Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Սթիվեն Հոքինգ. Մենք Տիեզերքը ճանաչելու շանսեր ունենք, ու դա մեզ առանձնահատուկ է դարձնում

Սթիվեն Հոքինգ. Մենք Տիեզերքը ճանաչելու շանսեր ունենք, ու դա մեզ առանձնահատուկ է դարձնում
15.03.2018 | 07:16

Բրիտանացի ֆիզիկոս տեսաբան Սթիվեն Հոքինգը ամենահայտնի ու հարգված գիտնականներից մեկը դարձավ` չնայած ծանր նյարդադեգեներատիվ հիվանդությանը: Նա երեկ վախճանվեց 76 տարեկանում Քեմբրիջի իր տանը: 1988-ին տպագրված «Ժամանակի համառոտ պատմությունը» գիրքը համաշխարհային բեսթսելլեր դարձավ, չնայած իր վիճակին` Հոքինգը մասնակցում էր հեռուստաշոուներին, իսկ նրա թվայնացված ձայնը օգտագործում էին հանրաճանաչ երաժիշտները: Սթիվեն ՈՒիլյամ Հոքինգը ծնվել է 1942-ի հունվարի 8-ին, Օքսֆորդում: Հայրը կենսաբան էր և կնոջ հետ հեռացել էր Լոնդոնից` խուսափելով գերմանական ռմբակոծություններից: Հոքինգը մեծացել է Լոնդոնում ու Սենտ Օլբանում, ավարտելով Օքսֆորդի համալսարանը ֆիզիկոսի բակալավարի աստիճանով` նա մեկնում է Քեմբրիջ տիեզերագիտություն ուսումնասիրելու:

Պատանության օրերին Հոքինգը զբաղվել է ձիավարությամբ ու թիավարությամբ, Քեմբրիջում ուսանելիս բժիշկները ախտորոշեցին կողային ամիտրոֆիկ սկլերոզ, որ հանգեցրեց լիակատար կաթվածի: 1964-ին, երբ Հոքինգը պատրաստվում էր ամուսնանալ Ջեյնի հետ, բժիշկները 2-3 տարվա կյանք էին տալիս: Հիվանդությունը դանդաղ էր զարգանում ու նրանք 3 երեխա ունեցան: 1988-ին տրախեոտոմիայի պատճառով Հոքինգը կորցրեց ձայնը և խոսում էր միայն ձայնի սինթեզատորի օգնությամբ: Այդ ժամանակ էլ նա ավարտեց «Ժամանակի համառոտ պատմությունը»` տիեզերագիտության ուղեցույցը: 20 տարում վաճառվել է գրքի 10 միլիոն օրինակ: Հոքինգն ասում էր, որ դա ամենահանրաճանաչ գիրքն է, որ երբեք չեն կարդում:
Հոքինգը սև խոռոչների գոլորշիացման տեսության հեղինակն է, որի համաձայն սև խոռոչները ոչ միայն կուլ են տալիս իրենց շրջակայքում եղածը, այլև արձակում են տարբեր մասնիկներ, որ հետո հանգեցնում են իր անհետացմանը: Սև խոռոչից տարրական մասնիկների ճառագայթման ուսումնասիրությունը անվանվեց «Հոքինգի ճառագայթում»: Հոքինգն ուներ բացառիկ ունակություն` տեսանելի դարձնել գիտական լուծումները առանց հաշվարկի ու փորձերի: Գուցե հենց նրա «ամեն ինչի տեսությունը», որ Տիեզերքը զարգանում է հստակ օրենքներով, առավել մեծ ուշադրության արժանացավ: «Այդ օրենսգիրքը կարող է պատասխանել Տիեզերքի ծագման հարցերին: ՈՒ՞ր է շարժվում, ունի՞ ավարտ: Եթե այո, ինչպիսի՞: Եթե մենք գտնենք այս հարցերի պատասխանները, իսկապես կներթափանցենք աստվածային մտահղացման մեջ»` ասում էր Սթիվեն Հոքինգը:

Չնայած հիվանդությանը` Հոքինգը շարունակում էր մաթեմատիկա դասավանդել Քեմբրիջի համալսարանում, 2001-ին հրապարակեց երկրորդ գիրքը` «Աշխարհն ընկույզի կեղևում»: Նա հավատում էր, որ իր հիվանդությունը առավելություններ է տալիս և ասում էր, որ նախքան հիվանդանալն իրեն կյանքից հոգնած էր զգում: Ծանր հիվանդությունը նրան կախման մեջ էր դնում մարդկանցից: Հոքինգը հաճախ էր հիանում կնոջով, որ 20 տարի հոգ էր տանում իրեն և շոկի մատնեց հարազատներին ու բարեկամներին, երբ բաժանվեց նրանից ու 1995-ին ամուսնացավ իր դայակի հետ: 2000-ից Հոքինգը Քեմբրիջի Ադենբրուկի հիվանդանոցի մասնավոր հիվանդն էր ու այնտեղ էր բուժում իր տարատեսակ վնասվածքները: 2007-ին Հոքինգը դարձավ աշխարհի առաջին կաթվածահար մարդը, որ փորձարկեց անկշռելիությունը հատուկ ինքնաթիռում, որտեղ ստեղծվել էին զրոյական գրավիտացիոն պայմաններ: Նա ասում էր, որ իր նպատակը մարդկանց հետաքրքրությունը տիզերական ճանապարհորդությունների նկատմամբ մեծացնելն է: «Ես կարծում եմ, որ կյանքը Երկրի վրա ոչնչացման մշտական վտանգի տակ է, օրինակ, միջուկային պատերազմի, գենետիկ վիրուսի կամ այլ ողբերգության հետևանքով: Ես կարծում եմ, որ մարդկությունը ապագա չունի, եթե դուրս չգա տիեզերք: Ես ուզում եմ մեծացնել տիեզերքի նկատմամբ հասարակական հետաքրքրությունը»` ասում էր Հոքինգը: 2014-ին էկրան բարձրացավ «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ֆիլմը` նրա առաջին կնոջ` Ջեյնի վկայությունների հիման վրա: Հոքինգը հանդիպեց իր դերակատար Էդի Ռեդմեյնի հետ, ֆիլմի նկարահանումից առաջ:

Discovery-ի ֆիլմաշարում Հոքինգն ասում էր, որ Տիեզերքում ինչ-որ տեղ պետք է բանական կյանք լինի և զգուշացնում էր, որ եկվորները կարող են Երկիրը զրկել բոլոր ռեսուրսներից ու հեռանալ: Մի անգամ նա գրել է, որ կողային ամիտրոֆիկ սկլերոզը, որ իրեն ուղեկցել է ամբողջ մեծահասակ կյանքում, չի խանգարել հիանալի ընտանիք ստեղծել ու հաջողությունների հասնել աշխատանքում` «Դա ապացուցում է, որ ոչ ոք չպետք է հույսը կորցնի»:
ВВС


Հ.Գ.


Սթիվեն Հոքինգի մտքերից


Սև խոռոչների մասին. «Էյնշտեյնը սխալվում էր, երբ ասում էր Աստված զառախաղ չի խաղում: Սև խոռոչների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Աստված ոչ միայն զառախաղ է խաղում, այլև երբեմն խաբում է մեզ` զառերը նետելով այնտեղ, ուր մենք չենք կարող տեսնել»:


Տիեզերքի մասին. «Մենք ընդամենը կապիկների զարգացած ժառանգներն ենք ոչնչով աչքի չընկնող աստղով փոքրիկ մոլորակի վրա: Բայց մենք Տիեզերքը ճանաչելու շանսեր ունենք, ու դա մեզ առանձնահատուկ է դարձնում»:


Այլմոլորակայինների մասին. «Եթե այլմոլորակայինները երբևէ մեզ այցի գան, ես կարծում եմ, որ հետևանքը նույնքան աղետալից կլինի, որքան բնիկ ամերիկացիների համար, երբ Քրիստափոր Կոլումբոսը ափ իջավ Ամերիկայում»:
Տիեզերքի գոյության պատճառների մասին. «Եթե այս հարցի պատասխանը գտնվի, կդառնա մարդկային բանականության լիակատար տրիումֆը, որովհետև հասկանալի կդառնա Աստծո մտահղացումը»:


Առևտրական հաջողության մասին. «Ես ֆիզիկայի մասին ավելի շատ գիրք եմ վաճառել, քան Մադոննան` սեքսի»:


Փառքի մասին. «Իմ գործընկերների համար ես պարզապես ևս մեկ ֆիզիկոս եմ, բայց հանրության համար ես դարձել եմ գուցե աշխարհի ամենահայտնի գիտնականը: Մասամբ այն պատճառով, որ գիտնականները, բացառությամբ Էյնշտեյնի, նման չեն ռոք աստղերի, մասամբ էլ այն պատճառով, որ ես ձուլվել եմ հաշմանդամ հանճարի կարծրատիպին: Ես չեմ կարող թաքնվել կեղծամի կամ սև ակնոցների հետևում, իմ սայլակն ինձ կմատնի»:
Աշխարհի անկատարության մասին. «Տիեզերքի հիմնական կանոններից է, որ կատարյալ ոչինչ չկա: Կատարելություն պարզապես չկա: Առանց անկատարության ոչ դուք, ոչ ես գոյություն չէինք ունենա»:


Կյանքի մասին. «Կյանքը ողբերգական կլիներ, եթե այդքան ծիծաղելի չլիներ»:


Ճակատագրի մասին. «Ես նկատել եմ` նույնիսկ այն մարդիկ, որ ասում են` ամեն ինչ կանխորոշված է և ոչինչ հնարավոր չէ փոխել, փողոցն անցնելիս աջ ու ձախ են նայում»:
Մարդկանց մասին. «Հանդարտ մարդիկ ամենաբարձրաձայն մտքերն ունեն»:


Մահվան մասին. «Ես վերջին 49 տարին ապրում եմ վաղաժամ մահվան կանխատեսումով: Ես մահից չեմ վախենում, բայց չեմ շտապում մեռնել` ես ուզում եմ հաջողությունների հասնել»:


Էֆտանազիայի մասին. «Կարծում եմ` դա սխալ է: Որքան էլ ահավոր է թվում կյանքը, միշտ կա հաջողության տարբերակ: Քանի դեռ կա կյանք, կա հույս»:


Ֆիզիկական սահմանափակումների մասին. «Ես լիարժեք կյանքով եմ ապրում ու գոհ եմ կյանքից: Ես հավատում եմ, որ սահմանափակ հնարավորություններով մարդիկ պետք է կենտրոնանան այն գործերի վրա, որտեղ իրենց թերությունը արգելք չէ, ոչ թե ափսոսեն, թե ինչեր չեն կարող անել»:


Գիտության մեջ իր ներդրումի մասին. «Ապրել` զբաղվելով տեսական ֆիզիկայի ուսումնասիրություններով, հրաշալի է: Ես երջանիկ եմ, եթե կարողացել եմ Տիեզերքի մեր ընկալումները մեծացնել»:


Սթիվեն Հոքինգի պատմությունը` զարմանալի, տարօրինակ ու հրաշալի, մտքի ու մարմնի պայքարի ու մտքի հաղթանակի մասին: Մտածելու ցանկության ու կարողության: Գուցե ինչ-որ ժամանակից կգա մեկը, որ կհերքի Սթիվեն Հոքինգի տեսակետները ու Տիեզերքի մասին պատկերացումներին նոր ուղղություն կտա` ապացուցելով, որ չկա կատարելություն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7624

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ