«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

«Արդյունքի չհասնելու դեպքում կարելի է կազմակերպել գիտաշխատողների գործադուլ և խաղաղ ցույցեր»

«Արդյունքի չհասնելու դեպքում կարելի է կազմակերպել գիտաշխատողների  գործադուլ և խաղաղ ցույցեր»
23.04.2013 | 12:15

ՎԱՀՐԱՄ ՂԱԶԱՐՅԱՆՆ աշխատում է ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արամ Պետրոսյանի խմբում, պլանավորում է մոտակա ժամանակ պաշտպանել թեկնածուական ատենախոսություն:
Խումբն զբաղվում է նյութագիտությամբ: Հետազոտում են ամինաթթուների և տարատեսակ թթուների փոխազդեցությունները, փորձում են ստանալ նոր աղեր, որոշել դրանց մոլեկուլային և բյուրեղային կառուցվածքը: Իրականացնում են ստացված աղերի սպեկտրասկոպիկ հետազոտություն, ուսումնասիրում դրանց հատկությունները, բացահայտում և ներկայացնում դրանց կառուցվածքային բացառիկ առանձնահատկությունները, ապա աճեցնում են նպատակահարմար համարվող բյուրեղները:
Ստացել են ամինաթթուների բազմաթիվ նոր բյուրեղային աղեր: Մասնավորապես, ստացել են 20-ից ավելի դիմերային կատիոններով աղեր (նախկինում ամենաշատը 12 աղ էր ստացված` Ռաջարամի խմբի կողմից) և 40-ից ավելի տարանիոն խառը աղեր (նախկինում այլ հեղինակների կողմից միայն 4 աղ էր ստացված) և, փաստորեն, այս ուղղություններով առաջատար դիրք են գրավում աշխարհում: Այս աղերից մի քանիսը կարող են ցուցաբերել անհրաժեշտ ֆիզիկական հատկություններ և կարիք ունեն հետագա ուսումնասիրման: Բացի այդ, ստացել են ամինաթթուների աղերի մի շարք, հայտնաբերել են դրանց հակաատամնափուտային և ատամի գերզգայնությունը նվազեցնող ազդեցությունը, ատամնաբույժների հետ համատեղ հաստատել են դրանց արդյունավետությունը կենդանիների դեպքում և ստացել գյուտի ՀՀ արտոնագիր, այժմ աշխատում են դրանց հիման վրա նոր դեղամիջոցի մշակման ուղղությամբ:
2012 թ. կատարված աշխատանքների համահեղինակներն են Վահրամ Ղազարյանը, նրա գիտական ղեկավար Ա. Պետրոսյանը, ում հետ պլանավորում և իրագործում են ամինաթթուների նոր աղերի ստացումը ու կատարում դրանց սպեկտրասկոպիկ հետազոտությունը, աճեցնում դրանց բյուրեղները և այլն, և Մ. Ֆլեքը, ով իրականացնում է ստացած նոր բյուրեղների բյուրեղային կառուցվածքի որոշումը ռենտգեն-կառուցվածքային վերլուծության միջոցով: Աշխատանքները ներկայացվել են մի քանի գիտաժողովներում։
Ստացել են մի շարք գիտական դրամաշնորհներ:
Բացի այն, որ դրամաշնորհները որոշ ֆինանսական աջակցություն են տրամադրում կատարողներին, դրանք կարևորվում են նաև նրանով, որ միջոցներ են հատկացնում աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ նյութերի և սարքավորումների ձեռքբերման համար, առանց որոնց հնարավոր չէ իրականացնել տվյալ աշխատանքը, միջոցներ են ապահովում գործուղումների, գիտաժողովների մասնակցության համար, ինչը թույլ է տալիս ներկայանալ միջազգային գիտական հանրությանը, ճանաչվել և ճանաչել մյուսներին, կապեր հաստատել, առավել ինտեգրվել համաշխարհային գիտությանը:
Ներկա պահին միջազգային համագործակցության ծրագրեր չունեն, սակայն հայտ են ներկայացրել ռուս-հայկական համատեղ ծրագրերի մրցույթին: Այնուամենայնիվ, համագործակցում են արտերկրյա տարբեր մասնագետների հետ` փոխլրացնելով միմյանց: Այդ համագործակցությունների մակարդակը բարձր է, սակայն ծավալը` միայն բավարար: Պետք է նշել, որ նմանատիպ համագործակցությունների համար հաճախ կարևոր է լինում համատեղ դրամաշնորհների առկայությունը, ինչը հող է հանդիսանում այդ շփումների համար:

-Վահրամ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության համատեղ իրականացրած «Հայկյան» մրցանակաբաշխության «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» անվանակարգում Ձեր աշխատանքը լավագույն եռյակում էր: Դիմել եք նաև «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» մրցանակաբաշխությանը` քիմիայի ոլորտում Ջ. Չամիչյանի անվան մրցանակի համար: Ինչպե՞ս եք վերաբերվում այս և վերջերս նախաձեռնված մյուս մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխություններին:
-Մրցանակաբաշխությունների անցկացումը կատարված աշխատանքների գնահատումն է ինչ-որ սկզբունքներով, որի արդյունքում մրցանակի, ֆինանսական խրախուսման է արժանանում վերջնական աշխատանքը: Դա ինքնին, իհարկե, դրական երևույթ է և ինչ-որ չափով ոգևորող ազդեցություն ունի: Սակայն շատ ավելի կարևոր եմ համարում ոչ թե վերջնական կատարված աշխատանքի ֆինանսավորումը, այլ կատարվելիք աշխատանքի ֆինանսավորումը, որը կհանգեցնի ավելի մեծ արդյունքների ստացման:
-Այս տարի, «Հայկյան» մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփելիս, որպես հիմք ընդունվել է միջազգային գիտական շտեմարաններում ինդեքսավորվող ամսագրերում տպագրությունների քանակը, իսկ անցյալ տարի դիտարկվում էր հղումների թիվը: Ձեր կարծիքով, ո՞ր չափանիշն է ավելի լավ արտացոլում մրցանակի անվանակարգը։ «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում»: Ընդհանրապես, ի՞նչ կարծիքի եք, ի՞նչ չափանիշներով արժե անցկացնել այս մրցույթը հաջորդ տարիներին:
-Կարծում եմ, չկա բացարձակ մի չափանիշ, որը հաշվի առնելով` հնարավոր կլինի չսխալվել և լինել լրիվ օբյեկտիվ: Օրինակ, տպագրությունների քանակը հաշվի առնելն ունի հետևյալ թերությունը, որ տվյալ գիտնականը կարող է ունենալ քիչ թվով աշխատություններ, բայց այնպիսի աշխատանքներ, որոնք որակապես նոր խոսք են ասում և կարող են հեղափոխական լինել տվյալ ոլորտի հետագա զարգացման համար, ուստի ավելի կարևոր են, քան մեկ ուրիշի բազմաթիվ աշխատությունները, որոնք ինչ-որ իմաստով կրում են շարքային բնույթ: Հղումների թիվն էլ կախված է շատ գործոններից. կատարված աշխատանքի արժեքավոր լինելուց, թեմայի արդիականությունից, տվյալ ոլորտով զբաղվողների թվից, տպագրելուց հետո անցած ժամանակահատվածից և այլն ու կարող է փոխվել` կախված այս կամ այն կոնկրետ գործոնի դոմինանտությունից տվյալ ժամանակահատվածում:
-Որո՞նք են Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառներն ու խորքային արմատները։ Ի՞նչ պետք է անել:
-Պետության ներկայիս ղեկավարները ցանկացած ոլորտում, այդ թվում` գիտության մեջ, ուզում են տեսնել եկամտաբերություն, ինչը բազմիցս փաստել են իրենց ելույթներում: Նրանք ուզում են «կիրառական գիտություն», այլ ոչ թե «հիմնարար գիտություն»: Դա է հաստատում նաև 2010 թ. ԳՊԿ-ի անցկացրած կիրառական նախագծերի ֆինանսավորման մրցույթը: Սակայն այդպիսի դասակարգումը սխալ է, գիտությունը մնում է գիտություն, պարզապես այն կարող է ունենալ իր կիրառությունները, և պետք չէ մեկը գերագնահատել, քանի որ դրանք զուգահեռ են զարգանում: Իսկ ինչ վերաբերում է գիտությանը հատկացվող միջոցների զգալի ավելացմանը, պետք է կառավարությանը հանգամանորեն ներկայացնել ստեղծված իրավիճակը, առկա խնդիրները, ծառացած ռիսկերը, ինչը, կարծում եմ, արվում է: Կարող է ծայրահեղական թվալ, սակայն արդյունքի չհասնելու դեպքում կարելի է կազմակերպել գիտաշխատողների գործադուլ և խաղաղ ցույցեր:
-Որո՞նք են երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները, ինչպե՞ս եք տեսնում դրանց լուծման ուղիները:
-Երիտասարդների մեջ, ովքեր ուզում են դառնալ գիտաշխատող, ցածր աշխատավարձի պատճառով ծագում է երկընտրանք. ընտրե՞լ գիտության ճանապարհը, թե՞ ոչ: Գիտաշխատող դարձածների մի մասն ընթացքում լքում է գիտության ոլորտը կամ, հաջողության դեպքում, գնում արտասահմանում աշխատելու, մեծ մասը համատեղում է այլ աշխատանքի հետ, և միայն աննշան մասն է, որ զբաղվում է սոսկ գիտությամբ: Անհրաժեշտ է, որ երիտասարդը չմտածի կենցաղային խնդիրների մասին և կարողանա իր ուժն ու եռանդը սևեռել գիտական գործի վրա: Աշխատանքի արդյունավետության համար անհրաժեշտ պայմաններից մեկը աշխատանքային պայմանների բարելավումն է, որը ենթադրում է ժամանակակից սարքավորումներով, ինչպես նաև անհրաժեշտ նյութերով ապահովում: Արդիական աշխատանք կատարելու համար էլ անհրաժեշտ է տեղյակ լինել տվյալ ոլորտում կատարված աշխատանքներին, որի համար օդի ու ջրի պես պետք է ստեղծել հնարավորություն` օգտվելու խոշորագույն գիտական գրադարաններից: Ինչպես տեսնում եք, այս բոլոր խնդիրները ֆինանսական են, և պետության աջակցությունը այս խնդիրների լուծման համար շատ կարևոր է: Անհրաժեշտ է էապես ավելացնել գիտության ֆինանսավորումը:
-Ինչպե՞ս եք վերաբերվում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը ֆեյսբուքում և այլ վիրտուալ կամ իրական հարթակներում: Արդյո՞ք երիտասարդ և ոչ երիտասարդ գիտնականի միակ գործը չպետք է լինի բացառապես գիտությամբ զբաղվելը:
-Ցանկացած ոլորտի աշխատող իրավունք ունի և պետք է կարողանա պաշտպանել իր շահերը, և առկա խնդիրների բարձրաձայնումը դրա դրսևորումներից մեկն է, ու այն ոչ թե վնասում է գիտությանը, այլ ուղղված է վերջինիս լավացմանը: Թե ինչքան է հաջողվում դա անել, արդեն այլ խնդիր է: Ինչ վերաբերում է գիտության կոմերցիալիզացիային, ես դրան վատ աչքով չեմ նայում և հարց եմ ուղղում ձեզ. «Եթե հնարավորություն կա, ինչո՞ւ չպետք է գիտնականը քաղի իր կատարածի պտուղները, այլ դա անի որևէ բիզնեսմեն»:
-Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր ապագան, թե՞ արտասահմանում:
-Կցանկանայի աշխատել իմ երկրում, հնարավորություն ունենալով աշխատել որոշ ժամանակ նաև արտասահմանում, բայց դրա համար պետք է էապես բարելավվեն այստեղ աշխատելու պայմանները:

Զրույցը` Մանե ՀԱԿՈԲՅԱՆԻ

Դիտվել է՝ 4430

Մեկնաբանություններ