ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Իշխան Զաքարյանն իր վարքագծով ու բարոյականությամբ չի կարող լուծել այն խնդիրները, որ դրված են երկրի առաջ»

«Իշխան Զաքարյանն իր վարքագծով ու բարոյականությամբ չի կարող լուծել այն խնդիրները, որ դրված են երկրի առաջ»
20.01.2017 | 12:40

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վերաբերյալ զրուցում ենք Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ։


-Պարոն Վարդանյան, 2016-ն ինչպիսի՞ն էր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար։
-Թվային աճը նույնն էր, ինչ նախորդ տարիներին՝ 22-25 տոկոսի շրջանակում։ Սակայն ի հայտ եկան մի շարք ընկերություններ, որոնք միջազգային շուկային իրենց սեփական խոսքն ասացին։ Ներկայացրին պրոդուկտներ, որոնք համաշխարհային հաջողություն գրանցեցին։ Այս առումով 2016-ը հատկանշական էր. Հայաստանը ներկայանում է ոչ միայն որպես աութսորսի՝ դրսի աշխատանքը կատարող, այլև սեփական պրոդուկտները միջազգային շուկայում ներկայացնող երկիր, ինչը շատ կարևոր է։ Կարծում եմ՝ այս միտումն ապագայում խորանալու է։ Այս տենդենցը սկսվել է 2009-ի ճգնաժամից հետո, երբ ընկերությունները հասկացան, որ ճգնաժամն էապես կարող է հարվածել, եթե զբաղվում են զուտ աութսորսինգով, և պետք է զուգահեռ սեփական արտադրանքն ունենալ։ Այս առումով ՏՏ ոլորտը վերափոխվում է, ինչը, կարծում եմ, շատ դրական է։ Ապրիլին ստացած հարվածը իր հետևանքներն ունեցավ բոլոր ոլորտների ու մարդկանց վրա։ Սակայն ի տարբերություն այլ բնագավառների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տեղի ունեցավ մոբիլիզացիա։ Ոլորտը հավաքվեց և փորձեց մի շարք ուղղություններով օգնել անվտանգությանն ու պաշտպանունակությանը։ Մասնավորապես, ինժեներական լուրջ խումբ ստեղծվեց, որը սկսեց քննարկել բարձր տեխնոլոգիական տարբեր տիպի լուծումներ բանակի համար, և այսօր մի շարք լուծումներ պաշտպանության նախարարության հետ համագործակցության արդյունքում գտնվում են փորձարկման փուլում։ Բացի այդ, ոլորտում ընթացել են բանակին կենցաղային աջակցության գործողություններ՝ սկսած վրանների, կոմպակտ լվացքի մեքենաներից, մինչև կոմպակտ սնուցման աղբյուրների տրամադրում։ Այս առումով բավականին մեծ աշխատանքներ են տարվել։ Եվ երրորդ ուղղությունը՝ հուլիսին «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը» հայտարարեց, որ աջակցելու է այն երիտասարդներին, որոնք ապրիլին խրամատում էին, որպեսզի նրանք մասնագիտություն ստանան, մասնավորապես, ՏՏ ոլորտում և անցնեն աշխատանքի։ Առաջին խումբն արդեն ավարտել է դասընթացները և անցնում է աշխատանքի, իսկ զորացրված 80 երիտասարդներ Հայաստանի տարբեր մարզերում սկսում են եռամսյա դասընթացներ, 50 երիտասարդ էլ այդ դասընթացները կսկսի մոտ օրերս։ Այս պրոցեսը 2017-ին շատ ավելի կընդլայնվի։ Գուցե ձևերը փոխվեն, դասընթացների մի մասն իրականացվի հենց ծառայության ընթացքում։ Բոլորս հասկանում ենք, որ հակառակորդն օգտագործում է բարձրտեխնոլոգիական զենքեր, և մենք պետք է համարժեք պատասխան տանք։ Իսկ բարձրտեխնոլոգիական զենքերը սպասարկող և դրանցով մարտնչող զինվորը պետք է համապատասխան գիտելիքներ ունենա և այդ հմտությունները պետք է սովորի մինչև բանակ գնալը։ Այս առումով, հուսով եմ, զինված ուժերի հետ որոշակի համաձայնության կգանք և մեր ինժեներական լաբորատորիաները կօգտագործենք, որ երիտասարդները մինչև զորակոչվելը մասնագիտանան ավտոմատ կառավարվող զենքերի վրա, և բանակում նրանց ավելի դյուրին լինի սովորել այն զենքերին, որոնք ավտոմատ կառավարման տարրեր են պարունակում։
-2017-ին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ի՞նչ շեշտադրումներ են արվելու։
-Կարծում եմ՝ պետք է ուժեղացվի բանակ-տեխնոլոգիական ոլորտ համագործակցությունը։ Այս համատեքստում բազմաթիվ ուղղություններ կան։ Նախ՝ ուղղակի համագործակցություն բանակի և տեխնոլոգիական ընկերությունների միջև։ Երկրորդ՝ այդ առումով մենք պետք է նախաձեռնենք գիտակրթական, հետազոտական ինստիտուտ։ Ըստ իս՝ հաջորդ քայլը լինելու է պոլիտեխնիկական համալսարանի և բանակի սերտ աշխատանքի կազմակերպումը։ Ընդհանրապես, պոլիտեխնիկ գաղափարն առաջինը ստեղծվել է Ֆրանսիայում, հիմնվել է որպես բանակին սպասարկող բարձրագույն գիտահետազոտական, գիտակրթական հաստատություն։ Եվ պոլիտեխնիկի այդ կոնդիցիան պետք է շարունակվի, ինչը շատ օգտավետ է և պահանջելու է ամբողջությամբ վերափոխել թե՛ բանակում, թե՛ հենց պոլիտեխնիկական համալսարանում կառավարման և գիտական մեխանիզմները։ Ամեն դեպքում տեխնոլոգիական զարգացումն աստիճանաբար սերտաճելու է պաշտպանության համակարգի հետ։ Ակնհայտ է, որ երկրի համար վտանգներն ավելի ու ավելի մեծանում են, և այլ ճանապարհ մենք չունենք։
-2016-ին «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում» Վերահսկիչ պալատի իրականացրած ուսումնասիրությունների հիման վրա հարուցվել է քրեական գործ։ Այս փաստը ընդգծված բացասական արշա՞վ է ՏՏ ոլորտի նկատմամբ։
-Չեմ կարծում, թե դա ոլորտի նկատմամբ արշավ է։ Պարզ է, որ որոշ գործիչներ ենթադրում են, թե այն ապօրինի վարքագիծը, որ իրենք ցուցաբերում են այլ բնագավառների նկատմամբ, կարող են կիրառել նաև տեխնոլոգիական ոլորտի նկատմամբ։ Դա նրանց չի հաջողվի։ Կոնկրետ այս դեպքը, կարծում եմ, կապված է նրա հետ, որ Իշխան Զաքարյանն իր վարքագծով ու բարոյականությամբ չի կարող լուծել այն խնդիրները, որ դրված են երկրի առաջ, և վաղ թե ուշ լքելու է ասպարեզը։ ՈՒստի նա ցանկանում է լքելուց առաջ ցույց տալ, թե լավ էր աշխատում, ու քանի որ նա դա չի կարող ցույց տալ այն սուբյեկտների հետ, ում հետ այս կամ այն կերպ կապված է, որոշել է դա անել ոչ օլիգարխական ոլորտում և ընտրել է մի բնագավառ, որը ոչ մի կապ չունի որևէ մեկի հետ, և այդտեղ է փորձում իրեն ցույց տալ։ Եթե չհաջողի, կասի՝ ուզում էի երկրին օգուտ տալ, չթողեցին։ Կարծում եմ՝ շատ պարզունակ փորձ է, ինչը շատ արագ քանդվելու է, և դրա նախաձեռնողներն իրենց պատասխանը ստանալու են։
-2016-ին վարչապետ Կարեն Կարապետյանը ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ նրանցից ակնկալում է աշխարհացունց ծրագրեր։ Ո՞րն է լինելու Ձեր առաջարկը։
-Մենք ներկայացրել ենք մեր ծրագիրը՝ ՀՀ բոլոր դպրոցներում ապահովել ինժեներական կրթություն։ Սա ունիկալ ծրագիր է, որևէ երկրում չկա նման բան։ Ճիշտն ասած, ես կուզեի, որ, բացի մեր կողմից ներկայացվող ծրագրերից, նաև համապատասխան աջակցություն ստանանք, որը դեռ չկա։ ՈՒշի ուշով սպասում ենք, որ կառավարության արձագանքն էլ կլինի համահունչ։ Մենք ներկայացնում ենք ծրագիր, որը մեզ թույլ կտա մի քանի տարվա ընթացքում աշխատուժը եռապատկել։ Մի քանի տարվա մեջ եռապատկել ինֆորմացիոն և այլ տեխնոլոգիական ոլորտների մասնակցության չափը ներքին պրոդուկտում։ Առայժմ չէի ասի, թե մենք համահունչ պատասխան ստանում ենք։ Բայց սպասում ենք։ Քանի որ վարչապետը նոր է նշանակվել, ենթադրում ենք, որ նա դեռ դիրքավորվում է, և հուսով ենք, որ այդ դիրքավորումն ավարտելուց հետո այն ծրագրերը, որոնք էական հնարավորություն են տալիս երկիրը փոխելու, կստանան համապատասխան աջակցություն։ Խոսքը թե՛ լաբորատորիաների, թե՛ ՏՏ ոլորտը ամբողջ Հայաստանով մեկ տարածելու մասին է։ Չպետք է թողնել այն դեֆորմացված վիճակը, երբ ընկերությունների 99 տոկոսը գտնվում է Երևանում։ Ապակենտրոնացումն էապես կազդի մարզերի զարգացման, արտագաղթի նվազեցման, ներգաղթի կազմակերպման վրա։ Տեխնոլոգիական ներգաղթի կազմակերպումն էապես կախված է լինելու նրանից, թե որքան աշխատուժ կստեղծենք։ Եթե մենք այստեղ բավականաչափ ազատ աշխատուժ ունենանք, համոզված եմ, այն մարդիկ, որոնք արտագաղթել են տեխնոլոգիական ոլորտից և դեռ ամուր կապեր ունեն Հայաստանի հետ, կվերադառնան և լրացուցիչ աշխատուժի հիման վրա, օգտագործելով իրենց կապերը, կստեղծեն նոր ձեռնարկություններ։

Զրուցեց
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 3324

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ