ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նոր շրջադարձ ՈՒկրաինայում

Նոր շրջադարձ ՈՒկրաինայում
25.07.2014 | 00:59

Հինգշաբթի ՈՒկրաինայում իշխանության համար պայքարը օրենսդրական ճգնաժամի շրջան մտավ: Հինգշաբթի խորհրդարանի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը, օգտվելով նոր կանոնակարգից, լուծարեց կոմունիստական կուսակցության խմբակցությունը՝ մեղադրելով նրանց արևելքի «ապստամբներին աջակցելու» մեջ: Այստեղ պատմությունը կարող էր ավարտվել և ընդամենը լուրի կարգավիճակ ստանալ, բայց երեկ Գերագույն ռադայում իրադարձությունները զարգացան անսպասելի ուղղությամբ՝ կոալիցիայի կազմից դուրս եկան «УДАР» և «Свобода» խմբակցությունները ու 15 պատգամավորներ, որ խմբակցության անդամ չեն, 9 պատգամավորներ «Батькивщина» խմբակցությունից և «Տնտեսական զարգացում» պատգամավորական խումբը: Եթե 30 օրում նոր կոալիցիա չձևավորվի, ՈՒկրաինայի նախագահը կարող է լուծարել Ռադան:
Կոալիցիայի կազմաքանդումը կարող է խանգարել ամբողջ շարք անհրաժեշտ օրինագծերի ընդունմանը, որ պետք է ԱՄՀ-ի հերթական տրանշը ստանալու համար: «Батькивщина»-ի ղեկավար Սերգեյ Սոբոլևը ճեպազրուցում հայտարարեց, որ, փաստորեն, ձախողվեց բանակի, բյուջեի առանցքային ծախսերի ֆինանսավորման որոշումների ընդունումը, որոնք ապահովում էին տրանշի ստացումը: Այնուհանդերձ, «Батькивщина»-ն, որ ամենամեծ խմբակցությունն է, հայտարարեց, որ այլ քաղաքական ուժերի հետ մտադիր չէ բանակցելու նոր կոալիցիայի ստեղծման մասին: «Մեզ համար շատ կարևոր է ցույց տալ, որ մենք չենք վախենում նոր ընտրություններից: Մենք ուկրաինական ժողովրդի 80 %-ի հետ ենք»,- ասաց «Батькивщина-ի անդամ Նիկոլայ Տոմենկոն: Եթե հիշենք, որ «Батькивщина»-ի ղեկավարը Յուլյա Տիմոշենկոն է, ամեն ինչ իր տեղն է ընկնում: ՈՒկրաինայի «Երկաթե լեդին» շարունակում է իշխանության համար պայքարը: Այնուհանդերձ, բացառվում է, որ խորհրդարանական ճգնաժամը անսպասելի լինի նախագահ Պյոտր Պորոշենկոյի համար: «УДАР»-ը և «Свобода»-ն կոալիցիայից դուրս գալը հիմնավորել են «Գերագույն ռադայի կառուցողական աշխատանքին անընդունակ լինելով՝ ուկրաինացի ժողովրդի կամքի համապատասխան»: Ազգայնական կուսակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկը կարծում է, որ նախագահը պետք է լուծարի Ռադան, որը «պատգամավորական անձեռնմխելիությունից չի ազատում այն մարդկանց, ովքեր աշխատում են Կրեմլի համար», իսկ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն, երբ ՈՒկրաինայում հաստատվի խաղաղություն: Նոր ընտրությունները ՈՒկրաինայում կարող են ստեղծել նոր քաղաքական իրավիճակ՝ թուլացնելով նախագահ Պյոտր Պորոշենկոյի դիրքերը, եթե Յուլյա Տիմոշենկոն մեծամասնություն ստանա խորհրդարանում: Ընտրությունների արդյունքները կարող են անկանխատեսելի լինել պատերազմող երկրում, որտեղ քաղաքական ուժերը օրեցօր կորցնում են իրենց համակիրներին, առավել ևս, որ Արևելյան ՈՒկրաինան կարող է չմասնակցել ընտրություններին, եթե զինադադար չհայտարարվի: Թեպետ հենց խորհրդարանական ընտրությունները կարող են դառնալ ստեղծված վիճակից դուրս գալու ելք, եթե պատերազմը դադարեցնելու քաղաքական կամք դրսևորվի և երկրի ամբողջականության պահպանման միջազգային որոշում ընդունվի: Իհարկե, առանց Ղրիմի: Բոլոր դեպքերում խորհրդարանական արտահերթ ընտրությունները իրավիճակ փոխելու շանս են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Իսկ ամեն ինչ կարող էր բոլորովին այլ ընթացք ունենալ, եթե Գերագույն ռադան սերտ կապեր ունենար Ազգային ժողովի հետ և պատգամավորական փորձի փոխանակման կարգով հայ գործընկերներից սովորած լիներ քաղաքականությանը չխառնվել և միայն օրենսդրական հարցեր լուծել, ինչպես հաճո է կառավարությանը: Բայց նրանք գնացին իրենց ճանապարհով ու հայտնի չէ՝ ուր են հասնելու:

Դիտվել է՝ 1595

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ