ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Թեհրանը, որ չի նահանջում

Թեհրանը, որ չի նահանջում
22.07.2014 | 00:42

Բարդ, շատ բարդ գիտություն է դիվանագիտությունը: Հիշում եք, չէ՞, ինչի համար է դիվանագետին տրված լեզուն: Մտածածը չասելու, չլսածը հիշելու, չասածը հասկանալու, չցանկացածը չհասկանալու, ցանկացածը հասկացնելու: Ամենաանորոշ լեզուն, երբ չկան «այո» ու «ոչ», կան մի տասնյակ «թերևս», «գուցե», «հնարավոր է», մի տասնյակ էլ «բայց», «սակայն», «այնուհանդերձ», ու ևս մի տասնյակ «հարկավ», «անշուշտ», «իհարկե», և վերջում` մի մեծ «թեպետ»: ՈՒ երբ դիվանագետը ասում է «այո» ու «ոչ», այն էլ միանգամից, ու չի խուսափում կրկնել, ուրեմն կամ իրավիճակ է փոխվել, կամ դեսպանն է փոխվում: Հայաստանում ԻԻՀ դեսպան Մոհամադ Ռեիսին չի փոխվում, ուրեմն իրավիճակ է փոխվել: 2013-ի օգոստոսից պաշտոնավարող նախագահ Հասան Ռուհանիի օրոք, այո, իրավիճակ է փոխվել: Թեհրանը վերադառնում է միջազգային ասպարեզ ամբողջ հասակով` ձերբազատվելով միջազգային պատժամիջոցներից և սկսում է տարածաշրջանի քաղաքականություն ձևավորել, պայմաններ ու պահանջներ առաջադրել: Միանգամայն քաղաքակիրթ: Դարավոր դիվանագետ լինելով: Արևելյան արարողակարգով: Ամիսներ առաջ Թեհրանը Երևանին առաջարկեց Հայաստանի տարածքով գազ արտահանել Եվրոպա և իբրև տարանցիկ երկիր կրկնակի էժան գնով գազ վաճառել Հայաստանին, երկաթուղի ու գազամուղ կառուցել: Գործնականում Իրանը Հայաստանին առաջարկեց դուրս գալ միջազգային տնտեսական մեկուսացումից ու միանգամից մի քանի հարց լուծել` ֆինանսատնտեսական. էժան էներգակիրներ ստանալու, աշխատատեղեր ու ենթակառույցներ ստեղծելու, տնտեսություն դիվերսիֆիկացնելու, անվտանգություն ապահովելու ու քաղաքական անկախությունն ուժեղացնելու: Հայաստանը դիվանագիտորեն «ոչ» չասաց ու չասաց «այո»: Իրանը դիվանագիտորեն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ շփվեց-շփվեց ու հուլիսի կեսին սրընթաց վերադարձավ Երևան, երբ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին անորոշ առկախվեց: Վերադարձավ արդեն ոչ դիվանագիտորեն, այլ ուղղակի ասելու` Իրանը ԵՏՄ չի մտնելու, բոլոր առաջարկներս մնում են ուժի մեջ, ավելին` ես երաշխավորում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցում անցանկալի լուծում չի լինի, այլազգի խաղաղապահներ սահմանին չեն լինի, պատերազմ չի սկսվի, առևտրատնտեսական հարաբերություններում մեծ աճ կգրանցվի, ու պետք չէ այդքան վախենալ Կրեմլից: Երևանի լռության համապատկերում սա դիվանագիտական դեմարշ է ընդդեմ Մոսկվայի, որ տարածաշրջանում Թեհրանի առաջընթացը փորձում է փակել Հայաստանով` ապակայունացնելով ներքաղաքական վիճակը երկրում ու ռազմականը տարածաշրջանում: Թեհրանի առավելությունը դառնում է Արևմուտքը, որ շահագրգիռ է հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների խորացմամբ ու պատրաստ է ֆինանսավորելու: Մոսկվայի առավելությունը մնում է հայ-ռուսական հարաբերությունների «ռազմավարական» բնույթը, որը որակազրկվում է ռուս-թուրքական ու ռուս-ադրբեջանական ռազմավարական համագործակցությամբ: Խաղը անհավանական բարդ է` հաշվի առնելով տարբեր երկրների ներգրավվածությունը ու շահերի հակադրությունը, և անհավանական պարզ` հաշվի առնելով հայ-իրանական երկկողմ հարաբերությունները ու շահերի համընկնումը: Մտածելու ժամանակ մնացել է մինչև հոկտեմբեր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պիտի գնար Թեհրան: Չգնաց: ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին պիտի գա Երևան: Կգա, եթե Երևանը գոնե մեկ պատասխան ունենա Թեհրանի մեկ տասնյակ առաջարկներին: Չի գա, եթե Երևանը իսպառ հրաժարվի սուբյեկտի կարգավիճակից: ՀՀ-ում ԻԻՀ դեսպանի ասուլիսը քաղաքական թեստ էր, որ անվավեր դարձրեց դիվանագիտական լռությունը:

Դիտվել է՝ 1374

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ