Օրերս Ռուսաստանում իրավապաշտպանների նկատմամբ տեղի ունեցող բռնությունները, ռուսաստանյան «Հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան գրասենյակի խուզարկումը ոստիկանության կողմից ցույց են տալիս Ռուսաստանի իշխանությունների՝ գլուխ բարձրացրած չեկիստական հակումները: Գրասենյակի ղեկավար Լև Պոնոմարյովը կատարվածը որակել է որպես քաղաքական հետապնդում:
Իրավապաշտպանների նկատմամբ բռնություններ եղան նաև երկու տարի առաջ Բելառուսում: Իրավապաշտպանի նկատմամբ ցանկացած հարձակում ուղղակի «լակմուսի թուղթ> է և ցույց է տալիս, թե որքանով է ոչ ժողովրդավարական տվյալ երկիրը: Սակայն այս պարզ ճշմարտությունը շարունակում են չգիտակցել նրանք, ովքեր հանդուրժում են նման երևույթները և աչք են փակում դրանց վրա:
Հայաստանում էլ են եղել նման դեպքեր: 2004թ. ապրիլյան հանրահավաքների օրերին ինչ-որ անձանց կողմից բռնության ենթարկվեց իրավապաշտպան, Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը: 2008թ. հետընտրական իրադարձություններից հետո նույն Միքայել Դանիելյանի վրա գազային ատրճանակով կրակեց այժմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով ԱԺ պատգամավոր դարձած Տիգրան Ուլիխանյանը: Բռնություն գործադրողները մնացին անպատիժ: Ավելին, այսօր Տիգրան Ուլիխանյանը խրոխտ ելույթներ է ունենում գործող իշխանության դեմ, քննադատում՝ մոռանալով իր ոչ վաղ անցյալը: Նրա և նրա հարազատ կուսակցության հետ այսօր հաճույքով համագործակցում են նաև նախկինում քաղաքացիական արժեքների համար պայքարած ԱԺ ընդդիմադիր պատգամավորները:
Այլ դեպքերում եթե իրավապաշտպանների նկատմամբ բռնություններ էլ չեն կիրառվում, նրանց հաճախ անվանում են «գրանտակերներ»՝ փորձելով նսեմացնել վերջիններիս գործունեությունն ու կատարած աշխատանքը: Ցավալի է, սակայն, որ «գրանտակեր» են անվանում ոչ նրանց, ովքեր այդ դրամաշնորհները ստանում են իրական խնդիրները կոծկելու, արտերկրի սեմինարներին մասնակցելու համար, այլ այն մարդկանց, որոնք կարելվույն չափ պայքարում են զինված ուժերում, հասարակական-քաղաքական կյանքում տեղ գտած բազում ապօրինությունները վերացնելու ուղղությամբ:
Իսկ իրավապաշտպանների նկատմամբ ձևավորված վերաբերմունքը ցույց է տալիս, թե որքանով է տվյալ հասարակությունը հավատարիմ ժողովրդավարական արժեքներին և պատրա?ստ է պայքարելու հանուն դրանց:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ