ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին կտրամադրվի 70 մլն դրամ՝ կրթաթոշակներ հատկացնելու համար: 2011 թվականից հիմնադրամն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող առաջին և երկրորդ կուրսի ուսանողներին կրթաթոշակների տրամադրում» ծրագիրը, որի արդյունքում 2011 թվականին կրթաթոշակ են ստացել 600 ուսանող, իսկ 2012 թվականին՝ 750 ուսանող:
Նախատեսվում է 60 միլիոն դրամը հատկացնել ՀՀ քաղաքացիների, իսկ 10 միլիոն դրամը՝ սիրիահայ ուսանողների ուման վարձը փոխհատուցելու համար։
Ուսանողները, դիմելով Հայաստանի երիտասարդական հիմնադրամ և համապատասխանելով որոշակի չափանիշներին, մրցութային կարգով կստանան ուսման վարձի փոխհատուցում: Ծրագրի իրականացումը նպաստում է կրթության մատչելիությանը, արժևորում է կրթված լինելու գաղափարը, ինչը դրական ազդեցություն է ունենում երիտասարդ սերնդի ապագան կերտելու հարցում: