Փետրվարի 14-ին կառավարության շենքը պաշարել էին նոր բողոքողներ։ Երիտասարդ ակտիվիստներն ու բնապահպաններն իրենց բողոքի ձայնն էին ուզում հասցնել կառավարությանը` Սյունիքի արոտավայրերն Իրանի Իսլամական Հանրապետությանը վարձակալությամբ տալու դեմ։ Ի՞նչ էր իրականում նրանց ուզածը. «Մենք դիմել ենք Հայաստանում Իրանի դեսպանատուն և ստացել ենք նրանց պատասխանը, որում ասված է. «Այս պահին այդ գործարքը հաստատված չէ»։ Միևնույն ժամանակ նրանք չեն ժխտում, որ այդպիսի խոսակցություն եղել է։ Մենք շարունակելու ենք մեր բողոքը։ Դիմադրության բոլոր միջոցներն էլ մեզ համար ընդունելի են։ Կառավարությունից պահանջում ենք չեղյալ համարել այս գործարքը։ Այն պետք է վիժեցվի։ Պետք է պատժվեն նրանք, ովքեր սկսել են այս բանակցությունները, և երաշխիք տրվի մեր քաղաքացիներին, որ նման բան երբեք չի կրկնվի։ Արդեն խոսում են Վայոց ձորի արոտավայրերի վարձակալության հանձնման մասին, վաղը կարող են խոսել Լոռու մարզից։ Մեր հայրենիքի տարածքը վաճառելով որևէ խնդիր չենք լուծի։ Ոչխարաբուծությունն առավել բացասական ազդեցություն է ունենում բնապահպանության վրա` նոսրացվում են հողի սննդային հնարավորությունները, ինչի արդյունքում խոտատարածքը ոչնչանում է, և, ըստ բնապահպանների, դրա բնական վերականգնման համար կպահանջվի 500 տարի։ Կամ էլ անհրաժեշտ են շատ մեծ ներդրումներ, որը մեր պետությունը չի կարող ապահովել»,- լրագրողների հետ զրույցում նշում էին նրանք։ Մենք փորձեցինք ճշտել նրանց տեսակետը մեկ-երկու հարցի շուրջ։
-Քաղաքական առումով ի՞նչ խնդիրներ կարող են ստեղծվել։
-Սյունիքում օտար տարրի հիմնավորումը, թեկուզ տասը հոգու, մեզ համար անընդունելի է ազգային անվտանգության տեսանկյունից, քանի որ հետևանքները պարզ են, թեկուզ դիտարկելով մեր նորագույն պատմությունը։
-Եթե ՀՀ կառավարությունը հրաժարվի այդ ծրագրից, ապա Իրանի Իսլամական Հանրապետության հետ խնդիրներ չե՞նք ունենա։
-Մենք ՀՀ-ում Իրանի դեսպանին ուղղված նամակում ողջունել ենք երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները։ Սակայն երկիր վաճառելով` այլ ազգերի, պետությունների հետ չեն բարեկամանում։ Դա չէ լուծումը։ Միայն արժանապատիվ և ազատ պետականություն կառուցելով են վաստակում հարգանքը և բարեկամ լինելու երաշխիքը։
Եվ այսպես, կառավարության շենքի առջև բողոքի ակցիայի մասնակիցները նպատակ ունեն շարունակելու իրենց բողոքը։ Հետաքրքրական է, թե ինչպիսին է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան տեսակետն այս ամենի վերաբերյալ։ Հարցի պատասխանը ստանալու ակնկալիքով զրուցեցինք ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան ՋԱՖԱՐ ԶԱՄԱՆԻԻ հետ։
-Սյունիքի արոտավայրերն Իրանի անասնապահներին վարձակալությամբ հանձնելու դեմ ակցիայի մասնակիցները նշում էին, որ դա առաջին հերթին բնապահպանական մեծ վնասներ կհասցնի, երկրորդ` քաղաքական առումով կվտանգի Հայաստանի ազգային անվտանգությունը։ Եվ ի պատասխան այն հարցին, թե ինչպես կարձագանքի Իրանի Իսլամական Հանրապետությունը, եթե ՀՀ կառավարությունը գործարքը չեղյալ համարի, բողոքողները համոզմունք հայտնեցին, որ Իրանը ճիշտ կընկալի հարցը, և որևէ խնդիր չի առաջանա։ Ի՞նչ կասեք այս առումով։
-Այդ խնդրի շուրջ ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանը մանրամասն խոսել է «Մամուլի ազգային ակումբում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ, և նրա խոսքերի որոշ հատվածներ տպագրվել են մամուլում։ Հիմա էլ նշում ենք, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև որևէ պաշտոնական փաստաթուղթ արոտավայրերի հետ կապված չի կնքվել։ Սովորաբար նման խնդիրների շուրջ նախապես բանակցություններ են ընթանում երկու երկրների միջև։ Իրանում նման բան չի եղել, և որքան տեղյակ եմ, Հայաստանում նույնպես։ Չկա փաստաթուղթ, որի լուծարման դեպքում Իրանի Իսլամական Հանրապետությունը նեղանա։
Կարծում եմ, այս ամենը թյուրիմացության հետևանք է. Հայաստան կատարած այցի ժամանակ Արևելյան Ատրպատականի նահանգապետի հետ խոսվել է արոտավայրերի մասին, և գուցե այն ճիշտ չի ընկալվել։ Նորից եմ կրկնում, որևէ փաստաթուղթ արոտավայրերի օգտագործման վերաբերյալ չի ստորագրվել։ Այսքանը` խնդրի բուն էության մասին։
Իրանն այս տարածաշրջանում մսի մեծ շուկա ունեցող երկիր է։ Հայաստանը կարող է մսի արտահանում կազմակերպել Իրան։ Այլ հարց է, որ Հայաստանը չցանկանա այդ հնարավորությունն օգտագործել։ Արոտավայրերի օգտագործման դեպքում, որ կողմից էլ որ լինի, համոզված եմ, որ հաշվի կառնվեն բնապահպանական հնարավոր բոլոր խնդիրները։ Կարծում եմ, Հայաստանում տիրապետում են այդ խնդրին և չեն ցանկանա բնապահպանական վնաս հասցնել արոտավայրերին։ Իսկ նման թյուրիմացությունները կարող են վնասել։ Եթե ցանկություն չկա, ապա Իրանը մեծ երկիր է, և խնդիր չեմ տեսնում։
-Ի՞նչ նկատի ունեք` ասելով. «Իրանը մեծ երկիր է, և խնդիր չեմ տեսնում»։ Խնդիր չեք տեսնում Հայաստանից մսի արտահանմա՞ն, թե՞ արոտավայրերի օգտագործման հարցում։
-Իրանում և՛ ֆինանսներ կան, և՛ պահանջարկ։ Եթե Հայաստանը չցանկանա միս արտահանել Իրան, ապա այդ գործընթացն Իրանը կիրականացնի Վրաստանի կամ մեկ այլ երկրի հետ։ Իհարկե, ավելի լավ կլիներ, որ այդ գործընթացն իրականացվեր Հայաստանի հետ, քանի որ ձեր երկիրը մսի արտադրության մեծ հնարավորություն ունի, որն Աստծո տված է։ Եթե այդ հնարավորությունը չօգտագործվի, այն կփչանա։ Կարծում եմ` խելացի կլիներ դրանց օգտագործումը` պահպանելով բնապահպանական բոլոր նորմերը։ Իրան գնալու ճանապարհին տեսնում եմ Հայաստանի արոտավայրերը, բայց, ցավոք, անասնապահությունը շատ թույլ է զարգացած։ Կարծում եմ, ճիշտ կլինի այս խնդիրն ուսումնասիրել։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ