ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ռազմավարական դաշնակցային հարաբերություններն անպայմանորեն ենթադրում են փոխվստահություն և փոխլրացում

Ռազմավարական դաշնակցային  հարաբերություններն  անպայմանորեն ենթադրում են փոխվստահություն և փոխլրացում
16.10.2012 | 12:19

Վերջերս լրատվական շրջանառության մեջ է դրվել մի վարկած, թե ռուսական իշխանությունները հիասթափված են Հայաստանի իրենց գործընկերներից և առաջիկա նախագահական ընտրություններում փորձելու են լուծել առնվազն ռուսամետ վարչապետ ունենալու խնդիրը: Անգամ որոշ լրատվամիջոցներ սկսեցին պտտել մի «տեղեկություն», թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան սպասվող այցի ընթացքում նրան ուղեկցելու է նաև «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի նախկին գործադիր տնօրեն, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ով ներկայումս «Գազպրոմբանկի» նախագահի առաջին տեղակալն է: ՈՒշագրավ է, որ Կարեն Կարապետյանի հայտնվելը ռուսական պատվիրակության կազմում «բացատրվում է» նրանով, թե իբր ռուսական իշխանությունները փորձելու են ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում կարգել հենց նրան` դժգոհ լինելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հակառուսական և արևմտամետ կեցվածքից:
Մինչդեռ Հայաստանի արտաքին քաղաքականության ուսումնասիրությունն ու դրանում ընդգրկված որոշում ընդունող պաշտոնյաների քայլերը խորապես ուսումնասիրողները պետք է ուշադրություն դարձնեն մի շատ կարևոր նրբության. եթե ՀՀ վարչապետն արևմտամետ է, ապա արևմտամետ է նաև նախագահ Սարգսյանը, քանզի նախագահն է նշանակում վարչապետին և հենց նախագահն էլ հանձնարարում է վարչապետին որոշակի արտաքին քաղաքական գործառույթներով զբաղվել: Հաշվի առնելով միայն այս մոտեցումը` կարելի է համոզվածությամբ պնդել, որ Սերժ Սարգսյան նախագահի պաշտոնավարման օրոք Հայաստանը չի ունեցել և չի կարող ունենալ հակառուսական տրամադրություններ ունեցող վարչապետ: Խնդիրն այն է, որ հայաստանյան ներկա իշխանությունը, ի տարբերություն նախկին իշխանության, վարում է բավականին հավասարակշռված արտաքին քաղաքականություն:
Եթե Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակաշրջանում հայտարարվում էր, թե երկիրը վարում է «կոմպլեմենտար» արտաքին քաղաքականություն, բայց իրականում վարվում էր բացահայտ ռուսամետ քաղաքականություն, ապա Սերժ Սարգսյանի իշխանությունը վարում է իրական կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն` խորացնելով հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերություններն ու դրան առընթեր բարելավելով հարաբերությունները եվրատլանտյան գործընկերների հետ: Դրա վառ ապացույցն է այն հանգամանքը, որ նախորդ 5 տարիներին նախագահ և վարչապետ Սարգսյանները կարողացել են ավելի բարձր մակարդակի հասցնել հայ-ռուսական թե՛ ռազմաքաղաքական, թե՛ տնտեսական հարաբերությունները: Հայաստանում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ պայմանագրի երկարաձգումը, համատեղ հայ-ռուսական ռազմական արդյունաբերությունը սպասարկող ձեռնարկությունների հիմնադրման մասին շուրջ 10 համաձայնագրերի ստորագրումն ու միջկառավարական տնտեսական հանձնաժողովի արգասաբեր աշխատանքը վկայում են, որ 2008-ից ի վեր հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների մակարդակը զգալիորեն բարձրացել է:

Միևնույն ժամանակ, բարելավվել են նաև Հայաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի և Եվրամիության հետ:
Նախորդ 5 տարում նախագահ Սարգսյանը կարողացավ միջազգային հանրությանն ու արևմտյան քաղաքական շրջանակներին ապացուցել, որ ՌԴ ռազմավարական դաշնակից Հայաստանը ոչ թե պատրաստվում է սառը պատերազմի ժամանակաշրջանի «լավագույն ավանդույթներով» բևեռային խաղ վարելու Արևմուտքի հետ, այլ պատրաստ է համագործակցության` չանտեսելով Արևմուտքի շահերը տարածաշրջանում: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտությունը», ինչը, ի դեպ իրականացվում էր ԱՄՆ-ի միջնորդական հովանու ներքո, եկավ ապացուցելու այն պարզ իրողությունը, որ սարգսյանական արտաքին քաղաքականության տրամաբանությունն էականորեն տարբերվում է Քոչարյան-Օսկանյան զույգի որդեգրած «թոզ փչելու» և «ճարտար լեզվով ֆռռացնելու» քաղաքականությունից: 1998-2008 թթ. Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերությունները եղել են այնպիսին, որ իշխանությունը հանձնառություններ է ստանձնել, խոստումներ տվել, սակայն չի իրականացրել: Սերժ Սարգսյանի օրոք ՀՀ արտաքին քաղաքականության այդ գործելաոճը վերանայվել է. Հայաստանում իրական առաջընթաց է նկատվել ոչ միայն խոսքի ազատության, զանգվածային լրատվամիջոցների մրցակցային հնարավորությունների տրամադրման և ազատ ու թափանցիկ ընտրությունների կազմակերպման, այլ նաև միջազգային կայունությանը սպառնացող հայ-թուրքական չկարգավորված հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերի հարցում:
Հայաստանի վարկանիշը զգալիորեն բարձրացել է նաև եվրոպական տարածաշրջանում: Նախագահ ու վարչապետ Սարգսյանների ջանքերը ՀՀԿ-ի` Եվրոպայի ժողովրդական կուսակցությանն անդամակցելու ուղղությամբ և ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում ստանձնած հանձնառությունների կատարողականի վերաբերյալ ստացված դրական արձագանքները վկայում են, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը պատրաստվում է ոչ թե իմիտացիոն, այլ իրական համագործակցություն ապահովելու եվրոպական կառույցների հետ:
Նշենք, որ նախորդ 5 տարում իրականացված հավասարակշռված արտաքին քաղաքականության լույսի ներքո լրատվական շրջանառության մեջ ներդրված նոր «հակառուսական մուտիտը» կարող է միայն նախընտրական միտում ունենալ: Սերժ Սարգսյանի անգամ ամենաընդդիմադիր հակառակորդները չեն կասկածում, որ 2013-ին գործող նախագահը վերընտրվելու է, ուստի փորձ է արվում քաղաքական սակարկման գործընթաց սկսելու և նվաճելու գոնե վարչապետի պաշտոնը: Գաղտնիք չէ, որ Տիգրան Սարգսյանը հակառակորդների պակաս չունի, հատկապես ընդունելի չէ օլիգարխիկ շրջանակների համար: Այդ պատճառով էլ փորձ է արվում հասարակության շրջանում արմատավորել նրա «հակառուսական կողմնորոշման» տեղեկությունը: Եվ սա այն դեպքում, երբ վարչապետ Սարգսյանը կրթություն է ստացել Լենինգրադի համալսարանում և ցայսօր էլ անձնական լուրջ կապեր ունի ռուսական քաղաքականության բարձրագույն լիգայի ներկայացուցիչների հետ: Պատահական չէ, որ, ի տարբերություն ՀՀ նախկին վաչապետերի, Տիգրան Սարգսյանը բազմիցս երկկողմանի հանդիպումներ է ունեցել փոխեփոխ վարչապետի և նախագահի պաշտոնները զբաղեցնող Դմիտրի Մեդվեդևի և Վլադիմիր Պուտինի հետ:
Պետք է նշել, որ միամտություն է այն կարծիքը, թե աշխարհակալ տերության` ՌԴ-ի ղեկավարները կարող են բազմիցս երկկողմանի հանդիպումներ ունենալ Հայաստանի երրորդ պաշտոնյայի` վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, եթե չլինեն անձնական համակրանք ու քաղաքական համատեղելիություն: Ի դեպ, Արևմուտքի հետ գործընկերային հարաբերություններ հաստատած ՀՀ նախագահն ու վարչապետը չեն կարող անընդունելի լինել Կրեմլի համար, քանզի Հարավային Կովկասում ՌԴ-ի միակ դաշնակից Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացնողները կարողացել են ռուսներին ազատել ավելորդ գլխացավանքից և միջազգային հարաբերություններում «պաշտոնական Մոսկվայի վրա ավելորդ խոսակցություն չբերել»` սեփական ուժերով հարթելով Արևմուտքի հետ եղած խնդիրները:
Կասկածից վեր է, որ Վլադիմիր Պուտինի իշխանությունը հասկանում է Հարավկովկասյան տարածաշրջանում դաշնակից Հայաստանի անկլավային ծանր դրությունը, հասկանում է նաև, որ Հայաստանի և ոչ մի իշխանություն ռազմական անվտանգության ապահովման խնդրում հայ-ռուսական հարաբերություններին այլընտրանք չունի, միևնույն ժամանակ գիտակցելով նաև այն փաստը, որ դժվարին կացության մեջ գտնվող Հայաստանը պետք է հարաբերությունների որոշակի մակարդակ ունենա նաև ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ: Սա է այն պարզ իրողությունը, որ Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավման նախագահ և վարչապետ Սարգսյանների քաղաքականությունը չի կարող առաջացնել ռուսների խանդը, քանզի ռազմավարական դաշնակցային հարաբերություններն անպայմանորեն ենթադրում են փոխվստահություն և փոխլրացում:

Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3110

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ