ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» երկօրյա համաժողովում այսօր խոսեց միջազգային պարտավորությունների մասին, որոնք բոլոր պետություններին հնարավորություն են տալիս իրենց ձայնը բարձրացնել հանուն մարդու իրավունքների պաշտպանության: Ըստ նրա՝ միջազգային կոնվենցիաների համաձայն՝ պետությունները կարող են ակտիվ պայքարել այլատյացության և անհանդուրժողականության դեմ:
«Պետք է լինի ոչ միայն ազգային օրենսդրություն, այև՝ պատժային օրենսդրություն»,- ասաց նա:
Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ Հայաստանը միացել է խտրականության դեմ պայքարի կոնվենցիաներին:
Համաժողովին մասնակից Շվեդիայի դեսպան Կարլ Հենրիկը իր զեկույցում անդրադարձավ էմիգրանտներին, որոնք իրենց ապրուստը հոգալու համար զբաղվում են գողությամբ և գողոնը վերավաճառում:
«Շվեդիայում մենք ընդունել ենք որոշակի չափանիշներ, որոնք խոսում են քրեական գործողությունների մասին: Դրանք նրանք են, որոնք ուղղված են անհատի ազատության դեմ՝ կախված նրա մաշկի գույնից, ազգությունից և այլն»,- ասաց Կարլ Հենրիկը: Նա օրինակ բերեց, թե ինչպես են Շվեդիայում հոմոֆոբիայի համար դատել մարդուն:
Նա կարծիք հայտնեց, որ քրեական պատասխանատվության պետք է ենթարկել մարդուն այն դեպքում, երբ պարզում են նրա սպառնալիքների սադրիչ բնույթը:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ