետք է տիրի սովորելու մթնոլորտը): Ավագ դպրոցի ընդունելությունը պետք է լինի ըստ հոսքերի: գ) ՈՒսումնառության 12-րդ տարում ուսուցումը պետք է տարվի հոսքային խմբերով, ընդ որում` խմբերում ուսուցումը տարվում է միայն հոսքային առարկաներով` յուրաքանչյուր առարկայի հատկացնելով օրական 2 ժամ։ Հենց սեպտեմբերի 1-ից էլ սկսվում է բուհական քննությունների նախապատրաստությունը, որն իրականացնում են այն մասնագետները, ովքեր հայտնի են և նախկինում եղել են կրկնուսույցներ։ դ) Ավագ դպրոցում հոսքային առարկաներից քննությունները կազմակերպվում են ուսումնառության 12-րդ տարվա վերջին, իսկ ոչ հոսքային առարկաներից քննությունները տեղի են ունենում ուսումնառության 11-րդ տարվա վերջում, քանի որ դպրոցականներն այդ առարկաների ուսումնասիրումն ավարտում են հենց այդ տարի: ե) Միջնակարգ հանրակրթական մյուս հաստատություններում կարող են կազմակերպել ընդհանուր հոսքեր և արհեստագործական հոսքեր, եթե ունեն հնարավորություններ և ցանկություն: Այդ հաստատություններում ուսուցումը և տարեվերջյան քննությունները կազմակերպեն այն ձևով, ինչպես կազմակերպվում էր նախկին 11-ամյա կրթության ժամանակ: զ) Ավագ դպրոցները դարձնել գիշերօթիկներ, աշակերտական կազմը համալրելով գյուղական բնակավայրերի այն երեխաներով, որոնք իրենց դպրոցներում հնարավորություն չունեն որակյալ միջնակարգ կրթություն ստանալու և նախապատրաստվելու ընդունելության քննություններին:
Այսպիսով` 12-ամյա կրթության անվան տակ (Բոլոնյան պայմանագիր ենք ստորագրել) ավագ և միջնակարգ դպրոցներում մեկ տարով կրճատվում են ուսման տարիները, խնայվում են ֆինանսական միջոցներ և, որ ամենակարևորն է, 12-րդ դասարանցին ֆիզիկապես և մտքով կապվում է դպրոցին և հարկ չի լինում դիմելու վարչական միջոցների` նրանց դպրոցում պահելու համար։
-Քննական համակարգում, օլիմպիադաներում կիրառվող թեստային առաջադրանքներին նույնպես քննադատաբար եք վերաբերվում:
-Տարիներ առաջ, երբ չէր հաջողվում լիարժեք ապահովել ընդունելության քննությունների օբյեկտիվ ամփոփում, անցանք թեստային համակարգի, որպեսզի բացառվի մարդկային գործոնը: Բայց շահեցի՞նք մենք: Համենայն դեպս շատացան դեպքերը, երբ մաթեմատիկայից բոբիկ շատ քննություն հանձնողներ ստանում են ոչ ավելի, ոչ պակաս 20 միավոր` զարմացնելով նույնիսկ շատ բան տեսած մարդկանց: Իսկ դպրոցներում, անցնելով նույն թեստային աշխատանքներին, աշակերտները վարժություն կամ խնդիր լուծելու փոխարեն, պատահական կամ այլ ճանապարհներով, այսպես ասած, «պտիչկա» են նշանակում պատասխանի 4 տարբերակներից մեկի դիմաց: Այսպես որ շարունակվի, մաթեմատիկան կվերածվի «պտիչկաբանության»:
Մենք գիտենք, որ մաթեմատիկայի օլիմպիադան նպատակ ունի հայտնաբերելու յուրահատուկ մտածողություն ունեցող տաղանդավոր երեխաների, բայց քանի տարի է` մեզ մոտ օլիմպիադայի առաջին փուլը կազմակերպվում է նույն «պտիչկաների» միջոցով. 5-12-րդ դասարանցիներին 2 ժամվա համար առաջարկում են 20 խնդիր, և ով հասցնի 13 ճիշտ «պտիչկա» ապահովել, կանցնի հաջորդ փուլ։ Իսկ ո՞ւր մնաց հատուկ մտածողություն ունեցող, դանդաղ բայց հիմնավոր մտածող ապագա գիտնական երեխաների հայտնաբերումը։ Կարծում եմ` օլիմպիադայի այդ փուլը հաճախ հաղթահարում են ճարպիկ ուսուցիչը և ճարպիկ աշակերտը, բայց ոչ տաղանդավոր երեխան:
-Մեդալների, պատվոգրերի, «Տարվա ուսուցիչ» կոչման եք արժանացել, այնուհանդերձ, Գորիսում որպես ուսուցիչ այլևս չեք աշխատում:
-2010-ին Գորիսի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ես այնպես չէի մտածել, ինչպես կցանկանային «վերևներում», արդյունքում ստիպված եղա թողնել աշխատանքս, տեղափոխվել Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, որտեղ ինձ սիրով ընդունեցին: Այնուամենայնիվ, իմ օջախը, իմ տունը ձգում էր ինձ, սակայն իմ քաղաքի ոչ մի դպրոցում ինձ չընդունեցին, թեկուզ շատ էին հարգում, գնահատում իմ կարողությունները, բայց վախենում էին: Երկու տարի հետո աշխատանք գտա Կապանում: Շնորհակալ եմ: Փորձում եմ հնարավորինս շատ բան անել Սյունիքի դպրոցի համար, որտեղ այժմ աշխատում եմ:
-Սյունիքն առեղծվածային բնակատեղի է համարվում, Սյունյաց քարերը, Տաթևի սյունը գրավում են գիտնականների և հետաքրքրասերների ուշադրությունը: Ձեր կարծիքը` այդ առումով:
-Երիտասարդները երբ գալիս են, գիշերը մնում են Տաթևում, որ Տաթևի սյան վերևում Օրիոնի գոտի տեսնեն, ես դա շատ եմ գնահատում: Բայց մեր երևակայությունը չպետք է հասնի այնպիսի ծայրահեղության, որ անտեսենք մեր ենթադրությունների գիտականությունը: Ռոբոտներ ստեղծելը, մարդկանց աշխատանքը հեշտացնելն ավելի լավ են, քան որոշ առասպելներ ճշմարտանման դարձնելը:

Էջը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 5969

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ