Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Շարժման տերը ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանն է, ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանն է և ո՛չ էլ՝ Արամ Սարգսյանը»

«Շարժման տերը ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանն է, ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանն է և ո՛չ էլ՝ Արամ Սարգսյանը»
01.08.2008 | 00:00

«ԿՈՂՄԵՐԻՑ ՄԵԿԻ ԱՆՎԵՐԱՊԱՀ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»
Օգոստոսյան զրույց «Հանրապետություն» կուսակցության վարչության անդամ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ հետ։
-Պարոն Սուրենյանց, օգոստոսյան թեժ տապին մեկնարկող այսօրվա միտինգը նախորդների պես շատ մարդ կհավաքի՞:
-Կլինի այնքան մարդ, որքան միշտ եղել է` ապացուցելու շարժման հաստատակամությունը-վճռականությունը: Կարծում եմ` ինչ-որ առանձնահատուկ վերաբերմունք ունենալ այս միտինգին` պետք չէ:
-Բա էդ դեպքում բեկումը, որի մասին քանիցս ասվել է, ո՞նց եք ապահովելու:
-Օգոստոսի մեկը բեկում չէ. այն շարժման նոր փուլի սկիզբ է այնքանով, որքանով օրակարգային է դառնալու Սերժ Սարգսյանի «հարցը»:
-Դո՞ւք եք վարելու միտինգը, եթե՝ այո, ի՞նչ «սցենարով»:
-Չգիտեմ, միտինգ վարելու հարցը որոշում է շարժման ղեկավարությունը:
-Ասացիք` օրակարգում լինելու է Սերժ Սարգսյանի «հարցը». ի՞նչ մոդիֆիկացիայով:
-Անցած ամիսներն ապացուցեցին, որ Հայաստանում երկու տարբեր ազգանուններով գործում է նույն համակարգը. այսինքն` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը գրեթե ամբողջությամբ նույնացած են` մեկ վերապահմամբ:
-Ո՞րն է:
-Հայ-թուրքական հարաբերություններում Սերժ Սարգսյանի մոտեցումները, որոնք կոնկրետ ինձ համար ողջունելի են:
-Թույլ տվեք մեկ «վերապահում» էլ ես նշեմ նույն համատեքստում. առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «չի ձերբակալված»:
-Որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «չի ձերբակալված», չի վկայում Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի տարբերության մասին, ավելին, արձանագրում է նրանց ընդհանրությունը, այն է` Տեր-Պետրոսյանին «ձերբակալելու» համարձակություն նրանք չունեն և չէին էլ կարող ունենալ:
-Բայց որոշ փորձագետներ անդուլ պնդում են, որ սիամականների` Քոչարյանի և Սարգսյանի միջև խուլ ու շատ մեծ հակամարտություն է ընթանում, և համակարգը կանգնած է ընտրության առջև. կամ` կամ: Ճիշտ է, Սերժ Սարգսյանն իր սիամին և համակարգին հորդորում է ջրի երես չհանել «տան կեղտը», բայց Քոչարյանն ուժեղ խորհրդարանական-համահայկական շարժի մեջ է, որովհետև անզսպելիորեն ուզում է վերադառնալ:
-Մինչև Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը և Սերժ Սարգսյանի վերջին ասուլիսը, կարող էի մասամբ կիսել այդ տեսակետը, բայց քանի որ Սերժ Սարգսյանին չհաջողվեց ստեղծել նոր համակարգ, դառնալ ինքնուրույն խաղացող, նա, ի վերջո, որոշեց հրապարակավ հավատարմության ժեստեր անել Ռոբերտ Քոչարյանին:
-Կարծո՞ւմ եք:
-Այո, նրա` ընդդիմության հետ երկխոսությանը դրսևորած, ավտորիտար մոտեցումները դրա փայլուն ապացույցն են: Մարդն ազդված է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից շատ ավելի, քան հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր մարդկանց պահանջից:
-Քաղաքականության մեջ ամեն ինչ չէ, որ երևացող է, բուն պրոցեսները մշտապես «տակից» են ընթանում: Ասենք, նույն այդ ասուլիսից հետո տղաներն ազատ արձակվեցին, խոսակցություններ կան, որ շուտով Մյասնիկ Մալխասյանը կազատվի, Ալիկ Արզումանյանը կազատվի...
-Երբ ազատվեն, այն ժամանակ էլ կխոսենք: Ազատվել է Արշակ Բանուչյանը, ինչի համար շատ ուրախ եմ, որովհետև մտավորական մարդն արդեն ազատ է: Գուրգեն Եղիազարյանն ազատվեց, ինչի համար նույնպես ուրախ եմ, փոխվեց Արարատ Զուրաբյանի խափանման միջոցը: Սակայն այս ամենը համակարգային փոփոխության մասին չի խոսում, այլ արտաքին քաղաքականության մեջ կիրառվող կոմպլեմենտարիզմը Սերժ Սարգսյանը որոշել է կիրառել ներքին հարաբերություններում. այսինքն` հրապարակավ իր հավատարմությունն է հայտնում Ռոբերտ Քոչարյանին, փորձում է միևնույն ժամանակ սիրաշահել եվրոպական կառույցներին, ինչն ընդդիմություն-իշխանություն երկխոսության հետ որևէ կապ չունի:
-Ի դեպ, լուրեր են շրջանառվում, որ խիստ «կոնսպիրատիվ» հանդիպումներ են տեղի ունենում Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի ներկայացուցիչների միջև:
-Եթե նման բան լիներ, գուցե նույնիսկ շատ ողջունելի կլիներ, որովհետև, ի վերջո, համաձայնության գալու մշակույթը բոլոր երկրների զարգացման գրավականն է, բայց ես նման բանի շատ քիչ եմ հավատում: Ավելի շուտ նկատում եմ, որ պայքարը տեղափոխվել է ռեսուրսային հարթություն: Այսինքն` իշխանությունը փորձում է իր ռեսուրսներն ի ցույց դնել, «ասելով»` կուզեմ՝ կազատեմ տղերքին, կուզեմ` չեմ ազատի, կուզեմ` կարտոնեմ հանրահավաքը, կուզեմ` չեմ արտոնի: Ընդդիմությունն էլ փորձում է ցույց տալ իր ուժը: Ես չեմ տեսնում իրական երկխոսության կամ, ինչպես Դուք եք ասում` «կոնսպիրատիվ» համաձայնության որևէ նշույլ: Երկու կողմից էլ ընթանում է բևեռային հստակեցման քաղաքականություն, ինչն էլ բացառող հատկանիշն է որևէ կարգի երկխոսության:
-Չէ, ինչո՞ւ։ Սերժ Սարգսյանը նույն ասուլիսում ընդդիմությանը հասկացրեց, որ ինքն իր աշխատասենյակում առավոտյան իննից մինչև ուշ գիշեր նստած է, կարող են գալ «նախագահի աշխատասենյակ», ասել-խոսել:
-Ես չեմ ուզում «կալիբրների» և ժամանակագրությունների համեմատություն անցկացնել, բայց ասուլիսում ասված այդ միտքն ինձ ակամա հիշեցրեց երեսունականների Գերմանիան, երբ Ադոլֆ Հիտլերը, փակելով, ջարդելով բոլոր կուսակցությունները, ասում էր, որ ինքը Գերմանիայի միակ գործիչն է, որը ձգտում է հասարակության հետ երկխոսության և անընդհատ անցկացնում էր հանրաքվեներ: Անընդհատ: Մեկ տասնյակից ավելի հանրաքվե: Բայց քանի որ Սերժ Սարգսյանը «հանրաքվե» բառից շատ է վախենում, որովհետև, այնուամենայնիվ, մենք քիչ թե շատ բաց հասարակության մեջ ենք ապրում, երևի «կաբինետում» նստած ինքը երկխոսություն պատկերացնում է «դուրս գրված» քաղաքական գործիչների ու պալատական մտավորականների միջև, որոնց միավորել է հասարակական պալատը: Չի կարող գոյություն ունենալ վիրտուալ երկխոսություն հասարակության հետ: Դա նոնսենս է:
-Ինչի՞ց է վախենում Սերժ Սարգսյանը:
-Նա վախենում է այն համակարգից, որի վրա նստած է:
-Մի՞թե նա չի հասկանում, որ ժողովուրդն ավելի ուժեղ է, քան համակարգը:
-Գործում է իներցիոն մտածողությունը: Այսինքն` ինքը մտածում է` շարժումը չի կարող ինստիտուցիոնալ և բովանդակային նոր ձև ստանալ, արդյունքում իրեն կհաջողվի ժամանակ շահել:
-Ահա և հասանք Հայ ազգային կոնգրեսին: Ի՞նչ վիճակում է կոնգրեսի ձևավորումը. կարծես խնդիրներ կան «Ժառանգության» հետ, մասնակիորեն` ՀԺԿ-ի, փաստաթղթերը դեռ պատրաստ չեն կարծես: Այսօրվա միտինգում հայտարարվելո՞ւ է կոնգրեսի ստեղծման մասին:
-Տրամաբանական չի լինի, եթե չհայտարարվի, ի վերջո, մենք հաշվետու ենք հասարակության առաջ, որին խոստումներ ենք տվել: Այսօր կլինի հռչակագրային հայտարարություն. այսինքն` առայժմ չենք ֆիքսի այն կոնկրետ կառույցներն ու գործողությունները, որոնք կամբողջանան առաջիկայում: Ինչ վերաբերում է «Ժառանգության» դիրքորոշմանը, ապա այն հարգում եմ, սակայն քաղաքական իմաստով ինձ համար անընկալելի է: Ցանկացած բանական մարդ հասկանում է, որ Հայաստանում կա երկու բևեռ, հասկանում է, որ, ի վերջո, Հայաստանում կա երկու իշխանություն, որոնցից մեկը ֆորմալացված է, թեկուզ ոչ լեգիտիմ կարգավիճակով, մյուսը պիտի ֆորմալացվի` հասարակության շահերը պաշտպանելու նպատակով: Այս պարագայում, երբ երկու բևեռ է գործում, միջանկյալ մոտեցումները կամ մոտեցումները, որոնք դուրս են ռեսուրսային պայքարի տրամաբանությունից, պարզապես չեն աշխատում: Ես կասկած չունեմ, որ «Ժառանգությունը» նույնանում է մեր առաջադրած պահանջներին, մյուս կողմից չեմ հասկանում` ի՞նչ է նշանակում համագործակցություն ռեալ գործող շարժման և խորհրդարանական կարգավիճակ ունեցող որևէ կուսակցության միջև:
-Պարոն Սուրենյանց, եկեք իրերն անվանենք իրենց անուններով. «Ժառանգությունն» իր լիդերության հարցն է լուծում, իրենք ուզում են իմանալ, թե շարժման տեր Տեր-Պետրոսյանն ո՞ւմ է, ի վերջո, իրավահաջորդ «նշանակելու»: Նախ` ո՞վ է կոնգրեսը ղեկավարելու:
-Շարժման տերը ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանն է, ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանն է և ո՛չ էլ՝ Արամ Սարգսյանը: Շարժումն ունի իր գլխավոր սուբյեկտը` Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Ինչ վերաբերում է կոնգրեսի լիդերին, նույնիսկ անիմաստ է այդ հարցը քննարկելը, որովհետև տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր հավաքվում են Մատենադարանի մոտ կամ Ազատության հրապարակում, շատ համարձակորեն վանկարկում են կոնգրեսի առաջնորդի անունը:
-Որքան տեղեկացված եմ, կոնգրեսը սեպտեմբերից պատրաստվում է երկիշխանության բաղկացուցիչներ ներմուծել ինստիտուցիոնալ իր պայքարի մեջ, այն է` «կիրառել» ստվերային կառավարության ձևավորման բավականին հայտնի մոդելը... Ի վերջո, արտգործնախարարի պորտֆելը տալո՞ւ եք Րաֆֆի Հովհաննիսյանին, թե՞...
-Նման հարցերը որոշելու է բացառապես Լևոն Տեր-Պետրոսյանը: Կոնգրեսի իր տեսլականը հրապարակելուն զուգընթաց նա կներկայացնի նաև այն թիմը, որը պիտի այդ ծրագիրը դարձնի իրականություն: Չեմ կարծում, որ կոնկրետ մարդկանց հարց պետք է քննարկվի:
-«Ոմանք» էլ բարձրաձայնում են, որ իրենք լավ չեն հասկանում՝ ի վերջո, կոնգրեսը կենտրոնամետ ո՞ւժ է, թե՞ շարժում:
-Ամենաբարդ հարցը տվեցիք: Այո, և, ի վերջո, շարժումային տրամաբանությունը, որպես օրինաչափություն, պետություններում սովորաբար չի գործում: Մյուս կողմից, այնպիսի պետություններում, ինչպիսին Հայաստանն է, այլ տրամաբանություն ևս գործել չի կարող: Բայց ես կարծում եմ, որ ավելի համակարգային պայքարի համար շարժումային տրամաբանությունը չի կարող դոմինանտ լինել:
-Եվ վերջին հարցը. տեսակետ կա, որ վերևում նշված «կոնֆիդենցիալ» հանդիպումներում քննարկվել և կարծես «պայմանավորվածություն է ձեռք բերվել» նոր խորհրդարանական ընտրությունների շուրջ` ընդդիմության և իշխանությունների միջև:
-Նախ` ես կոնֆիդենցիալ հանդիպման լուրը չհաստատեցի: Բայց և` այս պայմաններում կողմերից մեկի անվերապահ կապիտուլյացիա չի լինելու: Սպասել, որ Սերժ Սարգսյանը կարող է կոտրել շարժումը կամ շարժումը շատ արագ կարող է հասնել արտահերթ նախագահական ընտրությունների, միամտություն կլինի: Երկու մոտեցումներն էլ բավականին հեռու են իրականությունից: Մենք մեր դեղատոմսն արդեն առաջարկել ենք` խորհրդարանական և նախագահական նոր ընտրություններ: Եթե իշխանության առաջարկելիք դեղատոմսի մեջ լինի նման բան, իհարկե, այն ընդունելի է, և ես այդտեղ խնդիր չեմ տեսնում. իշխանությունը կարող է նշանակել ցանկացած համապետական արտահերթ ընտրություն: Եվ դա կլինի իսկապես խնդրի լուծում` ճգնաժամի հաղթահարման ուղի:
-ՈՒ նաև կլինի Ռոբերտ Քոչարյանի վերջը:
-Ցանկացած համապետական ընտրություն կլինի Ռոբերտ Քոչարյանի համակարգի վերջը։ Սա ավտոմատ չի նշանակում, որ կլինի հարյուր տոկոսանոց իշխանափոխություն, այլ նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանի ստեղծած համակարգն իր կազմակերպչական և քաղաքական ռեսուրսներով պատրաստ չէ որևէ փոփոխության, և ցանկացած ընտրության արդյունքում մենք կստանանք նոր համակարգ` անկախ նրանից, թե այդ համակարգն ով կղեկավարի:
Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 5476

Մեկնաբանություններ