Բա Փաշինյանի ասածն ու արածն ազգադավություն չեն, ի՞նչ են
14.04.2020 | 00:58
ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի սիրելի կադր Տաթևիկ Ռևազյանի ղեկավարած ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գործունեության արդյունքում Հայաստանը մայիսից հայտնվելու է Եվրոպական միության (ԵՄ) ավիացիոն «սև ցուցակում» (պաշտոնապես «EU Air Safety List» կամ ԵՄ ավիացիոն անվտանգության ցուցակ), հայաստանյան ավիաընկերությունները զրկվելու են Եվրոպա չվերթեր կատարելու իրավունքից:
Ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը` EASA-ը, պատրաստել է մի ԶԵԿՈՒՅՑ, որով հայկական քաղավիացիային, ֆուտբոլային տերմինաբանությամբ, կարմիր քարտ է ցույց տրվել։ Սպասվում է, որ Եվրահանձնաժողովի համապատասխան ստորաբաժանման մայիսին նախատեսված նիստում, եթե այն նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով չհետաձգվի, Հայաստանի նկատմամբ հիշյալ զեկույցի հիման վրա կիրառվելու է ԵՄ Regulation (EC) No 474/2006-ը, այսինքն՝ մենք մտնելու ենք ԵՄ տարածքում թռիչքներ իրականացնելու արգելքի տակ գտնվող երկրների «սև ցուցակ»: Դա նշանակում է, որ հայաստանյան գրանցում ունեցող ավիաընկերությունների քաղավիացիայի ինքնաթիռները` մարդատար թե բեռնատար, առնվազն մեկ տարով զրկվելու են ԵՄ օդային տարածքում թռիչքներ իրականացնելու իրավունքից: Դա այնքան անխուսափելի, իրական է, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը տվյալ իրադարձությունից առաջ ընկնելով, ապրիլի 6-ին իր ֆեյսբուքյան լայվի ընթացքում ասաց. «Այո, քաղաքացիական ավիացիայի ոլորտում մենք ունենք պրոբլեմներ, մեր ավիաընկերությունները զրկվել են Եվրոպա չվերթեր կատարելու իրավունքից…»:
Նիկոլ Փաշինյանը դիմելով ստի, մանիպուլյատիվ հնարքների, փորձում է հասարակության ուշադրությունը շեղել բուն փաստից, կատարվածից ու դրա իրական պատճառներից, ինչպես նաև խույս տալ տեղի ունեցածում իր և Տաթևիկ Ռևազյանի պատասխանատվության բաժնից: Սակայն չենք կարծում, թե Փաշինյանին դա կհաջողվի, քանի որ փաստերն ամեն ինչ վկայում են: Ինչպես արդեն նշել եմ այս թեմայով մեր նախորդ հրապարակմամբ , Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին առնչվող Փաշինյանի «թռիչքը» դեռ շատ երկար է տևելու…
Երբ հայաստանյան պայմաններում վատ չվարձատրվող իր պաշտոնից 2019 թ. օգոստոսին հրաժարականի դիմում ներկայացրեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ ՎԱՀՐԱՄ ՍԱՅԱԴՅԱՆԸ և օգոստոսի 12-ից այլևս չաշխատեց նշված կոմիտեում, այդ փաստը Նիկոլ Փաշինյանի և, իհարկե, առաջին հերթին Տաթևիկ Ռևազյանի համար, կարծում եմ, պետք է ահազանգ լիներ, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեում, քաղավիացիայում, մեղմ ասած, ինչ-որ բան կարգին չէ: Դեռ այն ժամանակ «Հրապարակ» օրաթերթը գրեց. «Մեզ ասացին, որ նա ոլորտի բացառիկ մասնագետ է, և այս բացը լրացնելը համարյա անհնար է լինելու: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սայադյանը ցանկացել է հեռանալ դեռ այն օրվանից, երբ կոմիտեի ղեկավար նշանակվեց Տաթևիկ Ռևազյանը, սակայն նրան ամեն գնով փորձել են համոզել, որ հրաժարական չտա:
Մեր տեղեկություններով, նրա հրաժարականի պատճառը Ռևազյանի ոչ պրոֆեսիոնալ աշխատաոճն է եղել: Մենք կապ հաստատեցինք Սայադյանի հետ, սակայն նա չցանկացավ խոսել այս թեմայով՝ դա համարելով իր անձնական խնդիրը»։
Օրերս հրաժարականի դիմում է ներկայացրել նաև Նիկոլ Փաշինյանի արդեն նախկին խորհրդական ՀԱԿՈԲ ՃԱՂԱՐՅԱՆԸ, որը ՀՀ վարչապետի խորհրդական էր նշանակվել 2019 թ. մարտի 19-ին: Խոսքը Փաշինյանի շրջապատում եղած բարձրաստիճան պաշտոնյաներից ևս մեկի աղմկոտ հրաժարականի մասին է: Ավելի վաղ այլևս չցանկանալով Փաշինյանի հետ աշխատել, աղմկոտ հրաժարականներով իրենց պաշտոններից, ընդհանրապես, ԱԱԾ և ոստիկանության համակարգերից հեռացել էին համապատասխանաբար Արթուր Վանեցյանը և Վալերի Օսիպյանը: Հիշենք, որ անցյալ տարի հրաժարական էր տվել և 2019 թ. հունիսի 7-ին հրաժարականի մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել այն ժամանակվա ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Եթե հիշողություններս մի փոքր փորփրենք, թերևս ուրիշներին էլ կհիշենք, բայց թեմայից չշեղվենք:
Ս. թ. ապրիլի 8-ին «Facebook»-ի իր էջում հանդես գալով պաշտոնական հայտարարությամբ, Նիկոլ Փաշինյանի արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը գրել է.
«Մամուլից տեղեկացա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջապես ստորագրել է նախորդ շաբաթ օրվանից իմ ներկայացրած հրաժարականի պահանջը:
Չգիտեմ, թե ինչու էր աշխատանքից ազատվելս հիմնավորել օրենսդրության ոչինչ չասող հոդվածով: Երբ կարելի էր ընդամենը գրել` «սեփական դիմումի համաձայն»:
Իսկ աշխատանքից ազատվելու իմ որոշման հիմքերը հանդիսանում են Քաղաքացիական ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումները:
Նախորդ Շաբաթ օրը` Ապրիլի 4-ին ես վարչապետին գրել եմ իմ վերջին զեկույցը, որտեղ հերթական և վերջին անգամ բացատրել եմ`
. հայկական քաղավիացիայի ԻՐԱԿԱՆ իրավիճակը, առանց ստերի և իրականության աղավաղման;
. հերթական անգամ պարզաբանել եմ այս վիճակում հայտնվելու իրական պատճառները;
. նշել եմ այս ճգնաժամից դուրս գալու ուղիները
Զեկույցում առաջարկել եմ թույլ տալ վերջապես գրագետ, կազմակերպված, և երկիրն ու ոլորտը սիրող, անվարձահատույց աշխատանքի պատրաստ, իրական մասնագետների թիմի հետ լծվել իրավիճակի շտկմանը:
Հակառակ դեպքում ընդունել իմ հրաժարականը:
Համաձայն օրենքի, հրաժարականիս պաշտոնական գրավոր դիմումը երկայացրել եմ Երկուշաբթի, ապրիլի 6-ին:
Պաշտոնից հրաժարվելը իմ որոշումն է: Եվ, ինչպես գրել եմ հրաժարականիս պահանջում, ես հրաժարվում եմ տաքուկ տեղ գտած, անհաղորդ խորհուրդներով «խորհրդականի» անպիտան կարգավիճակից:
Օրերս մամլո ասուլիսով կպարզաբանեմ մանրամասները»:
«Անկեղծ ասած, անկախ ամեն ինչից, իմանալով եղբորս խառնվածքը, այս օրը կանխատեսել էի դեռևս 2019 թվականի մարտի 19-ին,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Փաշինյանի արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանի եղբայրը՝ ԱՐԱՐԱՏ ՃԱՂԱՐՅԱՆԸ։- Գիտեի, որ նա չի դիմանալու ձևավորված կեղծիքի, երեսպաշտության, քծնանքի այս մթնոլորտում...»:
Եվ, ահա, երեկ Հակոբ Ճաղարյանին հրավիրել են ԱԱԾ: Փաշինյանին էլ ուրիշ ի՞նչ է մնում… Մամուլի հրապարակումների համաձայն, ԱԱԾ-ում Հակոբ Ճաղարյանի անցկացրած ժամերն «անամպ» չեն անցել… Այս կապակցությամբ «Հրապարակն» ապրիլի 10-ին գրել է.
«Մենք առավոտյան զանգահարել էինք վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական, երեկ աշխատանքից ազատված Հակոբ Ճաղարյանին, ում երեկ հրավիրել էին ԱԱԾ։ Նա խուսափել էր հստակ պատասխանելուց, ասել էր՝ այո, հրավիրել են, մեր ԱԱԾ-ն է, գնալու եմ։ Մինչ նա ԱԱԾ-ում էր, նրա կինը՝ ԶԱՐՈՒՀԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ, տագնապած ստատուս էր գրել. «Տասնյակ զանգեր, նամակներ հեռվից և մոտիկից ստանում եմ այս օրերին ի զորակցություն մեր ընտանիքին։ Հարյուրավոր լրագրողներ են զանգում… սակայն լուռ են և անհաղորդ իմ բոլոր այն ընկերները, որոնք հիմա իշխանության մեջ են… երևի արդեն նախկին ընկերները։ Նաև լուռ է և ցուցադրական անտարբեր է «Ազատություն» ռադիոկայանը, որտեղ, թվում էր, նույնպես համախոհներ և ընկերներ ունեի։ Նրանք նույնիսկ պաշտոնական լուրը չհրապարակեցին։ Հա, մոռացել էի. իրենք միայն Տաթևիկ Ռևազյանից են հարցազրույցներ վերցնում և ֆեյսբուքյան ասուլիսներ անում, մեկ էլ «Ռայանէյր» գովազդում։ 5 րոպեից կլրանա 2 ժամը, որ Հակոբը մտել է ԱԱԾ, հույս ունեմ՝ դուրս կգա։ Շնորհակալություն բոլորին, ով այսօր մեզ չի մոռացել և արհամարհել… Աշխարհը կլոր է, և երբեմն դու հայտնվում ես այն մարդու կարգավիճակում, ում դժվար պահին արհամարհեցիր։ Ես ու իմ ընտանիքը միշտ եղել ենք այն մարդկանց կողքին, ովքեր ճնշումների են ենթարկվել ռեժիմների կողմից, հիմա իմ համար հերթական լյուստրացիայի պահն է։ Լավ եղեք…»։
Սակայն որքան մեծ էր մեր զարմանքը, երբ դրանից մեկ ժամ անց ստատուս գրեց Հակոբ Ճաղարյանը՝ գովաբանելով և իր՝ ԱԱԾ-ում անցկացրած ժամերը ներկայացնելով որպես հրաշք զրույցի, խորհրդատվության, կիրթ մարդկանց հետ շփվելու ժամեր, իսկ լրագրողներին մեղադրելով իր անձով հետաքրքրվելու և իրեն պաշտպանել փորձելու համար:
Ստորև ներկայացնում ենք նաև վերոնշյալի վերաբերյալ Հակոբ Ճաղարյանի ֆեյսբուքյան գրառումը.
«ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԱԾ-ում
Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության և անառողջ աժիոտաժի իմաստը:
Կարող եմ փաստել, որ տեղի է ունեցել բավականին երկար` մոտ 2 ժամ տևողությամբ բեղմնավոր, աշխատանքային, խորհրդակցական հանդիպում:
Տրամաբանորեն, երկրի անվտանգության ոլորտի պատասխանատուներին պիտի հետաքրքրեին երկրի քաղաքացիական ավիացիայի ոլորտում տիրող իրավիճակը և իմ վերաբերմունքն ու խորհրդատվական, ընդգծում եմ` խորհրդատվական կարծիքը:
Մանրամասն բացատրել եմ համաշխարհային ավիացիայի կարգավորումները, կարգավորման ձևերն ու օրինական հիմքերը:
Կարծում եմ, որ երկժամյա հանդիպումս ավելացրեց հայկական ավիացիայի նվիրյալների թիվը:
ՀՀ ԱԱԾ-ում աշխատում են կիրթ մարդիկ, որոնք առանց բարդույթների հասկացան իրենց ոլորտից շատ հեռու ոլորտի կարգավորումները և կիսում են Հայաստանի համար ազգային ավիացիայի կայացման ռազմավարական կարևորությունը:
Ինձ մնում է անհասկանալի լրատվամիջոցների տեղեկացվածությունը, քանի որ այսօր առավոտյան 9.30-ից սկսել եմ նրանցից ստանալ զանգեր նույն հարցադրմամբ:
Այսքանը»:
«Մենք փորձեցինք կապվել պարոն Ճաղարյանի հետ՝ հասկանալու, թե ինչ զրույց է ընթացել ԱԱԾ-ում, այդ ինչ արժեքավոր խորհրդատվություն է մատուցել ինքը անվտանգության աշխատողներին, և ինչքանով են ԱԱԾ գործառույթների մեջ տեղավորվում ավիացիան և Ճաղարյանի խորհուրդները,- իր վերոնշյալ հոդվածում տեղեկացրել է «Հրապարակը»:- Սակայն, ցավոք սրտի, նա այդպես էլ չպատասխանեց մեր հարցերին։
Մեր աղբյուրներից ճշտեցինք, որ իրականում այդքան «անամպ» չեն անցել ԱԱԾ-ում նրա անցկացրած ժամերը։ Ճիշտ հակառակը՝ բավականին կոշտ խոսակցություն է ընթացել, որի ժամանակ բաց տեքստով նրան ասել են, որ եթե առաջիկա ասուլիսի ժամանակ հրապարակի հայկական ավիացիայի վերաբերյալ իր կազմած զեկույցի մանրամասները, ապա նրա նկատմամբ քրեական գործ կհարուցվի՝ «ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ իրեն հայտնի դարձած գաղտնի տեղեկությունները հրապարակելու» հիմքով։ Եվ մի զգուշացում էլ, որը փոխանցել են իշխանության բարձր օղակների անունից՝ Տաթևիկ Ռևազյանի դեմ ասված ամեն խոսքը խստորեն կպատժվի։
Այս տեղեկությունները պարոն Ճաղարյանից ճշտելու հնարավորություն մենք չունեցանք, սակայն եթե առաջիկայում նրա հռետորաբանությունը մեղմանա, եթե նա իր կազմած զեկույցի մանրամասները չներկայացնի հանրությանը և դադարեցնի Տաթևիկ Ռևազյանին ուղղված քննադատությունը, կնշանակի՝ մեր տեղեկությունները համապատասխանում են իրականությանը»:
Եթե «Հրապարակ»-ի աղբյուրների հայտնած այս վերջին տեղեկությունները ճիշտ են, ապա Փաշինյանն արդյոք գիտակցու՞մ է, որ, անխուսափելիորեն գալու է այն օրը, որ պատասխանատվության առջև է կանգնելու ԱԱԾ-ն վերոնշյալ նպատակով օգտագործողը` իշխանության բարձր օղակների այն պաշտոնյան, որը ԱԱԾ-ի միջոցով Հակոբ Ճաղարյանին է փոխանցել վերոնշյալ սպառնալիքը:
Հայաստանի ավիաընկերություններին դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքից ժամանակավոր զրկելուն, վերջին շրջանում ոլորտում արձանագրված խնդիրներին և Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վիճակին Yerevan.Today-ի հետ զրույցում օրերս անդրադարձել է նաև հայտնի ավիատոր, քաղավիացիայի ոլորտի փորձագետ ԴՄԻՏՐԻ ԱԴԲԱՇՅԱՆԸ: Նա մասնավորապես ասել է. «Մենք ինչու ունե՞նք քաղավիացիա: Կարելի է ասել քաղավիացիայում բան չի մնացել, 2- 3 ինքնաթիռ կիսամեռած թռչում են էլի: Այո՛, այսօր մենք վատ իրավիճակ ունենք»:
Պարոն Ադբաշյանն ասել է նաև, որ «Քաղավիացիան մեծ աշխատանք է, որին պետք է հատուկ վերաբերվել և միշտ ուշադրության կենտրոնում պահել, որպեսզի կարողանանք բոլոր տվյալներով համապատասխանել միջազգային ստանդարտներին», իսկ քիչ հետո հավելել. «Այնպես որ, այդ հարցով պետք էր հատուկ զբաղվել, որը երևի չարեցին, դրա համար էլ այսպես ստացվեց»:
Այո, անվիճելի է, որ ներկա իրավիճակը երկար ամիսների վատ աշխատանքի արդյունքն է:
Անդրադառնալով ֆինանսների հետ կապված պատճառաբանություններին՝ փորձագետը նշել է. «Ավիացիան երբեք ֆինանսների հետ պրոբլեմներ չի ունեցել, և մեր անկախության առաջին տարիներին Հայաստանի բյուջեի 25 տոկոսը բերում էր հենց ավիացիան, պատկերացնո՞ւմ եք: Հետո ՀՀՇ-ն սկսեց ամեն ինչ քանդել, թալանել ու գողանալ»:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-18
- Արևմուտքում լսել են Պուտինի զգուշացումները, բայց հավանաբար ցանկանում են անտեսել դրանք
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-17
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-16
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-15
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը-3
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը-2
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-14
- Բանսարկու և սուտ մատնության հեղինակ «Լաուռա Արզաքանցյան» կոչվածի նկատմամբ հանցագործության մասին հաղորդումը ներկայացվեց ոստիկանություն
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-13
- Չգիտեի, որ միլիոնների տեր եմ, նույնիսկ «Սրբազան շարժմանը» մասնակցելու համար գումարներ եմ առաջարկում, այսօր իմացա
- Դեմ եմ Նիկոլին «բտ» ասելուն, «տղան» արժանիք է, նա այդ արժանիքը չունի
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-12
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-11
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-10
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-9
- Աշխարհը միջուկային պատերազմի շեմին-50
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-8
- ՈՒղիղ մեկ տարի առաջ սկսվեց մերձավորարևելյան մղձավանջը
Մեկնաբանություններ