«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

21-րդ դարը կիսաֆաբրիկատ ուսուցիչների դար չէ

21-րդ դարը կիսաֆաբրիկատ  ուսուցիչների դար չէ
11.12.2012 | 12:12

Հանրակրթության բարեփոխումների շրջանակներում լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս տարրական դպրոցի այսօրվա վիճակը, ասել է թե` անհամապատասխանությունը հանրակրթության պետական չափորոշչին ներկայացվող պահանջներին։
Տարրական դպրոցի ղեկավարումն ու կառավարումը, ինչպես նաև մանկավարժական անձնակազմի մասնագիտական որակները գրեթե ամբողջովին մնացել են անփոփոխ (իհարկե վերապատրաստումների ընթացքում որոշ փոփոխություններ եղել են), այնպես, ինչպես երկար տարիներ եղել է նախկին խորհրդային կրթական համակարգում։
Արդեն 21-րդ դարում (բարձր տեխնոլոգիաների հարաճուն զարգացման դարում) նույնիսկ անհեթեթ և ծիծաղելի է հնչում, երբ տարրական դպրոցում «Մայրենի» և «Մաթեմատիկա» ուսումնական առարկաները դասավանդում է նույն ուսուցիչը, նույն մասնագետը։
Նկատի ունենալով հանրակրթությանը ներկայացվող այսօրվա չափորոշչային ու ծրագրային լուրջ խնդիրները (շեշտը դնելով երեխայի բարձրակարգ մտածողության ձևավորման վրա), մի՞թե մեկ անձը, մեկ ուսուցիչը (դասվարը) մասնագիտորեն ի վիճակի է միաժամանակ ուսուցանելու «Մայրենի» և «Մաթեմատիկա» առարկաները այնպես, որ բավարարի տվյալ առարկայի և՛ կրթական հիմնական խնդիրների լուծումը, և՛ երեխայի հետզհետե աճող հետաքրքրությունները։ Կրթության յուրաքանչյուր լուրջ մասնագետ, իհարկե, կասի` ոչ։ Միշտ հարց է առաջանում. դասվարը մայրենիի՞ մասնագետ է, թե՞ մաթեմատիկայի, թե՞ երկուսը միասին։
Ճիշտ է` նրանք բուհում պատրաստվում են երկու ուղղություններով էլ ու նաև պետք է յուրացնեն մաթեմատիկայի բուհական ծրագիրը, բայց դուք կարո՞ղ եք ասել, թե հանրապետությունում դասվարների քանի՞ տոկոսն է տիրապետում այդ ծրագրին։ Նրանք նույնիսկ անիրազեկ ու անհաղորդ են միջին դպրոցի 7-8-9-րդ դասարանների հանրահաշվի առարկայական ծրագրերին ընդհանրապես և այդ ծրագրերի հիմնական կրթական խնդիրներին մասնավորապես։
Դասվարները (այդ հասկացությունը նույնպես անհասկանալի է) իրենց բուհական կրթությամբ պետք է հավասարապես տիրապետեն և՛ մայրենիին, և՛ մաթեմատիկային։ Բայց ցավով պետք է նշել, որ նրանց մաթեմատիկական գիտելիքները շատ անգամ զիջում են մայրենիին։ Ինչպես նշում է մեր դպրոցը քաջ իմացող, մեր ճանաչված ակադեմիկոսներից մեկը, «արդեն 4-րդ դասարանում նրանց մաթեմատիկական գիտելիքները այլևս չեն տարբերվում աշակերտների գիտելիքներից»։
Չպետք է մոռանալ, որ տարրական դպրոցը կոչված է ապահովելու միջին դպրոցում ուսումը շարունակելու համար պահանջվող մակարդակը, և եթե դասվարը չգիտի, օրինակ` 7-8-րդ դասարանների հանրահաշվի ծրագիրը թեկուզև նվազագույն մակարդակին համապատասխան, նա ինչպե՞ս է ապահովելու պահանջվող մակարդակը. չէ՞ որ այդ մակարդակը կմնա կես ճանապարհին, եթե նա չի տեսնում տարրական դպրոց-միջին դպրոց կամուրջը։ Սովորողներին այդ կամրջով հաստատակամ ու հաստատուն քայլերով և անվտանգ անցկացնելու համար դասվարը` մաթեմատիկա դասավանդող ուսուցչուհին, այո՛, պետք է նախ և առաջ լավ տեսնի կամրջի ծայրը։ Երեխաներն այդ տարիքում, իրենց հետաքրքրություններից դրդված, կարող են մաթեմատիկայի տեսանկյունից հաճախ «անհեթեթ թվացող» բազմազան հարցեր ու պարզաբանումներ տալ (կամրջի վրա «չարաճճիություններ անել»), իսկ ուսուցչուհին արդյո՞ք կարող է բավարարել աշակերտների հետաքրքրությունը` սովորողներին «անվտանգ» անցկացնել կամուրջը։ Օրինակ, աշակերտը հարցնում է` ի՞նչ է ուղիղը, հարթությունը, մակերեսը, կամ արդյո՞ք ինչպես ծառը, այնպես էլ թվերն իրականում գոյություն ունեն, կամ ինչո՞ւ է թվերի գումարման արդյունքում միշտ թիվ ստացվում։ ՈՒսուցիչն այս իրավիճակներում պարտավոր է բավարարել ցանկացած սովորողի հետաքրքրությունը, և յուրաքանչյուր ոչ հստակ կամ թերի պատասխան, որը հեռու է մասնագիտական պատասխանից, կարող է մեծապես վտանգել երեխային, խաթարել մաթեմատիկայի նկատմամբ նրա հետաքրքրությունները և «ականներ» դնել սովորողի ուղեղում։
Հիշում եմ, թե ինչպես շատ տարիներ առաջ մանկավարժական գիտաժողովում մի գիտնական մանկավարժ բերեց հետևյալ օրինակը. երեխան հարցնում է իր ուսուցչին` «Աստված կա՞», և ուսուցիչը միանգամից պատասխանում է. «Իհարկե չկա, բալի՛կս»։ Այս պատասխանով սպառվեցին երեխայի հետաքրքրությունները (կասեի` սպառվեց երեխան)։
Եվ պատահական չէ, որ հատկապես միջին դպրոցում սովորողների մաթեմատիկական կրթության հիմքերը շատ թույլ են. նրանք, իհարկե 1-4-րդ դասարաններում ստանում են գիտելիքներ (և ավելի շատ հաշվարկային գիտելիքներ), բայց դրանք այսօրվա միջին դպրոցի մաթեմատիկական կրթությանը ներկայացվող չափորոշչային պահանջներից շատ հեռու են, նույնիսկ օտարված։
Կրթության համակարգի հարգարժան պաշտոնյաներ, ահա թե որտեղ պետք է փնտրել կրթության որակի անկման «աքիլլեսյան գարշապարը»։ Ահա թե ինչու չի կայանում նաև ավագ դպրոցը։
Երեխան առաջին անգամ մաթեմատիկական հասկացությունների հետ շփվում է հենց տարրական դպրոցում, և նրա մտավոր դաստիարակության առաջին քայլերն արվում են հենց այդ տարիներին։ Վտանգավոր է, երբ երեխաները հիմնովին համոզված են, որ հասկացել են այն, այն դեպքում, երբ իրականում այդպես չէ։ 1-4-րդ դասարաններում սովորող երեխաներն արդեն առնչվում են թիվ, մեծություններ, քանակություն, մակերես հասկացությունների, ինչպես նաև տրամաբանության տարրերի հետ։ Արդյո՞ք երեխաները լավ են պատկերացնում` ինչ է թիվը կամ ինչ է մեծությունը, կամ ինչպես ըմբռնել «Դատողություն» հասկացությունը։ Հանրահաշվի տարրերն անցնելիս երեխաներն ըմբռնո՞ւմ են թվային և տառային արտահայտությունների կապը։ Կոմենսկին նշում է. «Սովորեցնել երեխային նշանակում է բառերով արտահայտել այն ամենը, ինչ նա տեսնում է, ինչպես նաև իմանալ այն բառի իմաստը, որն օգտագործում է»։ Մանկավարժության հոգեբանության տեսությունը և աշխարհի զարգացած երկրների փորձը վկայում են, որ երեխաների մտավոր դաստիարակության ու զարգացման, ինչպես նաև տրամաբանության ձևավորման հիմքը հենց տարրական դպրոցն է։ Այնուհետև` հաջորդ տարիներին, երեխայի մտածողության ունակությունները փոփոխությունների շատ քիչ են ենթարկվում (թռիչքները բնորոշ են առանձնահատուկ երեխաներին)։ Մի քիչ չափազանցությամբ կարելի է պնդել, որ ապագա մարդը ձևավորվում է հենց 6-11 տարիքային ժամանակահատվածում, և այդ տարիներից հետո մարդու մեջ շատ քիչ բան է փոխվում։
ՈՒստի առաջարկում ենք.
ա. Դասալսումների միջոցով վերհանել տարրական դպրոցում մաթեմատիկայի ուսուցման իրական և ամբողջական պատկերը։
բ. Մանկավարժական բուհերում շուտափույթ վերանայել «Մանկավարժություն և մեթոդիկա» (տարրական կրթություն) մասնագիտության պետական չափորոշիչն ու կրթական ծրագրերը և տարրական դպրոցի համար առանձին պատրաստել մաթեմատիկայի մասնագետ ուսուցիչ, համապատասխանեցնելով հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին։
գ. Տարրական կրթության ուղղությամբ բուհերում մեծացնել վերահսկողությունը ինչպես ընթացիկ քննությունների, այնպես էլ պետական ավարտական քննությունների ու դիպլոմային աշխատանքների պաշտպանության նկատմամբ։
դ. Մինչ այդ (անցման փուլում) տարրական դպրոցում մաթեմատիկա դասավանդող ուսուցիչների համար պարբերաբար կազմակերպել մասնագիտական խորացված դասընթացներ։
ե. Տարրական դպրոցի ուսուցիչների ատեստավորման գործընթացում (առանձին փուլում) ըստ չափորոշչային պահանջների ստուգել դասվարների մաթեմատիկական գիտելիքները։
Եթե իսկապես ուզում ենք, որ հանրակրթության որակը բարձրանա (ո՛չ խոսքերով, ո՛չ ճառերով ու կեղծ հաշվետվություններով), ապա հրամայաբար պետք է ունենալ ուժեղ տարրական դպրոց։
21-րդ դարը կիսաֆաբրիկատ ուսուցիչների դար չէ։
Երեխաները մեր վաղվա դատավորներն են։

Ռոմեն ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Հ. Գ.- Ճիշտ է, հարցադրումները մի քիչ սուր են, բայց, ցավոք, այսօր տարրական դպրոցում մաթեմատիկական կրթությունն անհանգստացնելու տեղիք է տալիս: Ինձ թող ներեն մեր լավագույն դասվարները:

Դիտվել է՝ 7726

Մեկնաբանություններ