Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում հեղափոխության փորձ իրականացրած Շանթ Հարությունյանի, Արթուր Մարգարյանի, Ալեք Պողոսյանի, Արմեն Հովհաննիսյանի, Ավետիս Ավետիսյանի, Հայկ Հարությունյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Միսակ Առաքելյանի, Մկրտիչ Հովհաննիսյանի, Սևակ Մնացականյանի, Շահեն Հարությունյանի, Տիգրան Պետրոսյանի, Վահե Մկրտչյանի, Վարդան Վարդանյանի դատավարությունը, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ («Խուլիգանություն») հոդվածով:
Թե՛ դատարանի մերձակա տարածքում, թե՛ դատական նիստերի փոքրիկ դահլիճում ներկա էին բազմաթիվ քաղաքացիներ, որոնք եկել էին իրենց աջակցությունը հայտնելու քաղբանտարկյալներին:
Երբ քաղբանտարկյալները մտան դահլիճ, նիստի մասնակիցները նրանց դիմավորեցին հոտնկայս ծափահարություններով և «ա՛-զա՛-տու՛-թյո՛ւն» վանկարկումներով: Իսկ դատարանին մերձակա տարածքում հավաքվածները վանկարկում էին` «Ազա՛տ, անկա՛խ Հայաստան»:
Քաղաքական գործիչներից միայն Րաֆֆի Հովհաննիսյանն էր մասնակցում դատավարությանը, մեկ էլ դրսում հավաքվածների մեջ ներկա էր ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Ժիրայր Սեֆիլյանը: Մյուս քաղաքական ուժերը, ինչպես անցած ամիսներին էին լռության ուխտ հայտարարել Շանթ Հարությունյանի և նրա համախոհների գործով, այնպես էլ այսօր պահպանեցին հանցավոր կոնսենսուս` չմասնակցելով դատավարությանը:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հենց դատական նիստի սկզբում հայտարարեց, որ դատը պետք է հետաձգվի ամբաստանյալների պաշտպաններից երկու հոգու զբաղվածության պատճառով: Փաստաբան Արա Զաքարյանն էլ հակադարձեց, որ մեղադրյալների վրա քննիչները կարող են ազդել մինչդատական փուլում, որպեսզի նրանք հրաժարվեն պաշտպաններից:
Ալեք Պողոսյանը նշեց, որ ինքը հրաժարվում է պաշտպանից:
Այնուհետև հայտարարությամբ հանդես եկավ Շանթ Հարությունյանը: Նա նախ ցավակցեց օրեր առաջ Փարիզում կյանքից անժամանակ հեռացած Սմբատ Այվազյանի ընտանիքին, հետո հիշեց, որ 2008թ. հետընտրական իրադարձություններից հետո միասին մեկուկես տարի անցկացրել են անազատության մեջ` որպես քաղբանտարկյալներ: ՈՒ թեև դժվար օրեր են անցկացրել նրանք միասին, այսօր Շանթը երանությամբ է հիշում այդ շրջանը:
Շանթ Հարությունյանն առաջարկեց, որ քաղբանտարկյալները հրաժարվեն փաստաբաններից, քանի որ տեղի ունեցածը քաղաքական պրոցես է, և չկա արդարադատություն:
«Եթե ես հավատայի արդարադատությանը, ապա դուրս չէի գա փողոց»,- հայտարարեց Շանթ Հարությունյանը:
Այնուհետև նա շնորհակալություն հայտնեց իր փաստաբան Ինեսա Պետրոսյանին, Նիկոլ Փաշինյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին, իրավապաշտպաններ Ավետիք Իշխանյանին ու Արթուր Սաքունցին, բոլոր այն ԶԼՄ-ներին, անհատներին, ովքեր անցած յոթ ամիսներին աջակցել են իրեն ու իր համախոհներին:
Քանի որ դատարանի դահլիճը փոքր էր, և նույնիսկ քաղբանտարկյալների հարազատներից ոմանց չէր հաջողվել մուտք գործել այնտեղ, փաստաբան Արա Զաքարյանն առաջարկեց հաջորդ դատական նիստերն անցկացնել մեկ այլ դատարանում, ավելի մեծ դահլիճում:
Քաղբանտարկյալ Արմեն Հովհաննիսյանի կինը` Շողեր Հակոբյանն էլ իր հերթին դահլիճից դժգոհեց, որ հարազատների համար ստեղծվել են նվաստացուցիչ պայմաններ, և պահանջեց այնպես անել, որ նրանք կարողանան մասնակցել դատաքննությանը:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը irates.am-ի հետ զրույցում նշեց. «Եթե մենք դիտարկենք իրավական տեսանկյունից, ապա լավագույն դեպքում ամենախիստ պատիժը կարող էր լինել հենց այդ օրը` նոյեմբերի 5-ին, վարչական տույժ նշանակելը: Շանթն ինքը քաղաքական գործիչ է, շատ հետաքրքիր և ինքնուրույն քաղաքական գործիչ է: Կարող ենք ասել, որ Հայաստանի քաղաքական կյանքի աղերից մեկն է, և նա բնականաբար, քաղաքականացնում է գործընթացը: Ես կուզենայի, որ նա ունենա լավ, պրոֆեսիոնալ փաստաբան, բայց դա, իհարկե, Շանթի որոշումն է: Անկախ ամեն ինչից, եթե անգամ դատում են պրոֆեսիոնալ իրավաբանի, նա պետք է ունենա լավ փաստաբան»: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 25-ին, ժամը 12.00-ին, նույն դատարանում:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ