ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«Քանի՞ հոգի պետք է խելագարվի, որպեսզի ՀՀ պետական այրերը վերջապես լուծում տան այս հարցին»

«Քանի՞ հոգի պետք է խելագարվի, որպեսզի ՀՀ պետական այրերը վերջապես լուծում տան այս հարցին»
11.03.2014 | 15:48

irates.am-ի խմբագրությունը ցմահ դատապարտվածներից նամակ է ստացել, որում մասնավորապես ասվում է. «Մի քանի օր առաջ Հայաստանին վերադարձվեց Ադրբեջանի կողմից գերեվարված ՀՀ քաղաքացի 77-ամյա Մամիկոն Խոջոյանը: Անզեն աչքով էլ կարելի էր տեսնել, որ նրան ադրբեջանական կողմը ենթարկել է ֆիզիկական ու հոգեբանական խոշտանգումների և կտտանքների: Հաշվի առնելով ալիևյան քարոզչամեքենայի սերմանած հայատյացությունը՝ պարզ և տրամաբանական է, որ, հաշվի չառնելով միջազգային կոնվենցիաները, նաև զուտ մարդկային մոտեցումները, Ադրբեջանում հայ գերիները կենթարկվեն խոշտանգումների և կտտանքների: Բայց ինչպե՞ս բացատրել հայատյացությունը Հայաստանում, ինչպե՞ս և ի՞նչ տրամաբանությամբ հասկանալ 104 ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ իրականացվող քաղաքականությունը կամ անտարբերությունը»:

Ըստ ցմահ դատապարտվածների, ցանկացած ազատազրկում, ինչպես նաև ցմահ ազատազրկումը, 3 նպատակ է հետապնդում` սոցիալական արդարության վերականգնում, հետագայում նման հանցագործությունների հնարավոր կանխարգելում և դատապարտյալի ուղղման և հասարակության վերադարձի նպատակ: «ՀՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտում են հիմնականում դատարանի կամայականությամբ և չափազանցված պատժաչափով: Մեծ մասամբ հանցագործություն կատարող անձը արարքը կատարում է պահի ազդեցության տակ՝ չմտածելով պատժի ծանր կամ թեթև լինելու մասին, իսկ ինչ վերաբերում է 3-րդ կետին, ապա ցմահ ազատազրկումը, որը փոխարինել է մահապատժին, շատ ավելի դաժան է, քան ինքնին մահապատիժը»,- նշում են դատապարտվածները:
Նրանք նաև փաստում են, որ ներկայումս պայմանական վաղաժամկետ ազատման շեմը հատել է մոտ մեկ տասնյակ ցմահ դատապարտյալ, սակայն որևէ մեկն ազատություն չի ստացել: «Հանձնաժողովների մերժումները հիմնականում հիմնված են քաղաքացիական հայցերի վրա, որոնք պետք է վճարեն շատ ցմահ դատապարտյալներ, սակայն ինչպես կարող են վճարել այդ գումարները՝ չունենալով աշխատանքի հնարավորություն և ամբողջ 20 տարին անցկացնելով մի սենյակում: Բացի այդ հանձնաժողովներն ինչպես պետք է որոշեն մերժել թե ոչ, եթե չկան մշակված մեխանիզմներ և ոչ մի աշխատանք չի տարվում այդ ուղղությամբ: Այս ամենը դաժան կոմեդիայի է նմանվում: Ստացվում է, որ ցմահ ազատազրկման դատապարտվածը դե յուրե ունի իրավունք պայմանական վաղաժամկետ ազատման, բայց դե ֆակտո չունի դա: Փաստորեն ՀՀ_ում դատապարտելուն միտված օրենքները հապշտապ ընդունվում են և գործադրվում, իսկ ազատմանը միտված օրենքները՝ տասնամյակներ շարունակ մնում են նախագծի և «ցանկության» շրջանակներում»,-արձանագրված է նամակում:
Նրանք նաև ներկայացնում են, թե որքան դիմում-խնդրանքներ են ուղղել պետական այրերին, որոնք ոչ մի դրական արդյունք չեն տվել: «ՀՀ իշխանությունների հիմնական զենքը դարձել է անտարբերության միջոցով մարդկանց խոշտանգումների ենթարկելը, որ ծնում է հուսահատություն և ապրելու հետագա ցանկության վերացում, արդյունքում ցմահներից ոմանք մահացել են, ոմանք էլ խելագարվել: Հարց է առաջանում, եթե այդպես պետք է իրականացվի ցմահ ազատազրկում պատժատեսակը, ապա ի՞նչ է սա, եթե ոչ հայերի գերեվարություն Հայաստանի իշխանությունների կողմից, և մինչև ե՞րբ պետք է հայերը գերեվարված մնան ՀՀ-ում, դեռ քանի՞ հոգի պետք է մահանա հոգեկան խոշտանգումներից, քանի՞ հոգի պետք է խելագարվի, որպեսզի ՀՀ պետական այրերը վերջապես լուծում տան այս հարցին և կոնկրետ ու իրական որոշումներ ընդունեն:
Երբ դատավճիռն անարդար է, այդ դատավճռի անմարդկային ծանրությունն ու բազում հետևանքները տարածվում են դատապարտյալի ընտանիքի վրա, և անարդարության զգացումը թե՛ հոգեպես և թե՛ ֆիզիկապես խեղում է ամբողջ ընտանիքի հետագա կյանքը»,-եզրափակում են ցմահ դատապարտյալները, ովքեր մեզ տեղեկացրին, որ այս նամակը թարգմանելու են մի քանի լեզուներով և տարածելու են:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2246

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ