Հայաստանի ոստիկանությունն այս 96 տարում, հավատարիմ իր առաքելությանը, ծառայել և ծառայում է օրենքին ու ժողովրդին: Պատշաճ ձևով իրականացնում է իրավակարգի ամրապնդումը, հասարակական կարգի պահպանումը և հանցավորության դեմ պայքարի գործը: Աճել և աճում է ոստիկանությանը վստահողների թիվը, բարձրացել է ոստիկանության գործունեության հանրային վերահսկողությունը: Կատարվում է հանրային պահանջը, արդարացվում են քաղաքացիների ակնկալիքները բոլոր ուղղություններով, ապահովվում է քաղաքացիների իրավունքների լիարժեք իրացումը:
Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այսօր մենք բոլորս էլ ցանկանում ենք, ինչու չէ, նաև պարտավոր ենք աջակցել մեր ոստիկանության լիարժեք կայացմանը: Ողջունում ենք ոստիկանության և քաղաքացու ցանկացած երկխոսություն: Բոլորիս համար էլ ուրախալի է ոստիկանության լիարժեք կայացածությունը և հետաքրքրում է, թե ինչ մակարդակի վրա է գտնվում ոստիկանության մասնագիտական պատրաստվածությունը, ինչպես է աշխատում ու մատուցում ծառայությունը, իհարկե, օրենքի սահմաններում, օրենքով ամրագրված իրենց իրավունքներով: Պետք է վստահաբար ասել, որ ոստիկանությունն այսօր վայելում է մեր հասարակության վստահությունը: Չպետք է մոռանանք, որ վերջին ժամանակահատվածում էական բարեփոխումներ և առաջընթաց են նկատվում ոստիկանության աշխատաոճի մեջ: Այդ բոլորը տեսնում է մեր քաղաքացին և ցանկանում է լինել ոստիկանի կողքին և իրեն ավելի պաշտպանված տեսնել: Հաստատապես կարելի է ասել, որ այսօր ստեղծվել է մի այնպիսի միջավայր, որ քաղաքացին չի խուսափում ոստիկանին հանդիպելուց, նրա հետ շփվելուց, ոստիկանի մեջ տեսնում է մի անձի, որը պաշտպանում է իրեն: «Մեր հասարակությունը, մեր քաղաքացին ոչ թե փորձարկումների, այլ նրա համար է, որ մենք ծառայենք նրան»: Այս միտքը Լոռու մարզում հասարակության հետ հանդիպման ժամանակ արտահայտել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Հավատացած եմ, որ եթե յուրաքանչյուր պետական այր այսպես աշխատի, ապա մենք երբեք մեր հայացքը չենք հառի օտար ափեր և մեր «թթվածինը» կլինի միայն մեր Հայաստանում:
Ամեն անգամ լսելով ՀՀ ոստիկանապետին, կրկին վստահություն ենք ձեռք բերում, որ ոստիկանությունը մեզ լիարժեք կպաշտպանի: Հուսանք, որ խնդիրների լուծման, թերությունների, սխալների և վրիպումների վերացման գործում ոստիկանության ուժերը կհերիքեն։ Ոստիկանության իրականացրած պրոֆեսիոնալ, կառուցվածքային բարեփոխումներն ու ձեռքբերումներն արդյունք են ոստիկանության և անձամբ ոստիկանապետ Վ. Գասպարյանի իրականացրած աշխատանքների: Հավատացած եմ, որ այսուհետ հասարակությունը և պետությունը, պահանջելուց բացի, ձեզ կապահովեն բարեկեցիկ կյանք, որ անձնազոհության գնացող ոստիկանը երբեք չմտածի, չտարակուսի իր ընտանիքի ապրելակերպի համար:
Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր ոստիկան իր թիկունքում ունենա տնտեսապես ապահովված և բարոյապես կայուն ընտանիք: Անհերքելի է, որ այսօր հասարակության աչքում բարձրացել է ոստիկանության հեղինակությունը: Հավատացեք, որ անվտանգության ոլորտի թափանցիկությունը երբեք չի հակասի մասնագիտական գաղտնիության պահպանմանը: Եթե նախկինում հասարակությունը շատ ու շատ պահանջներ ուներ ոստիկանությունից, ապա այսօր հաստատապես կարելի է ասել, որ դրանք հիմնականում իրագործվել են, իսկ մնացած անելիքներն էլ օր օրի իրագործվում են:
Ժամանակին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ասել է, որ «առանց տիրոջ կամքի նույնիսկ ծառի տերևը վայր չի ընկնում»: Ցանկանում եմ Տիրոջ ափն օրհնի Ձեր ընտրած ուղին:
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ անդամների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլոր ոստիկաններին և ոլորտի վետերաններին մասնագիտական օրվա կապակցությամբ:
Աստված պահապան:
Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ