Կորոնավիրուսի պատճառով դպրոցական արձակուրդներն ավելի շուտ կսկսվեն՝ հոկտեմբերի 15-ից՝ ֆեյսբուքում գրել է ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Հաշվի առնելով կորոնավիրուսային նոր հիվանդության` այսօր
հրապարակված վարակակիրների թվի ռեկորդային վտանգավոր աճը (1058 դեպք կամ 36.8%), առողջապահական համակարգը հիմնականում ռազմաճակատին ի սպաս դնելու խիստ անհրաժեշտությունը, ԿԳՍՄ նախարարությունը որոշում է կայացրել հանրակրթական ուսումնական հաստատություններում հայտարարել աշնանային երկշաբաթյա արձակուրդ` նոյեմբերի 2-ից մեկնարկելիք արձակուրդի փոխարեն՝ հոկտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 29-ը»: Նախարարությունը կոչ է արել խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները՝ հնարավոր դարձնելով դասերի վերսկսումը: Առողջապահության նախարարի գրությամբ երկու շաբաթով կդադարեցվի մանկապարտեզների, արվեստի, գեղարվեստի, երաժշտական և մարզադպրոցների աշխատանքը, ուսումնարանները, քոլեջները և բուհերը կանցնեն ամբողջությամբ հեռավար կրթության: Գործընթացի շարունակության մասին որոշումներ կկայացվեն երկու շաբաթ հետո՝ ելնելով ընթացիկ իրավիճակից, ասված է հայտարարությունում: