Ստեղծվել է պահածոյագործների և հյութարտադրողների միություն։
Հայաստանում այսօր գործում է մոտ 30 կազմակերպություն, որոնք զբաղվում են պահածոյագործությամբ և հյութերի արտադրությամբ: Մաքսային միությանն անդամագրվելը հայկական պահածոյի արտահանման առումով շահավետ է Հայաստանի և ՀՀ քաղաքացու համար: «Մեր միության վերաբերմունքը ՄՄ-ին, կարծում եմ, պարզ է, քանի որ հայ պահածոյագործները իրենց արտադրությունը հիմնականում արտահանում են Ռուսաստան:
Միությունում ընդգրկված շուրջ 20-ից ավելի ընկերություններ արտահանում են իրականացնում ՌԴ, Ղազախստան կամ Բելառուս: Մենք, նշանակում է, արդեն գործում ենք նույն սկզբունքներով, ինչ-որ նշված երկրները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պահածոյագործների և հյութ արտադրողների միության նախագահ Երվանդ ԹԱՐՎԵՐԴՅԱՆԸ: Նա տեղեկացրեց, որ Մաքսային միությունը նախատեսում է մի կարևոր հանգամանք` այն, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքներըը այլևս մաքսային ձևակերպումներ չեն ստանալու: Նրանք առանց որևէ արգելքների մուտք կգործեն ՌԴ տարածք կամ Դաշնության այլ երկրներ: «Այսինքն մեր գյուղացին, որ ունի 3-4 տոննա միրգ, կարող է շատ հանգիստ իր միրգը արտահանել Ռուսաստան` առանց մաքսային ձևակերպումների և խոչընդոտների և իրացնել ռուսական շուկայում»,- հավելեց միության նախագահը:
Ոլորտի համար, ըստ Ե. Թարվերդյանի, կարևոր են գյուղատնտեսությունը, պահածոն և մթերքը` պտուղ-բանջարեղենը:
Հայաստանից այս տարի արտահանվել է 60-70 տոննա պահածո: Հայ պահածոյագործները իրենց արտադրանքի հիմնական մասը արտահանում են ՌԴ, ՈՒկրաինա, Բելառուս, Ղազախստան, և ԱՊՀ այլ երկրներ: Բանախոսի փոխանցմամբ, արտահանող ընկերությունների արտադրության պահանջարկը տարեցտարի մեծանում է, ընկերությունները գնալով ավելանում են: Պատճառը կայանում է նրանում, որ ռուսաստանաբնակ շատ հայեր, բիզնեսմեններ գալիս են Հայաստան, հիմնում իրենց փոքր արտադրամասերը, այնուհետև արտահանում իրենց արտադրանքը:
Նշենք` այս տարի մթերվել է 26-27 հազար տոննա միրգ, պտուղ, բանջարեղեն, բայց տարին դեռ չի ավարտվել, և պահածոյագործները դեռ ակնկալում են որոշ բանջարեղենների` դդումի, վարունգի, կաղամբի մթերումներ ևս:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ