«Փորձի համար գնանք տարբեր գյուղեր ու հարցնենք, թե նախարարությունն իրենց ինչ-որ բանով օգնո՞ւմ է, թե ոչ: Բոլորի պատասխանը միանշանակ է՝ ոչ: Օգնություններից, դրսից եկած գումարներից օգտվում են օլիգարխները, պաշտոնյաները: Ո՞ւր են գնացել այդ գումարները: Նույն «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրով ահռելի մեծ գումարներ տրամադրեցին գյուղատնտեսության զարգացման համար, բայց չգիտես`այդ գումարներն ուր են գնացել կամ ում գրպանները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ֆերմերային շարժում» ՀԿ-ի նախագահ Սարգիս ՍԵԴՐԱԿՅԱՆԸ`հավելելով, որ գյուղացին չի զգում գյուղնախարարության աջակցությունը:
Վերջինիս խոսքով, ի սկզբանե ճիշտ կադրային քաղաքականություն չի տարվել: «Սկսած նախարարի աթոռին հայտնվել են մարդիկ, ովքեր այդ աթոռին հայտնվելու իրավունք չունեին: Այդ աթոռին պետք է նստի ոլորտում թրծված, մեծ աշխատանքային փորձով մարդ, ով հասկանում է ոլորտից ու ոլորտի խնդիրներից: Այսօր նախարարի աթոռին կարող է ցանկացած մեկը նստել: Բայց չի կարելի, հետո՞ ինչ, որ քաղաքական պաշտոն է: Որ քաղաքական պաշտոն է, ուրեմն դնենք գյուղատնտեսության հերն անիծե՞նք: Նույն կերպ և փոխնախարարները, վարչության պետերը»,-դժգոհեց Ս. Սեդրակյանը:
«Կոմունիստներին մեղադրում են, բայց նրանք շենացնում էին խամ ու խոպան հողերը: Մեկ-երկու տարի չմշակելու դեպքում հողը դառնում է ոչ պիտանի: Կրկին մշակելի դարձնելու համար մեծ ներդրումներ են անհրաժեշտ: Խորհրդային տարիներին գյուղատնտեսական գործընթացները վերահսկվում էին, սակայն այժմ մեր երկրում համապատասխան մարմինները ոչինչ չեն անում»,- շարունակեց բանախոսը:
Գյուղացուն, ըստ ՀԿ- նախագահի, պետությունը միայնակ և անօգնական է թողել, միայն ընտրություններից առաջ են նրանց հիշում`սերմ կամ վառելանյութ են տալիս, այն էլ` քիչ քանակությամբ, որը չգիտեն, ընտրակաշառք համարե՞ն, թե՞ օգնություն: «Նախորդ տարի ցեցը ներթափանցեց Հայաստան: Վախենում եմ, որ այս տարի շարունակի տարածվել: Խաղ են անում, մի քիչ թույն են տալիս ու ասում` տեր եղեք: Փակեք գյուղատնտեսության նախարարությունը, գյուղացին իմանա՝ ինչ անի»,-վրդովված ասաց բանախոսը` հիշեցնելով, որ գյուղացիների մեծ մասն աղքատ է, այդ իսկ պատճառով մարդիկ էժան սերմացու են գնում, ինչի արդյունքում էլ բերքը վատն է լինում:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ