«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

«Չեմ ուզում, որ իմ հինգ տարեկան երեխան ստանա համակարգիչ»

«Չեմ ուզում, որ իմ հինգ տարեկան երեխան ստանա համակարգիչ»
04.10.2013 | 15:45

ՀՀ կառավարության ծրագրի համաձայն` յուրաքանչյուր առաջին դասարանցու պետք է տրամադրվի անվճար համակարգիչ:

Գաղտնիք չէ, որ մեր օրերի մարդը ժամանակի զգալի մասն անցկացնում է համակարգչի էկրանի առաջ, ավելի ստույգ` վիրտուալ տարածքում: Թե տեխնոդարը ինչ խնդիրների առաջ է կանգնեցնում ժամանակակից մարդուն, նույնպես հայտնի է յուրաքանչյուրին: Ռիսկային խմբում, իհարկե, երեխաներն են: Ծնողները մի կողմից փորձում են համակարգչի առջև նստելու ժամերը սահմանափակել, մյուս կողմից, հնարավորության սահմաններում, ամեն ծնող ուզում է, որ իր երեխան չզրկվի ժամանակի «բարիքներից»` վերջին արտադրության համակարգիչ, բջջային հեռախոս և այլն:
Շուտով համակարգիչը մտնելու է դպրոց, համակարգչի «ա»-ն ու «բ»-ն նոր սերունդը սովորելու է առաջին դասարանից: Սույն որոշումը տարակարծությունների առիթ է տալիս, որքան էլ զարմանալի է, այն, մասնավորապես, անհանգստացրել է տեղեկատվական ոլորտի մասնագետներին:
Զրուցակիցս «Ինստիգեյթ» ծրագրավորման ընկերության համահիմնադիր, գլխավոր ինժեներ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու ՎԱՀԱԳՆ ՊՈՂՈՍՅԱՆՆ է:
Նրա տեղեկացմամբ` 40 հազար առաջին դասարանցիներ պետք է ապահովվեն համակարգչով, ինչի համար պետբյուջեից հատկացվելու է 4 միլիոն դրամ: Յուրաքանչյուր համակարգիչ պետք է արժենա մոտ 250 դոլար: «Պայմաններից մեկն այն է, որ դրանք լինեն հայկական արտադրության, ինչը ողջունելի է,- ասաց նա:- Հետագայում ծրագիրը կշարունակվի, համակարգիչ կստանան ավելի բարձր դասարանների աշակերտները: Տեղեկատվական ձեռնարկությունները մշակելու են հայեցակարգ, թե երեխաներն ինչ պետք է անեն համակարգչով առաջին դասարանում: Ընդգրկված լինելով «ՈՒսումնական համակարգիչ» նախագծի միջգերատեսչական հանձնաժողովի մասնագիտական խմբում, մենք մի ասելիք ունենք` հեռու պահեք երեխաներին համակարգիչներից: Որպես ծնող, նույնպես չեմ ուզում, որ իմ հինգ տարեկան երեխան, ով այս տարի գնացել է դպրոց, ստանա համակարգիչ կամ անցնի դրա հետ կապված որևէ դասընթաց ` առնվազն մինչև 10 տարեկանը»։
Նշենք, որ «Ինստիգեյթ» կենտրոնի դասախոսներն ու դասընթացավարներն աշխատում են ԵՊՀ-ի, ՀՊՃՀ-ի, Սլավոնական, Ամերիկյան և այլ համալսարանների ու հաստատությունների հետ, վարում են դասախոսություններ և սեմինարներ` հիմք ընդունելով կենտրոնի ուսումնական ծրագրերն ու նյութերը: 2010-ից կենտրոնը գործունեություն է ծավալում Գյումրիում, Վանաձորում, Ստեփանակերտում, Գորիսում և այլ շրջաններում` նպատակ ունենալով զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեր երկրում: Վահագն Պողոսյանը տեղեկացրեց, որ վերջին տարիներին մշակել են ինֆորմատիկայի և էլեկտրատեխնիկայի դասընթացներ 6-12-րդ դասարանցիների համար: Անգամ իրենց աշակերտների համար ստեղծել են տեղական արտադրության համակարգիչ:
«Առաջին-երկրորդ դասարաններում, թե՛ ժամանակի, թե՛ կիրառության ձևերի և ոլորտների առումով, հնարավորությունները խիստ սահմանափակ են։ Ես ել եմ թույլ տալիս երեխաներիս համակարգիչ օգտագործել` հիմնականում մուլտֆիլմեր դիտել և մանկական խաղեր խաղալ` դնելով ժամային սահմանափակում»,- պարզաբանեց զրուցակիցս: Ըստ նրա` նման սահմանափակումներով կարելի է միայն սպառող, օգտագործող դաստիարակել: «Ողջունում ենք համակարգիչներով դպրոցները զինելու որոշումը և ցանկանում ենք, որ այն արդյունավետ դառնա, իր ընձեռած ահռելի օգուտը իսկապես ստանանք։ Իսկ դա հնարավոր է միայն համապատասխան տարիքային խմբի հետ աշխատելու դեպքում»,- ընգծեց զրուցակիցս, նշելով, որ ներկայումս ուսումնասիրում են միջազգային փորձը: «Կան դպրոցներ, որտեղ համակարգիչը տրամադրվում է առաջին դասարանից, բայց արտասահմանյան շատ հայտնի դպրոցներում տեխնոլոգիաները համապատասխան ժամանակահատվածում են ընդգրկվում ուսումնական ծրագրերում: Երեխան ցանկացած տարիքում պետք է համապատասխան դաստիարակություն ստանա: Երբ երեխան փոքր է, հեքիաթ են պատմում, չեն բացատրում մարդը ոնց է ծնվում, ասում են` արագիլն է բերում, մի քիչ էլ մեծանում է` «Սասունցի Դավիթ» են պատմում, մի քիչ էլ մեծանում է, պիտի գնա բակ, խաղա, սպորտով զբաղվի: Այն տարիքում, երբ պիտի ծանոթանա արդյունաբերությանը, ծրագրավորման և ավտոմատացման հարցերին, իմաստ ունի, որ ունենա գործիքներ, այդ թվում` էլեկտրոնային սարքեր, համակարգիչներ և այլն»,- ասաց Վ. Պողոսյանը:
Նկատեցի, որ եթե իրենք բոյկոտեն կառավարության առաջարկած վերոնշյալ ծրագիրը, այն կմշակեն այլ ընկերություններ: Զրուցակիցս ասաց, որ իրենք ոչ միայն հրաժարվելու են, այլև պայքարելու են, քանի որ Ազգային ժողովը բավարար ծանր ու թեթև չի արել այս օրինագիծը: «Կրկնում եմ, անգամ համակարգչային ոլորտում լուրջ կշիռ ունեցող մարդիկ դժվարանում են պատկերացնել, թե ի՞նչ պիտի ուսուցանվի երեխաներին առաջին դասարանում` համակարգչի հետ կապված: Մյուս կողմից, լուրջ ռիսկեր կան թե՛ առողջական, թե՛ կրթադաստիարակչական տեսանկյունից, համակարգիչը ավելի շատ կվնասի այդ տարիքի երխաներին, քան օգտակար կլինի: Հարկ է առաջարկել, որպեսզի վերանայվի որոշումը և փոփոխություն մտցվի երեխաների տարիքային խմբի մեջ»,- ասաց Վահագն Պողոսյանը` կոչ անելով բոլոր մտահոգ անձանց միանալ այս գործին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3258

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ