ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

«Գիտության մեջ անհատ հանճարների դարն աստիճանաբար անցնում է»

«Գիտության  մեջ անհատ հանճարների դարն  աստիճանաբար անցնում է»
03.10.2014 | 13:13

«Հոկտեմբերին 7-ին Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա գիտաժողով` նվիրված աստղագիտության և գիտության, մշակույթի տարբեր ոլորտների` միմյանց հետ ունեցած կապին: Հնարավոր է համագործակցություն հաստատվի տարբեր գիտնականների միջև»,- այս մասին տեղեկացնում է Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ ԱՐԵԳ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ, նշելով, որ գիտությունները, երկրի վրա արած հետազոտությունների տվյալներով, կարծես թե հագեցած են, անհրաժեշտ են լրացուցիչ տվյալներ, նոր հեռանկարներ:

-Մասնավորապես, ֆիզիկան վաղուց արդեն ներթափանցել է տիեզերք, կան աստղաֆիզիկա, աստղամասնիկային ֆիզիկա և այլ ճյուղեր,- նշեց աստղագետը:- Կենսաբաններին հետաքրքրում է, թե տիեզերական պայմաններում ինչպես են իրենց դրսևորում տարբեր օրգանիզմներ, ինչպիսի օրգանական նյութեր և օրգանիզմեր կան տիեզերական տարբեր պայմաններում, որ Երկրի վրա չկան: Երկրաբաններին հետաքրքրում են այլ մոլորակների պայմանները, լեռները, գոյացությունները` ի համեմատություն Երկրի վրա մեր ունեցածի: Գիտությունները զարգանում են համեմատությունների շնորհիվ, բայց մյուս կողմից` այլ գիտությունները չունեն հնարավորություն ինքնուրույն ուսումնասիրելու տիեզերքը: Այլապես պետք է մեծ ծախսեր անեին, խոշոր դիտակներ կառուցեին և ինքնուրույն ուսումնասիրեին տիեզերական միջավայրը: Պարզ է, դա ավելի բարդ ճանապարհ է, ավելի հեշտ է համագործակցել աստղագետների հետ: Համատեղությամբ ստացվում են նոր արդյունքներ, և զարգանում են բոլոր գիտությունները:
-Իսկ նույնը կարո՞ղ ենք ասել աստղաբանության մասին:
-Այո, խոսքը, իհարկե, աստղագուշակության մասին չէ, այլ Արեգակի ակտիվության, Լուսնի, խոշոր մոլորակների` մարդու վրա ունեցած ազդեցության: Որպես օրինակ, Երկրի վրա բոլոր մակընթացությունները և տեղատվությունները պայմանավորված են Լուսնի ազդեցությամբ, իսկ մարդը երեք քառորդով ջրից է բաղկացած, ուրեմն մարդու մեջ էլ լուրջ տատանումներ է առաջացնում Լուսինը, ինչը սակայն լավ ուսումնասիրված չէ: Այստեղ պետք է կենսաբանների, աստղագետների, բժիշկների համագործակցությունը: Արեգակի ակտիվության, բռնկումների ժամանակ սրտի կաթվածի, մահացության դեպքերն ավելանում են: Եթե համագործակցություն լինի, նախապես արեգակնային բռնկումների մասին տեղեկացվեն, սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդիկ ավելի ուշադիր կլինեն, հնարավոր է այդ ճգնաժամային պահն անցնի, ու մարդը շարունակի ապրել:
-Ըստ այդմ, կա՞ հետաքրքրություն բժիշկների շրջանում, առհասարակ, ովքե՞ր են մասնակցելու առաջիկա գիտաժողովին:
-Գիտաժողովին մասնակցում են գիտության ներկայացուցիչներ, ովքեր տիեզերքից ստացած տվյալներով կարող են զարգացնել իրենց գիտությունը: Մեծ հետաքրքրություն են ցուցաբերել փիլիսոփաները, որոնք տիեզերքի, ժամանակի, տարածության հարցերով են զբաղվում: Այս տարի մասնակցելու են նաև բժշկական համալսարանից: Առայժմ գիտաժողովը տեղական բնույթ է կրում, հետագայում նախատեսվում է կազմակերպել նաև միջազգային գիտաժողով:
-Բյուրականի աստղադիտարանը ի՞նչ նվաճումներ է գրանցել վերջին տարիներին:
-Ավանդաբար շարունակվում է տիեզերական նոր մարմինների հայտնաբերման գործընթացը: Այսպես կոչված աստղագիտական շրջագայությունների ժամանակ մեզ մոտ հայտնաբերվում են մեծ թվով ակտիվ գալակտիկաներ, գերնորեր, էվոլյուցիայի վաղ շրջանում գտնվող աստղեր, աստղանման տարբեր օբյեկտներ: Հիմա արդեն մեկ առանձին նոր տիեզերական մարմին հայտնաբերելը մեծ իրադարձություն չէ, ինչպես 60-ականներին էր: Բայց ունենք նաև նվաճումներ. էկզոտիկ, արտառոց մի քանի օբյեկտներ ենք հայտնաբերել: Քիչ քանակի դեպքում դժվար է ուսումնասիրություններ կատարելը, օբյեկտների բնույթի մասին եզրակացություն անելը: Ամեն մի հայտնաբերված օբյեկտը նշանակություն ունի: Սրանք են մեր հիմնական նվաճումները:
-Միջազգային ասպարեզում մեր նվաճումները որքա՞ն են ակնառու: Վարկանիշային աղյուսակի ո՞րերորդ տեղում կարող է հայտնվել Հայաստանն աստղագիտությամբ:
-Ըստ «Սկոպուս» շտեմարանի` գիտությամբ Հայաստանը աշխարհում 76-րդ տեղում է: Եթե հաշվի առնենք, որ մեր երկիրն իր տարածքով աշխարհում 143-րդն է, բնակչությամբ` 134-րդը, ստացվում է, որ գիտությամբ մեկ ու կես, երկու անգամ առաջ ենք: Երբ առանձնացնում ենք ֆիզիկա և աստղաֆիզիկա մասնագիտությունները, բարձրանում ենք 53-րդ տեղը, իսկ միայն աստղագիտությամբ` 31-րդը: Այսինքն` աստղագիտությամբ մենք զիջում ենք 30 խոշորագույն երկրներին (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա և այլն), որոնցից առաջ անցնել հնարավոր չէ:
-Ինչո՞ւ է բացառվում առաջատար լինելը, որովհետև չկան ֆինանսական մեծ ներդրումնե՞ր: Մի՞թե գիտական բոլոր խոշոր հայտնագործությունները մեծ ներդրումների արդյունք են:
-Գիտության մեջ անհատ հանճարների դարն անցնում է աստիճանաբար: Ես ուզում եմ հայտնաբերել տիեզերքի ամենահեռավոր գաղտնիքները, բայց ինչպե՞ս, երբ ամերիկացիների ուղարկած սարքը միլիոնավոր անգամ ավելի խոր է տեսնում, քան մարդու աչքը կամ փոքր դիտակները: Տեսնում ես հոդվածներ, որ հարյուրավոր հեղինակներ ունեն, այսինքն, գիտնականների մի ամբողջ խումբ համահեղինակ է: Առանց ներդրումների լուրջ գիտություն զարգացնել հնարավոր չէ, ավելին ասեմ, անգամ, եվրոպական երկրներում միայնակ չեն գործում, համատեղ ներդրումներ են կատարում, ուր մնաց Հայաստանն իր փոքր տնտեսությամբ պայքարեր հզոր երկրների հետ: Զարգացման տեմպն ապահովելու համար ճիշտ տարբերակը համագործակցելն է, ինտեգրվելը զարգացած երկրներին: Գիտության մեջ ներդրման արդյունքը գալիս է մի քիչ ուշ, ասենք, 10 տարի հետո կարող ես արդյունքը տեսնել, բայց դա շարունակական պրոցես է։ Եթե տասը տարի առաջ գործընթացը սկսեինք, այսօր կստանայինք սպասվող արդյունքը:

Հարցազրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1764

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ