Այս օրերին, երբ մասնագետները, սովորական մարդիկ հազար ու մի հնարքներ են մտածում, թե ինչպես դիմակայել 5-րդ սերնդի պատերազմ վարող թուրք-ադրբեջանական գերժամանակակից զենքերի հարձակմանը, երբ անգամ գործի են դրվում «տնայնագործական» մեթոդները՝ ցանցեր հյուսելուց ու սկավառակներ հավաքելուց սկսած, հասկանում ես, թե ինչքան իրարից անկախ են գործել Հայաստանի տնտեսությունն ու ռազմարդյունաբերությունը։ Մինչդեռ այս երկուսը պետք է միմյանց շարունակությունը լինեին, փոխկապակցված աշխատեին մի երկրում, որտեղ պատերազմի սպառնալիքն ամեն օր կախված է օդում։
Այսօր երկնքից անձրևի նման թափվող թշնամու ԱԹՍ-ները և այլ տեսակի ռազմատեխնիկան ոչնչացնելու համար մեր զինվորներն աննախադեպ հերոսություններ են գործում։ Այս պատերազմի ամենամեծ դասերից մեկն այն պիտի լինի, որ Հայաստանում սկսեն առաջնահերթություն համարվել ռազմարդյունաբերությունն ու ինժեներական մտքի գեներացումը։
Անցնող տարիներին Հայաստանից գիտական մտքի արտահոսքը շատ մեծ չափերի է հասել, սակայն պատերազմական այս օրերն ապացուցեցին, որ մենք դեռ ունենք պոտենցիալ ու հենց այդ մարդկանց պիտի մեկտեղել, ինժեներական մասնագիտությունները գերակա, բարձր վարձատրվող համարել ու նրանց միջոցով տնտեսությանը նոր թափ հաղորդել՝ ռազմարդյունաբերության զարգացումը հրամայական դարձնելով։
Այս պատերազմը ցույց տվեց, որ թիկունքում ահռելի գործ կա անելու, չպետք է թողնել ամեն ինչ զինվորի ուսերին, գիտական միտքը պետք է օգնի զինվորին, տնտեսության քարշակը լինի, որովհետև մարտում միայն ոգին ու խիզախությունը քիչ են, առավել ևս եթե դու ընդամենը 3 մլն ժողովուրդ ունեցող երկիր ես, որի դեմ կռվում են մի քանի երկիր ու գերժամանակակից զինտեխնիկա։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ