Թանկանում է կապույտ վառելիքը, թանկանում է կյանքը
21.07.2020 | 16:39
Եվ այսպես մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսում կարևորում է գազի միասնական սակագին ձևավորելու հարցը՝ հունիսի 19-ին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց հուլիսի 19-ից բարձրացնել գազի գինը խոշոր սպառողների, ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների համար։
Այլ կերպ ասած հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մասնակիորեն բավարարել է սպառողներին վաճառվող բնական գազի սակագնի վերանայման հարցը, որը ներկայացրել էր «ԳազՊրոմ-Արմենիա» ընկերությունը։ Նշենք նաև, որ նույն որոշման համաձայն այս տարվա օգոստոսի 1-ից կբարձրանան նաև ջերմային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց վաճառվող բնական գազի սակագները։ Ինչ վերաբերում է բնակչությանը, նրա համար բնական գազի սակագինը դեռևս մնացել է անփոփոխ։ Ինչու՞ ենք ասում դեռևս, քանի որ Ռուսաստանի կողմից Հայաստանին վաճառվող բնական գազի գնի վերանայման հարցը դեռևս քննարկման փուլում է։
ՈՒ թեև բնակչության համար գազի սակագինը չի փոխվել, այնուհանդերձ, դա չի նշանակում, որ խոշոր սպառողների, ջերմոցային տնտեսությունների, վերամշակող կազմակերպությունների և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց համար բնական գազի սակագնի բարձրացումը չի հարվածի ժողովրդի գրպանին։ Դասագրքային ճշմարտություն է` թանկանում է կապույտ վառելիքը, թանկանում է կյանքը։ Գյուղատնտեսական, պարենային շուկաներում ապրանքների գնի աճ տեղի կունենա, մինչդեռ պանդեմիայի օրերին գյուղատնտեսական և պարենային մթերքները ռազմավարական նշանակություն ունեն։ Ցավալի է, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաշվի չի նստել այս իրողության հետ, հատկապես, եթե հաշվի առնենք այն իրողությունը, որ այս տարվա մարտից մինչ օրս Հայաստանում գործազուրկների թիվը հատել է 100 հազարի սահմանագիծը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ