Բաց երկինքը ճաք տվեց
31.03.2020 | 01:39
Թեև Հայաստանն օդային տարածքն իր քաղաքացիների համար չի փակել, այնուհանդերձ, այն փակ է։ Օրերս ԱԳՆ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց, թե «տարբեր երկրներ սահամանափակել են և շարունակում են սահմանափակել իրենց օդային տարածքի մուտքը և օդային հաղորդակցությունը, ինչի արդյունքում էապես բարդացել է մեր քաղաքացիների Հայաստան վերադարձի կազմակերպումը։ Այդ առնչությամբ կոչ ենք անում մեր քաղաքացիներին նախապես ստուգել տարանցիկ թռիչքների առակայությունը»։
Եթե կարճ ձևակերպենք այս հայտարարությունը, կստացվի այսպես. արտերկրյա ավիաընկերությունները հատուկ չվերթեր չեն կազմակերպի ՀՀ քաղաքացիների համար։ Եվ դա շատ տրամաբանական է, «ինքնազոհաբերության» օտար ավիատորները չեն գնա, իսկ եթե գնան էլ այդ քայլին, ապա դա տասն անգամ թանկ կնստի ՀՀ պետբյուջեի վրա` կոմերցիան իր կանոններն ունի։ Ի դեպ, ԱԳՆ-ի այս հայտարարության և օդային ճանապարհների «ինքնամեկուսացման» ֆոնին տեղին է հիշեցնել, որ տարիներ առաջ Սիրիայի ռմբակոծության ժամանակ մեր հայրենակիցներին պատերազմական թեժ կետերից Հայաստան տեղափոխեցին հայ ավիատորները` «Արմավիա» ազգային ավիափոխադրողը։ Այդ ժամանակ ևս Հայաստանում գործող միջազգային մեկ տասնակից ավելի գործող ավիաընկերություններ հրաժարվել էին նշված ուղղությամբ թռիչքներ կատարելուց։ Այո, հայ ավիատորների հերոսական աշխատանքի արդյունքում էր, որ բազմաթիվ ընտանիքներ հասան իրենց պատմական հայրենիք։
Եվ այսպես, աշխարհով մեկ «ճանկերը սրած» նոր կորոնավիրուսի պայմաններում բացահայտվեց, որ Հայաստանը չի կարող զուրկ լինել ազգային ավիափոխադրողից։ Մենք բազմիցս անդրադարձել ենք այս խնդրին, նշելով ազգային ավիափոխադրողի կարևոր դերը տնտեսության ակտիվացման և, ամենագլխավորը, ռազմավարական նշանակության առումով։ Գաղտնիք չէ, որ դեռևս 90-ականներին Արցախի ազատագրական պայքարում հենց «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդաչուներն էին, որ քաղավիատորից դարձան ռազմական ավիատորներ։
Արդեն մի քանի տարի Հայաստանի ավիացիոն դաշտում հաստատված է բաց երկնքի քաղաքականությունը, որն ավելի շուտ նման է մի տան, որի դռները բաց են, ու տանտեր չունի, որ խնդիրների դեպքում այն կարողանա անմիջապես լուծել։ Իսկ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն այս տարվա ԱԺ ձմեռային նստաշրջանին բարձր ամբիոնից «խորիմաստ» դատողություններ էր անում ազգային ավիափոխադրող ձևավորելու մասին։ Մասնավորապես նա մտահոգված էր` եթե ստեղծվի ազգային ավիափոխադրող, կարո՞ղ է դիմակայել շուկայի մրցակցությանը, ուղևորներ կունենա՞, թե ոչ և այլն։ Գուցե ճիշտ կլիներ, որ այս հարցում քաղավիացիայի կոմիտեի նախագահն առաջնորդվեր ոչ թե սեփական ենթադրություններով, այլ խնդիրը քննարկեր հմուտ ավիատորների հետ, և փորձեին ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք դեռ խորհրդային ժամանակներից հայկական ավիացիայի պատիվը բարձր պահող հայ ավիատորներին կբերեն դաշտ` պահպանելով հայկական ավիացիայի մասնագիտական բարձր հատկանիշները։ Եվ հետո, ինչու՞ ազգային ավիափոխադրողը չի կարող մրցունակ լինել։ Այսօր մեր պետությունը մի շարք առավելություններ է սահմանել օտարերկրյա ավիափոխադրողների համար` անգամ որոշ դեպքերում հանվեց 10000 դրամ օդի տուրքը։ ՈՒրեմն ի՞նչն է խանգարում, որ ազգային ավիափոխադրողի համար ևս արտոնություններ սահմանվեն, ինչպես ընդունված է Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, ՌԴ-ում և այլ երկրներում։
Հայաստանը, որի միակ բաց ճանապարհը օդային է, պարտավոր է ունենալ ազգային խոշոր ավիափոխադրող, դա կյանքի հրամայականն է, իսկ թե ինչ մասնաբաժնով այն կձևավորվի` պետական, թե մասնավոր, քննարկումների հարց է։ Թեև վատ չէր լինի, որ պետությունը բաժնեմաս ունենար նոր ձևավորվող ազգային ավիափոխադրող ընկերությունում։ Կարևորն այն է, որ օրհասական պահերին Հայաստանը կախվածություն չի ունենա օտարերկրյա ավիափոխադրողներից։ Հաջորդ ոչ պակաս կարևոր խնդիրը, որ կարող է լուծել ազգային ավիափոխադրողը, տնտեսականն է։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ